...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Պատերազմի «լևելները»

Շուտով լրանում է Արցախյան երկրորդ պատերազմի մի ամիսը: Մի կողմից, սա շատ երկար ժամանակահատված է՝ հաշվի առնելով պատերազմի ինտենսիվությունը, համեմատած 2016-ի Ապրիլյան պատերազմը, մյուս կողմից շատ կարճ ժամանակահատված է, եթե համեմատենք 1990-ականների պատերազմի հետ: Հետևաբար, առայժմ դեռ վաղ է ինչ-որ հետևություններ անել, առավել ևս՝ կանխատեսումներ, թե երբ այն կավարտվի, ինչ ընթացք կստանա:

Մյուս կողմից, այս պատերազմը մի քանի՝ այսպես ասած, «լևել» ունի: Առաջինը՝ այն պատերազմ է Ադրբեջանի և Արցախի միջև: Երկրորդ՝ այն պատերազմ է Ադրբեջանի, Թուրքիայի և Արցախի միջև: Երրորդ՝ Ադրբեջան, Թուրքիա, որին դիմագրավում են Արցախն ու Հայաստանը: 

Բայց վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ այս պատերազմում կան նաև առայժմ չերևացող «լևելներ»: Դա Իրան-Թուրքիա, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն են, որոնք, Արցախյան պատերազմով պայմանավորված, կարող են լուրջ հակասությունների առիթ դառնալ: Համենայնդեպս, թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը ներկայումս զորավարժություններ են իրականացնում: Ռուսները՝ Կասպից ծովում, Ապշերոնի թերակղզուն բավական մոտ, իսկ Իրանը՝ հենց Արաքսի այն ափին: Ընդ որում, երկուսն էլ հակաօդային պաշտպանության համակարգերն են գործարկում: Սա մասամբ պատասխան է Թուրքիայի կողմից Ադրբեջանի և Նախիջևանի երկինքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու քայլին: Մենք հիմնականում անդրադարձել ենք թուրքական օդուժի և ԱԹՍ-ների աշխատանքին Ադրբեջանում, բայց Նախիջևանում էլ դրանք պակաս ակտիվ չեն:

Ռուսաստանի երկընտրանքները

Ռուսական գործոնի մասին այս շաբաթ ավելի շատ սկսեցին խոսել: Նախ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստովանեց, որ հրադադարի հասնելու ուղղությամբ իրենց ջանքերն առաժմ արդյունք չեն տվել: Մյուս կողմից՝ ռուսական քաղաքագիտական և փորձագիտական շրջանակները թեպետ զգուշավորությամբ, բայց նշում են, որ այս պատերազմի դադարեցման, կարգավորման, զինադադարի շատ բանալիներ Մոսկվայում են գտնվում: Սակայն կա նաև հայելու մյուս կողմը: Այն, որ Ռուսաստանը նույնպես բարդ վիճակում է: Պատժամիջոցների տակ կքված Ռուսաստանը Թուրքիայի հետ ունի երկարաժամկետ տնտեսական ծրագրեր, գազի «տրուբեն» նոր են քաշել Սև ծովի հատակով մինչև Ստամբուլ, C-400 զենիթա-հրթիռային համալիրների վաճառք են իրականացրել, Սիրիայում համատեղ են վերահսկում իրավիճակը, այսինքն՝ Թուրքիայի հետ հաստատվել է որոշակի հարաբերությունների այնպիսի մակարդակ, որ դրանք ստիպված են հաշվի առնել ու ծանրութեթև անել:

Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները նույնպես կարևոր գործոն են: Սակայն, մյուս կողմից էլ, Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն արդեն բախում է Ռուսաստանի հարավային դարպասները: Եթե Թուրքիան լիակատար վերահսկողություն սահմանի Ադրբեջանի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական դաշտում, ապա Ռուսաստանի համար շատ մեծ գլխացավանք է առաջանալու: Հյուսիսային Կովկասը դառնում է ահաբեկչական կենտրոնների թիրախավորման շրջան: Չեչենական պատերազմի օրինակով կարելի է ասել, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Մոսկվայի համար: 

Դավադրապաշտների տեսություններ

Իսկ պատերազմը շարունակվում է: Այն, որ դա երկար է տևելու, հայտարարեցին թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի ղեկավարները: Բայց մինչև նրանց հայտարարելը ներքաղաքական դաշտում արտառոց փաստ գրանցվեց. հանդիպեցին Արցախի ու Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները: Մեզ թվում է, թե ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և կքննարկվի Արցախի պատերազմում առկա իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը՝ երկարատև պատերազմի պատրաստվելու վերաբերյալ, շատերը համարեցին պատասխան Հայաստանի նախկին ղեկավարների հանդիպմանը և կարմիր գիծ քաշելու պես մի բան: Այսինքն՝ հրադադար չի լինելու, քանի որ դրա դիվանագիտական հիմքերը չկան: 

Մի ընտանեկան լրատվամիջոց էլ գրել էր, որ Հայաստանի նախկին ղեկավարները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը: Այսինքն՝ համ այն են ասում, համ էլ՝ սա: Մինչդեռ կարելի է պարզապես արձանագրել, որ Հայաստանի նախկին ղեկավարները իրավիճակից ելնելով, ներքաղաքական դաշտում համախմբման փորձ են անում, գումարած՝ դրսին են ազդակներ հաղորդում: Թե չէ նորից դրել, մեր վերլուծաբաններից ոմանք դավադրապաշտական ինչ-որ տեսություններ են զարգացնում: Մոռանալով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք որևէ իշխանության թիկունքից չի հարվածել, առավել ևս՝ նրանց թիկունքում դավադրություններով չի զբաղվել: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ