...

Ձևավորվում է հակաթուրքական տնտեսական կոալիցիա

Ձևավորվում է հակաթուրքական տնտեսական կոալիցիա

«ՉԻ» զրուցակիցն է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

- Պարոն Մարգարյան, ի՞նչ հետևանքներ կունենա թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման ժամանակավոր դադարեցումը մեր տնտեսության վրա, արդյոք ցնցումներ կլինե՞ն:

- Բացառվում է, որ թուրքական ապրանքների ներկրման դադարեցման հետևանքով տնտեսության մեջ ցնցումներ լինեն: Թուրքիայի հետ մեր առևտրաշրջանառությունը չնչին ծավալներ ունի: Չէի ասի, որ թուրքական ապրանքները որակական բարձր հատկանիշներ ունեն: Այո՛, Թուրքիայից որոշ ապրանքներ են ներմուծվում՝ կոշկեղեն, շինանյութ, հագուստ, քիմիական արդյունաբերության արտադրանք, նաև ցիտրուսային մրգեր: Նախորդ տարի առևտրաշրջանառությունը 286 մլն դոլար է կազմել, դա չնչին ծավալ է, եթե համեմատում ենք մեր ընդհանուր առևտրաշրջանառության ծավալների հետ: Թուրքիան երբեք չի թաքցրել իր թշնամական վերաբերմունքը, դեպի իր շուկա մշտապես խնդիրներ է ստեղծել հայ արտահանողների համար: Իսկ ներկա պահին սա և՛ քաղաքական, և՛ հոգեբանական նշանակություն ունի: Կարծում եմ՝ այս պահին տեղին չեն այն կոչերը, որ չպետք է գնել թուրքական ապրանքներ: Այն ապրանքները, որոնք Հայաստան են ներկրվել, արդեն դրանց համար վճարել են մաքսատուրքեր: Տնտեսվարողները պետք է կարողանան այդ ապրանքները վաճառել, որպեսզի հնարավոր լինի շրջանառությունները հետ բերել, ինչպես նաև այդ գումարներով կարողանան պայմանագրեր կնքել այլ երկրների հետ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում թուրքական հագուստը. հումքը թուրքական չէ, տեխնոլոգիաների մեծ մասը ներկրվում է, ուղղակի Թուրքիան էժան աշխատուժի երկիր է, նաև բարենպաստ հարկային քաղաքականություն է վարում, սա է ամբողջ գաղտնիքը: Եթե ուսումնասիրենք մեր տեքստիլի շուկան, տնտեսվարողների մեծ մասը հումքը դրսից է բերում, արտադրում և արտահանում է, նույնը՝ տրիկոտաժեղենը: Այնպես որ, սա կարելի է ավելի լայն հիմքերի վրա դնել:

- Մի շարք երկրներ նույնպես սկսել են հրաժարվել թուրքական ապրանքներից: Հնարավո՞ր է համաշխարհային արշավ սկսվի թուրքական տնտեսության դեմ:

- Սաուդիան Արաբիան արգելափակել է թուրքական ապրանքների մուտքն իր շուկա: Պարբերաբար արևմտյան տերությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, ևս էմբարգո են կիրառում թուրքական ապրանքների նկատմամբ: Եթե այսպես շարունակվի, ես կարծում եմ, որ ՌԴ-ն ևս կարգելափակի թուրքական ապրանքների մուտքն իր շուկա: Արդեն իսկ առանձին դրսևորումներ կան. վերջերս 68 տոննա մանդարինի ներմուծումը ռուսական շուկա արգելվեց՝ սանիտարական նորմատիվներից ելնելով: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան աշխարհին բացահայտ ձեռնոց է նետում՝ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներին: Ես չեմ զարմանա, եթե Թուրքիայի հիմնական առևտրատնտեսական գործընկերները՝ Գերմանիան, Իտալիան, Իսրայելը, Ֆրանսիան, Իսպանիան, հաշվի առնելով ներկա իրողությունները, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն: Կարծես թե, ձևավորվում է, պայմանական ասեմ, հակաթուրքական տնտեսական կոալիցիա:

- Կառավարությունը հայտարարում է, որ թուրքական ապրանքների ներմուծումն արգելելով՝ շուկայում դեֆիցիտ չի լինի. նոր շուկաներ կորոնենք: Մեր այսպես ասած կոմերցիոն «հետախուզությունը» դեպի ո՞ր երկրների շուկաներից պետք է սկսել:

- Եվրոպական միությունը որոշակի արտոնություններ է սահմանել ասոցացման որոշ երկրների հետ:
Օրինակ, Իրանը 80 միլիոնանոց շուկա է, կարելի է նրա հետ տեխնոլոգիաներ փոխանակել, և բազմաթիվ այլ ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ համագործակցել: Այլ երկրների հետ նաև համատեղ արտադրություններ ստեղծել: Հաշվի առնելով մեր հարևաններին, կարող ենք ասել, որ մենք այլընտրանք չունենք, մեր ճանապարհը հզոր, բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալն է: Ներմուծմանը նախ պետք է փոխարինել: Մեր արտադրողը պետք է սկսի փոխարինիչներ արտադրել, իսկ դա միանգամայն հնարավոր է:

- Պարոն Մարգարյան, նշեցիք, որ կարող ենք թուրքական ապրանքները փոխարինել տեղականով: Նույնը նաև կառավարությունն է ասում: Արդյոք պայմաններ կա՞ն, որ գործարարները կարողանան արտադրություն սկսել:

- Եթե այս փուլում ներմուծման փոխարինման ծրագրեր մշակվեն և կոնկրետ թիրախավորված օժանդակություն ցույց տան այն տնտեսվարողներին, որոնք կարող են այդ նույն ապրանքներից արտադրել, ինչ ներկրվում էր Թուրքիայից, հաջողություն կգրանցվի: Հարցի դրական կողմերից մեկն էլ այն է, որ Հայաստանում նաև աշխատատեղեր կբացվեն, ինչը մեզ համար խնդիրների խնդիր է: Բազմաթիվ ապրանքային խմբերի դեպքում պետք է թիրախավորված, ընդգծված և կառուցվածքային քաղաքականություն իրականացնել: Այս իրավիճակում, այո, պետք է արտոնություններ տրամադրել ընկերություններին, որպեսզի կարողանան արտադրություն հիմնել: Հարկային արձակուրդ է անհրաժեշտ տրամադրել, պետք է սուբսիդավորման ծրագրեր մշակել, ինչպես նաև վարկային տոկոսների սուբսիդավորում տալ կամ համաֆինանսավորում: Ինչու չէ՝ նաև արտոնություններ պետք է լինեն գյուղատնտեսության ոլորտում: Շատ է խոսվում թուրքական լոլիկի և մյուս բանջարեղենի ներկրումներից, պետք է նկատի ունենանք, որ դրանք որակական բարձր հատկանիշներ չունեն, մեծ մասը գենետիկորեն մոդիֆիկացված բանջարեղեն ու միրգ են, որոնք խնդիրներ են ստեղծում նաև բնակչության առողջության համար:

Կա նաև մեկ այլ խնդիր. մեծ հաշվով այն շուկաները, որտեղից հնարավոր է ներկրումներ լինեն՝ ռուսական, վրացական և իրանական շուկաները, չի բացառվում, որ այդտեղ էլ թուրքական ապրանքներ լինեն և արտահանեն: Եթե մենք մերժում ենք թուրքականը, ուրեմն պետք է ունենանք մերը:

Մեր տեղական արտադրանքով պետք է կարողանանք ոչ միայն ներքին պահանջարկը բավարարել, այլև ինչու չէ զգալիորեն արտահանել: Ի վերջո, մեր խնդիրների խնդիրը հենց արտահանումն է, երկարաժամկետ ռազմավարություն պետք է մշակվի, որ մեր բալանսում արտահանման տեսակարար կշիռն ավելանա, որովհետև մեր ներքին շուկան փոքր է: Մեր նման երկրները մրցունակ կարող են լինել նրանով, որ ունենալով ինովացիոն, տեխնոլոգիական ներուժ և ավանդույթներ, կարող են շատ լուրջ մրցակցային դիրքեր ունենալ հենց տեխնոլոգիական և բարձր արտադրողական ապրանքների շուկայում, ինչու չէ նաև ռազմական տեխնոլոգիաների բնագավառում: Այս իրավիճակը մեզ ստիպում է, որ կառուցվածքային քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը լինի հենց դա: Մենք կարող ենք թուրքական ռազմական արտադրանքից էլ լավն ունենալ: Առաջին հերթին դրանք այսպես կոչված 5-րդ սերնդի անօդաչու թռչող սարքերն են, որոնք կարծես թե ինչ-որ որակ ապահովում են: Ես խորապես համոզված եմ՝ մեր ինժեներները, ծրագրավորողները, արհեստագործական կառույցները, ինչպես նաև մեր կոոպերացիոն կապերը ԵԱՏՄ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի գործընկերների հետ, կարող են շատ ավելի բարձրակարգ, հզոր և դիմակայուն ռազմական միջոցներ արտադրել: Խնդիրների լուծումն այստեղ է: Որպեսզի դա տեղի ունենա, պետք է ամբողջ տնտեսական մոդելի տրամաբանությունը փոխվի:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   110143 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ