...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Ամենուրեք ծանր կորուստներ

Անցած շաբաթը... իսկ շաբաթը ի՞նչ, այն այնպիսին էր, ինչպիսին՝ նախորդները: Թերևս, ճիշտ կլինի անդրադառնալ այս շաբաթվա այն իրադարձություններին, որոնց հիման վրա կարելի է որոշ չափով գնահատել իշխանությունների վերջին երկու տարվա գործունեությունը:

Միանգամից ասենք, որ շատ վատ պատկեր է ստացվում: Չափազանց վատ: Այն ակնկալիքները, որոնք մենք ունեինք հեղափոխական իշխանություններից՝ հեղափոխությունից հետո, որևէ աղերս չունեն իրականության հետ:

Ազատ և անկախ հանցագործներ

Դատական իշխանությունը. բացարձակապես տապալել են բարեփոխումները: Տարիներ շարունակ իշխանություններին հլու-հնազանդ սպասարկող, պատվերներ կատարող դատավորներն իրենց տեղում են, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, ոչ ոք նրանց չի փոխարինել: Նոր դեմքեր չեն հայտնվել: Եթե հեղափոխությունից հետո դատական համակարգը ինչ-որ պահ երերում էր, դատավորները վախի դոզայի տակ էին, հիմա այդ ժամանակներն անցել են: Հիմա բացահայտ շարունակում են սպասարկել նախկին իշխանություններին: Ուշադրություն դարձրեք. նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չի պատժվել, ոչ ոք չի ազատազրկվել, ոչ ոք պատասխան չի տվել իր հանցագործությունների համար: Բոլորը ազատության մեջ են, բացառությամբ՝ Գագիկ Խաչատրյանի, նա էլ շուտով երևի ազատ արձակվի. ումի՞ց է պակաս:

Այդ առումով հատկանշական է «Մարտի 1-ի» գործը: Ըստ էության, այն մարմանդ գնում է դեպի տապալում: Քոչարյանը, այն Քոչարյանը, որը 2018-ին վախենում էր նույնիսկ ասուլիս տալ, հիմա ոտը-ոտին գցած տալիս է, հանգիստ ֆռֆռում է, սելֆիներ է անում, աջուձախ հարցազրույցներ տալիս: Այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտք են «Մարտի 1-ի» ոճրագործության զոհերի հարազատներին ու քաղբանտարկյալներին, և «Մարտի 1-ի» գործի տապալումը նրանց խղճին է լինելու:

Կոսմետիկ տունտունիկ  

Սահմանադրական դատարանի բարեփոխումներ. կատարյալ ֆիասկո է: Կասեն, չէ, ո՞նց, բա չտեսա՞ք, 3 հոգու հանեցին ՍԴ-ից, Հրայր Թովմասյանին էլ զրկեցին ՍԴ նախագահի կարգավիճակից: Միանգամից ասենք, որ դա լուծում չէր, ավելի ճիշտ, կոսմետիկ լուծում էր: Նախ, դատավորի կարգավիճակից զրկվածները դիմել են ՄԻԵԴ, դեռ պարզ չէ, ինչ որոշում այնտեղ կկայացնեն, երկրորդ՝ ՍԴ-ում շարունակելու են պաշտոնավարել դատավորներ, որոնք ոտից-գլուխ թաղված են հանցագործությունների, հանցագործություններ պարտակելու, ՍԴ-ն նախորդ իշխանություններին սպասարկելու, նրանց հագով Սահմանադրություն կարելու մեջ: Այսինքն, ՍԴ-ն այդպիսի կազմով չի կարող ծառայել իր բուն նպատակին. օրինականությանը: Այն շարունակելու է ապակայունացման օջախ մնալ:

Եվ վերջապես, կոսմետիկ է, որովհետև ի՞նչ տարբերություն, Ալվինա Գյուլումյա՞նն է ՍԴ-ում լինելու, թե՞ Վահրամ Ավետիսյանը: Եթե այդպես էր, թողեիք, մնար, հետը լեզու գտնեիք, իսկ եթե նրա փոխարեն պետք է բերեք նրա էությամբ և բովանդակությամբ մեկին, սրա ի՞նչն է բարեփոխում: Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Ոնց որ ձեռ առնեն: Ու հարցը արդեն Վահրամ Ավետիսյանի հոր գործոնը չէ: Հարցը հենց ինքն է՝ Վահրամ Ավետիսյանը, որը, ինչպես պարզվում է, լավ էլ սպասարկել է նախորդ իշխանություններին, թաղված է հազար ու մի կասկածելի գործարքներում, հիմա էլ փորձում է թաքցնել իր անցյալի մութ էջերը: Այնքան հարմար թեկնածու է, որ մի ընտանեկան լրատվամիջոց հանուն նրա «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին մատնիչներ է համարում: 

Սևանն ու անտառները

Բնապահպանություն. աղետ է: Սևանա լիճը շարունակում է մամռակալել, ձկնորսությունը լրիվ բարձիթողի վիճակում է, այսօր կարող եք Երևանի ցանկացած հատվածում 100-150 դրամով թարմ սիգ գնել: 

Իջևանում մի պահ աղմուկ բարձրացավ ծառահատումները արգելելու պատճառով, մի քանի հոգու կարծես թե պատժեցին, բայց հիմա ծառահատումները նոր թափ են հավաքել. ոչ մի վերահսկողություն չկա: Տավուշի մարզ, Կոտայք, Աղվերան, Ծաղկաձոր... ծառ է, որ հատում են:

Ամուլսարի իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունները չունեն այնքան քաղաքական կամք և ցանկություն, որ վերջապես լուծեն այդ թնջուկը: Ամուլսարը շահագործելու ցանկություն ունեցողների ձեռքը մի ողջ տարածաշրջան կրակն է ընկել: Իշխանությունները մի կողմից ցանկանում են դրա հաշվին վարկանիշ պահել, իբր թե զբաղվում են, բայց իրականում աջակցում են բնապահպանական աղետի ջատագովներին: Հիմա էլ նոր նախարար են բերելու՝ Ռոմանոս Պետրոսյանին: Ի՞նչ ասենք. նման իրավիճակներում չենք նախանձում իրեն: 

Կրտված կրթություն

Կրթական համակարգ. չգիտենք էլ, որ մեկը ասենք: Ընդունելության վերջին քննություններն այնքան խայտառակ ընթացք ունեցան, որ տարիներով են հիշվելու: Երբ որ 20 բալ ստացածը հանկարծ ու չի ընդունվում բուհ: Ոլորտի ղեկավարները՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ոնց որ դիտմամբ ամեն ինչ անեին հասարակությանն իրենց դեմ հանելու համար: Ընդհանրապես որևէ բարեփոխում չի եղել, ոչ մի ռազմավարություն, ոչ մի ծրագիր, ոչ մի պատկերացում, թե ինչ անել, որտեղից սկսել, որը թողնել: Շաբաթը մեկ մի բան են մոգոնում, շաբաթը մեկ էլ նոր զավեշտի ականատեսն ենք դառնում: 

Բուհերում խորհրդային կարծրատիպերը ոնց եղել են, այդպես էլ շարունակում են մնալ: Անկախ Հայաստանի պատմությունը դասավանդում են մարքսիզմ-լենինիզմի փիլիսոփաները, իրավագիտությունը շարունակում են դասավանդել կոռումպացված դատավորները, դատախազները, գործ կարած իրավաբանները: 

Առանձին դեռ մյուս ոլորտներին էլ կանդրադառնանք, ուղղակի ասենք, որպետք չէր սրա համար հեղափոխություն անել: Եթե պիտի իշխանության գայիք, որպեսզի շարունակեք այն, ինչ արվում էր մինչև հեղափոխությունը, ավելի լավ է, տանը մնայիք:  

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ