...

Կորոնավիրուսը, դոլարն ու շինարարական բումը

Կորոնավիրուսը, դոլարն ու շինարարական բումը

Անշարժ գույքի շուկան կաթվածահար է եղել

Կորոնավիրուսի համաճարակից տուժեց նաև անշարժ գույքի շուկան: Արտակարգ դրության պայմաններում անշարժ գույքի ոլորտի ներկայացուցիչները հայտնվել են դժվարին իրավիճակում, շուկան էլ կաթվածահար է եղել:
Արդեն մեկ ամսից ավել է՝ «Էլեն Ռիելթի» անշարժ գույքի գործակալությունում որևէ գործարք չի կնքվում:

Առք ու վաճառքի գործընթացները սառեցվել են արտակարգ դրություն հայտարարվելուց հետո, միայն կիսատ թողած գործերն են ընթացքի մեջ: «Էլեն Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդգար Բաղդասարյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց, որ երբ արտակարգ դրությամբ պայմանավորված մարդկանց տեղաշարժը սահմանափակվեց, ոլորտում նույնպես շարժը կանգնեց:

«Մարդիկ պետք է գնան գույքը տեսնեն, բայց ոչ ոք չի էլ զանգում և չի էլ հետաքրքրվում, որովհետև, եթե ինչ-որ բան էլ պատրաստ լինեն գնելու կամ վարձակալելու, պետք է գնան, նայեն, իսկ դա չեն կարող անել տեղաշարժի սահմանափակումների պատճառով»,- նկատեց գործակալության ղեկավարը:

Ոլորտի մասնագետի խոսքով՝ այս ճգնաժամային իրավիճակով պայմանավորված բնակարանների գները կընկնեն: Բայց Բաղդասարյանը նշում է, որ բնակարանների արժեքի նվազման պատճառը միայն համաշխարհային ճգնաժամը չէ:

«Եթե այս կորոնավիրուսն էլ չլիներ, մեկ է Հայաստանում տների գներն ընկնելու են, որովհետև մեր երկրում մեծ ծավալներով շինարարություն է սկսվել: Իսկ դա ռեալիզացնել է պետք: Կանխատեսելի էր, որ լճացում տեղի կունենա: Եթե անցյալ տարվա ընթացքում միայն 16 հեկտար հողատարածք են գնել Արաբկիրում շենք կառուցելու համար, պատկերացնո՞ւմ եք՝ այդքանը կառուցվի: Շատ նախագծեր էլ դեռ քննարկման փուլում են: Օրինակ՝ Դալմայի տարածքում էլ են նախատեսվում շինարարական աշխատանքներ: Այլ տարածքներում ևս նախատեսվում են բարձրահարկ շենքեր կառուցել: Այս տարվա վերջին գները կսկսեն իջնել»,- մատնանշեց նա:

Բացի սա, անշարժ գույքի շուկայի վրա մեծ ազդեցություն ունի նաև դոլարի փոխարժեքը: Երբ դոլարի փոխարժեքը բարձրանում է, անշարժ գույքի շուկան մեռնում է:

«Նույնը նաև փոխարժեքն իջնելու դեպքում է: Այսինքն, եթե բարձրանում է՝ առնողը չի առնում, եթե իջնում է՝ վաճառողը չի վաճառում: Հայաստանի անշարժ գույքի շուկան մի քիչ յուրահատուկ է: Նայեք՝ Ռուսաստանում ինչքան էլ դոլարի գինն ընկնի կամ բարձրանա, անշարժ գույքի շուկայի վրա չի ազդում, որովհետև իրենք ռուսական ռուբլով են առևտուրն անում, բայց մենք դոլարի ենք սովոր: Երբ դոլարը 5 դրամից ավել տատանում տվեց, անշարժ գույքի շուկան կաթվածահար է լինում: Մեր ազգի մեջ էլ մի այսպիսի բան կա. մարդն իր տունը 100000 դրամով վարձով է տվել, եթե դոլարի փոխարժեքը 500 դրամ է, ասում է՝ ինձ 100000 դրամ վճար տուր, հենց դոլարն իջնում է, էլի է ասում, որ 100000 դրամ տուր, բարձրանում է, ասում է՝ 200 դոլար տուր, որովհետև այդ ժամանակ դոլարի գինն այդքան էր»,- ասաց նա:

Օրավարձով տները կէժանանան

Գործակալության տնօրենի կանխատեսմամբ՝ առաջիկայում բնակարանների գները կնվազեն մոտ 30 տոկոսով, հետո հնարավոր է՝ ավելի էժանանան:

Անշարժ գույքի շուկային օրեր առաջ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ վարչապետը հայտարարել էր, որ սովորաբար ճգնաժամային պայմաններում վարձով տների գներն ընկնում են:

Էդգար Բաղդասարյանը, սակայն, կարծում է, որ վարձով տրվող ոչ բոլոր տների գները կնվազեն:

«500 դոլարից ներքև գնվող տների գները կէժանանան: Այսինքն՝ օրավարձով տների գները կնվազեն, որովհետև զբոսաշրջիկների թիվը ևս նվազել է, հանգստացնողներ քիչ կգան մեր երկիր: Օրավարձով տրվող բնակարանների, հյուրասենյակների պահանջարկը կնվազի: Երկարաժամկետ տրվող բնակարանների գները չեն փոփոխվի: Մեկ ամիսը 100000-200000 դրամով տրվող տների վարձերը չեն էժանանա: Մարդիկ դրանք վերցնում են վեց ամսով կամ մեկ տարով: Դրանց գինը չի ընկնի, որովհետև մարդիկ, եթե չեն կարողանում տուն գնել, գոնե պետք է վարձով վերցնեն»,- իր դիտարկումները ներկայացրեց մասնագետը:

Չի շտապում թվերի տեսքով խոսել շուկայի կրած ֆինանսական կորուստների մասին: Ասում է՝ ոլորտն այն վիճակին է հասել, որ շատ անշարժ գույքի գործակալություններ կփակվեն: Հատկապես նոր ստեղծված գործակալությունների հետագա ճակատագիրն է հարցականի տակ դրված: Լավատեսական կանխատեսումներ չունի նաև շինարարության հետագա ծավալների վերաբերյալ: Պարետի որոշմամբ արդեն թույլատրվում են բացօթյա շինարարական աշխատանքները:

«Շինարարության ծավալները կկրճատվեն՝ բնակարանների պահանջարկով պայմանավորված: Միանշանակ է, որ տների պահանջարկը կնվազի: Շինարարություն անելու համար էլ ներդրումներ են պետք՝ շենքը սկսում են սարքել, բայց կառուցապատողն այդքան գումար չունի, պահանջվող գումարի շուրջ 40 տոկոսն ունի, իսկ 60-70 տոկոսն ընթացիկ վաճառքից է ուզում վերցնել և ներդրում անել: Շատ շինարարական կազմակերպություններ էլ կամ իրենց գործը կիսատ կթողնեն, կամ կսնանկանան»,- հավելեց մասնագետը:

Ըստ գործակալության ղեկավարի՝ շուկայի հետագա վիճակը կախված կլինի պետության կողմից կատարվող միջոցառումներից, թե կառավարությունն ինչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգա հօգուտ անշարժ գույքի բիզնեսի:

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ