...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

20 տարվա բեռի տակ են մտել

Այսպիսով մտնում ենք սահմանադրական դատարանի հարցով հանրաքվեի փուլ: Սա էլ է բավական հետաքրքիր, թե ինչպես են դրան պատրաստվում իշխանությունները և ինչպես՝ ընդդիմությունը: Իշխանությունների դեպքում պարզ է, հիմնական շեշտը դրվելու է ժողովրդի իմաստնության վրա, Սահմանադրական դատարանում բարիկադավորված խմբի վտանգների և այն կարևոր փոփոխությունների վրա, որոնք երկրում տեղի կունենան ՍԴ ճգնաժամը լուծելուց հետո: Այստեղ ամեն ինչ կանխատեսելի է:

Ընդդիմության դեպքում արտառոց իրավիճակ է. ընդդիմությունը, ավելի ճիշտ կլինի ասել՝ հակահեղափոխական ուժերը, որոշեցին ՈՉ-ի շտաբ չստեղծել, քարոզչություն չիրականացնել, այլ միայն քոչարյանա-միշիկական մեդիադաշտում ամեն օր քննադատել ու զգուշացնել, թե Հայաստանը ինչպիսի վտանգավոր, ապոկալիպտիկ աղետների է ենթարկվելու, եթե հանրաքվեում ժողովուրդը ԱՅՈ ասի իշխանությունների մտադրություններին:

Սա հերթական անգամ ցույց է տալիս հակահեղափոխական դաշտի խղճուկ պատկերը: Մարտավարությունը հասկանալի է. իրենք գիտակցում են, որ 20 տարի ժողովրդի դեմ պատերազմելուց և Հայաստանը տնտեսապես, բարոյապես քամելուց, մաշեցնելուց հետո մարդկանց երեսին նայելու հնար չունեն, իսկ ինչ ասեն, ժողովուրդը ճիշտ դրա հակառակն է անելու: 

Դավաճանության և դեմագոգիայի արանքում

ՈՉանման ինչ-որ շտաբ ստեղծվել է, բայց այնտեղ ներգրավված են փաստաբաններ, իրավաբաններ, որոնք հայտարարում են, թե իրենք քաղաքական գործիչներ չեն: Ու պիտի հերթական անգամ փաստենք, որ հակահեղափոխական ուժերի համար հայրենիք, պետություն, արժանապատվություն հասկացությունները սոսկ բառեր են, որոնք միայն ելույթներում արտաբերելու համար են: Որովհետև մի կողմից մարդիկ հայտարարում են, թե հայրենիքը վտանգի տակ է, սրանով Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում բռնապետություն հաստատել, Արցախի հարցում զիջումներ անել, պետականությունը փոշիացնել, պետությունը դարձնել օտար երկրների խամաճիկը, մյուս կողմից՝ հայտարարում են, թե չեն մասնակցելու հանրաքվեին ոչ մի ձևով, քարոզարշավ չեն իրականացնելու, ոչինչ չեն անելու: 

Համաձայնեք, եթե հայրենիքի ճակատագիրը վտանգի տակ է, պետությունը կարող է կործանվել, ի՞նչ պետք է անի նորմալ քաղաքացին. պետք է նետվի հայրենիքը փրկելու: Իրեն չխնայելով ամեն ինչ անի, որպեսզի խափանի հակառակորդի, վատ իշխանության, ոսոխի մտադրությունները և փրկի հայրենիքը: Բայց եթե մարդն ասում է, որ հայրենիքը վտանգի տակ է, բայց ես գործ չունեմ այդ ամենի հետ, չեմ մասնակցելու հայրենիքի փրկության գործին, ինչպե՞ս բնութագրել այդ մարդուն. կամ դավաճան է, կամ էլ՝ դեմագոգ: Թեպետ հայրենիքի հանդեպ դեմագոգությունը նույնպես դավաճանության տարրեր է պարունակում:

Ո՞րն է, բաբո, ձեր հայրենիք

Ու հայրենիքի փրկության գործը թողել են ինչ-որ անանուն, անհասկանալի դեմքերի, որոնց մի մասին գիտենք որպես Քոչարյանի ֆանատներ: Ենթադրում ենք, որ այս ֆանատները թքած ունեն հայրենիքի վրա, նրանք խաղի մեջ են մտել Քոչարյանի փրկության համար: Այսինքն, իրենց հայրենիքը Քոչարյանն է: Ու 20 տարի հենց այս հոգեբանությամբ էլ երկիրը ղեկավարել են: Իրենց համար հայրենիքը տնտեսական դաշտն է եղել, որի յուղոտ պատառները ազգուտակով իրար մեջ բաժանել են, հայրենիքը իրենց իշխանական աթոռներն են եղել, հանուն որոնց հայրենիքի ունեցվածքը, ստրատեգիական նշանակության օբյեկտները նվիրել կամ պարտքի դիմաց հանձնել են օտար երկրներին: Որ ասում էին՝ հայրենիքը վտանգված է, նշանակում է, իրենց իշխանությանը վտանգ էր սպառնում, հետևաբար, իրենց իմացած վիրտուալ հայրենիքը պաշտպանելու համար սահմաններից հանում ու Երևան էին բերում իրական հայրենիքը պաշտպանողներին:

Իրենց պատկերացրած հայրենիքում քաղաքացին ընդամենը կոշիկ սրբելու օբյեկտ էր, իրենց հայրենիքը աֆրիկյան սավաննա էր, որի զուգարաններում կարելի էր շատ էժան գներով մարդ սպանել:  

Վանո Սիրադեղյանը սրանց մասին լավ է ասել, որ պատմական հայրենիքը գերադասում են իրական հայրենիքից, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի:

Հիշվող պատմություն՝ վախկոտների համար

Որպես վերջին շտրիխ. պարզապես բերենք ՀԱԿ-ի օրինակը: Հրայր Թովմասյանի մոգոնած սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին Կոնգրեսը իր սահմանափակ ռեսուրսներով, գործնականում առանց ֆինանսների, առանց իր նախկին անդամների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՈՉ-ի քարոզչություն անցկացրեց և շշմեցուցիչ արդյունքի հասավ. Սահմանադրական փոփոխություններին «ոչ» էր քվեարկել 421,5 հազար ընտրող: Այսինքն, մարդիկ աշխատել էին, չարչարվել, ընդունել գործող իշխանությունների հարվածները և ժողովուրդը դեմ քվեարկեց Հրայր Թովմասյանի կողմից Սերժ Սարգսյանի հագով կարած Սահմանադրությանը: Պարզ է, որ իշխանությունները ստիպված էին ահռելի ռեսուրսներ ծախսել, ընտրակեղծիքների, կաշառքների ողջ մեխանիզմը գործի դնել, որպեսզի փրկեն իրավիճակը և իրենց ուզած արդյունքները նկարեն: Но это уже совсем другая история: 

Սա ուղղակի հիշեցրինք, որ հասկանաք, թե միլիոնների մեջ լող տվող նախկին օլիգարխները, ավազակները, իշխանություն զավթած ու Մարտի 1 կազմակերպած ոճրագործները ինչպես են վախենում ժողովրդի շրջանում քարոզչություն իրականացնելուց: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   2576 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ