...

Ագենտուրան մրմռում է

Ագենտուրան մրմռում է

Խոստումնալից տարի է

Տարին նոր է սկսվել, բայց տեսա՞ք, ինչքան խոստումնալից է: Դեռ խոզի բդի ոսկորի վրայից մսի վերջին մասունքները չէինք հասցրել պռճոկել, իսկ արդեն հասցրեցինք Ղազախստանը փրկել: Անձամբ Նիկոլ Փաշինյանը փրկեց: Ու հիմա ղազախները մեզ ապագա են պարտք: 

Ենթադրում ենք, որ դեռ երկար ենք ղազախլամիշ լինելու, այդ իսկ պատճառով մենք մեկ ուրիշ թեմայի անդրադառնանք: Այն, որ քոչարյանականները սկսել են հպարտանալ մարտի 1-ի ոճրագործությամբ, սրան էլ դեռ կհասնենք:

Խավարասերները լույսից փախչում են

Ուրեմն, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի անունով որոշում կայացվեց ՀԱՊԿ ուժեր ուղարկել Ղազախստան, լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել էր.

«Հավանաբար, ճիշտ կլիներ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հուշերում գրեր:

Ուրեմն, 1992-1993 թվականին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինն առաջարկել էր համատեղ հայ-ռուսական զորք մտցնել Վրաստան: Դա մեր կողմից կարող էր մի հատ ռուսական ԲՄՊ լինել՝ հայկական դրոշով: Անվտանգության խորհրդում Վազգեն Սարգսյանը ոգևորված է եղել՝ այստեղ պոստ կդնենք, այնտեղ կդնենք: Աշոտ Մանուչարյանը՝ նույնպես: Բայց Լևոնն ի վերջո մերժեց Ելցինին՝ չնայած մեր վիճակը նախանձելի չէր՝ կռիվ, ցուրտ, մութ և այլն: Նաև կարողացավ բացատրել Ելիցինին, թե ինչու է մերժում:

Իսկ իր մերձավոր շրջապատին Լևոնը բացատրեց այսպես՝ այս պահին դա կարող է որոշակի առավելությունների բերել, բայց պատմական առումով խորը բացասական հետք կթողնի հայ-վրացական հարաբերությունների վրա»:

Բնականաբար, այս գրառման տակ անմիջապես հայտնվեցին քոչարյանա-դաշնակա-աժմական խավարասերները: Ո՞նց, էս ի՞նչ է ասել, ո՞նց թե Լևոնին դրական լույսի ներքո են ներկայացրել: Զգում ես, որ սրանց համապատասխան տեղը մրմռում է: Բայց դրանցից մեկի, մի դաշնակի, գրառումը մեզ հետաքրքրեց: Ինչու ենք ասում՝ դաշնակի, որովհետև լրիվ համապատասխանում էր դաշնակցական չափանիշներին. ֆեյսբուքյան ամբողջ էջը Մուշ, Արդահան էր, Ծովից-ծով, զենք ու զրահ, հայրենիքը փրկելու կոչեր ու ինքն էլ ապրում է... Լոսում: 

Հիմա սա Թաթուլին գրել է. «Ի՞նչ ընես Լէոնն է, ԱՄՆ և Իսրայելի գործակալը»: ԱՄՆ-ի քաղաքացուն դուր չի գալիս, որ Լևոնն իր երկրի գործակալն է, բայց դա հեչ: 

Էն ո՞վ էր գործակալներից խոսում

Սրանք՝ էս դաշնակները, քոչարյանականները, պալատական մտավորականները, ավելի քան 20 տարի բարբաջում են, թե Լևոնը Իսրայելի գործակալ է: Ամենահիշարժանը, իհարկե, 2008 թվականին էր, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ռոբի կարգադրությամբ Արմենչիկն ու Մայրապետյան Սամվելը մի ֆիլմ թողարկեցին ու ամեն օր տարածում էին Հ2-ով: Իհարկե, գյադաների ժամանակներն էին, բայց սա մի քիչ շատ ավելի գյադայական էր: Ավելի նողկալի բան չէին կարող անել: Ֆիլմը ծայրից ծայր զրպարտանքներ, հայհոյանքներ էր Տեր-Պետրոսյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին: Որ Առաջին նախագահը սիոնիստական գործակալ է, էս է, էն է: Ախր սրանց տակն էնքան կեղտ կա, ամիսներով կպատմենք: Հիմա որ սրանք գոռում են, թե մեզ զրպարտում են, մեր ընտանիքի անդամների մասին են գրում, դագաղի տեսարաններ են սարքում... այս բոլորը իրենք են արել, ու այս ոլորտում սրանց հասնող չկա: 

Ու մինչև հիմա զառանցում են Տեր-Պետրոսյանի գործակալ լինելու մասին: Դե, եկեք փաստերով խոսենք:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր պաշտոնավարման տարիներին ոչ մի անգամ պաշտոնական այց չի կատարել Իսրայել: Միայն մեկ անգամ, 1995 թվականին, Իսրայել է մեկնել՝ մասնակցելու Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի հուղարկավորությանը: Ավելին, նրա օրոք Հայաստանն այդպես էլ դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց Թել Ավիվի հետ: Սրա հետ մեկտեղ, Տեր-Պետրոսյանը պաշտոնական այցով եղել է Եգիպտոսում, Սիրիայում, երեք անգամ էլ՝ Իրանում: Այսինքն՝ հակաիսրայելական դիրքորոշում ունեցող պետություններում: 

Համեմատության համար, Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը երբեք պաշտոնական այցով Սիրիայում չեն եղել: Մի անգամ Քոչարյանը գնացել է Սիրիա՝ Հաֆեզ Ասադի թաղմանը, Օսկանյանն էլ աշխատանքային այց է կատարել, ու վռազ հեռացել, քանի որ մինչև հիմա վրան հոդված կա՝ դասալքության: Իսկ Տեր-Պետրոսյանի օրոք Սիրիա պաշտոնական այց են կատարել նաև երկու արտգործնախարար, ԱԺ նախագահ և վարչապետ:

Ավելին ասենք. էս դաշնակները, որ այսպես բարբաջում են, գիտե՞ք, որ Սիրիայում ՀՅԴ բազմաթիվ անդամների են դատապարտել... Իսրայելի օգտին լրտեսություն անելու համար: Քանի՞ հոգի գիտի այս մասին: Պետք լինի, դատապարտման վճիռներն էլ կներկայացնենք: Ու Իսրայելի գործակալները Լևոնին են Իսրայելի գործակալ համարում:

Հաջորդը. իսկ դուք լսած կա՞ք, որ Քոչարյանի օրոք Իրանը հետ է կանչել իր դեսպանին: Եթե ճիշտ ենք հիշում, մոտ տարիուկես Իրանը Երևանում դեսպան չուներ: Պատճա՞ռը... Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի խաղերն էին Իսրայելի հետ: Վարդան Օսկանյանը Իրան-Իսրայել հարաբերությունների մասին հայտարարություններ էր արել, Իրանը զայրացած հետ կանչեց դեսպանին: Բացառված է, որ Տեր-Պետրոսյանի օրոք նման բան լիներ: Դրա համար էլ Իսրայելից կիլոմետրերով հեռու է մնացել, քանի որ Իրանի հետ հարաբերություններն ավելի է արժևորել:

Հիմա մենք չէ, դուք ասեք. այսքանից հետո ո՞ւմ կարելի է Իսրայելի գործակալ համարել: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ