...

Բազմաբնակարան բնակելի շենքերի գներն աճել են

Բազմաբնակարան բնակելի շենքերի գներն աճել են

2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ 2020 թվականին առաջին եռամսյակում գործարքներն աճել են 13.5 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կադաստրի պետական կոմիտեից:

2020 թվականի առաջին եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 42,720 գործարք, որը 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 21.6%-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել 13.5 %-ով:

Երևան քաղաքում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 3.2 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 12.1 %-ով:

Մարզերի քաղաքներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.4 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` 6.6 %-ով:

Կորոնավիրուսով պայմանավորված, սակայն, այս շուկայում առաջիկա ամիսների կանխատեսումները հուսադրող չեն:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սովորաբար ճգնաժամային պայմաններում վարձով տների գներն ընկնում են:

Թեմային անդրադարձել էինք: «ՉԻ»-ի հետ զրույցում անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչները փաստել էին, որ կորոնավիրուսի հետևանքով անշարժ գույքի շուկան կաթվածահար վիճակում է գտնվում: Նրանց կանխատեսմամբ՝ ոչ միայն օրավարձով տների վարձերը կնվազեն, այլև՝ բնակարանների գները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ