...

Դավադրական գործարքներ և չկատարվող պարտավորություններ

Դավադրական գործարքներ և չկատարվող պարտավորություններ

ԹՆՋՈՒԿ ԱՌ ԹՆՋՈՒԿ

Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության օբյեկտները օտարերկրյա ընկերությունների մենաշնորհին են հանձնվում չնչին գներով: Առք ու վաճառքի գործարքների ժամանակ, բնականաբար, գնորդ օտարերկրյա ընկերությունը վերցնում է որոշակի պարտավորություններ, որոնք ամրագրված են լինում գործարքի կապակցությամբ կնքվող պայմանագրերում: Այդ պարտավորությունները լայնորեն շեփորահարվում են քոչարյանական քարոզչության կողմից և հերթական «դարի գործարքը» ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում վաճառվող օբյեկտի (տնտեսության ճյուղի) զարգացման առաքելությունում: Հետո ամիսներ կամ տարիներ անց պարզվում է, որ գնորդ օտարերկրյա ընկերությունը, մեղմ ասած, մտադրություն չի դրսևորել պայմանագրային պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը օտարերկրյա ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման փաստին տարբերակված մոտեցումներ է ցուցաբերում: Սովորաբար քոչարյանականները, որոնք առաջնորդվում են միայն անձնական շահերով, լռության են մատնում և «չտեսնելու են տալիս» պարտավորությունների չկատարման փաստը: Որոշ օտարերկրյա ընկերությունների նկատմամբ մեր գործադիրի պատասխանատուները մերթընդմերթ հանդես են գալիս պահանջատերերի խրոխտ կեցվածքով (օրինակ, «Արմենտելի» պարագայում)` պահանջելով կատարել պայմանագրային պարտավորությունները: Իսկ օտարերկրյա որոշ ընկերությունների հաշվով էլ Հայաստանի կառավարությունը հանդես է գալիս յուրօրինակ դատապաշտպանի դերում` փորձելով արդարացնել նրանց կողմից պարտավորությունների չկատարման երևույթը:

Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի (ԲԷՑ) մենաշնորհը 12 մլն դոլարով գնած «Միդլենդ ռիսոուրս հոլդինգը» պարտավորվել էր, որ, անկախ էլեկտրաէներգիայի վաճառքից ստացվող գումարների հավաքագրման չափերից, 100 տոկոսով վճարելու էր արտադրող կայաններից ստացած էլեկտրաէներգիայի գումարները: Ըստ այդմ, քոչարյանական քարոզչության տարփախոսներն էլ ժողովրդին վստահեցնում էին, որ կտրուկ բարելավվելու է էլեկտրաէներգիա արտադրող կայանների ֆինանսական վիճակը:

Եվ ահա, արդեն անցել է հինգ ամիս, ինչ «Միդլենդ ռիսոուրսը» ստանձնել է ԲԷՑ-երի «շեֆությունը»: Ինչպիսի՞ փոփոխություններ են արձանագրվել էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտների, օրինակ, ատոմակայանի ֆինանսական վիճակում: Ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը վերջերս հայտնել է, որ ՀԱԷԿ-ը շարունակում է մնալ ֆինանսական ծանր վիճակում: Պարզվում է, որ այս փաստը քոչարյանական վարչախմբին ոչ միայն չի հուզել, այլ նաև հնարավորություն է ընձեռել հաջողությամբ շարունակելու օտարների կողմից Հայաստանի տնտեսության «օկուպացման» որդեգրած ռազմավարությունը: Արհեստականորեն անվճարունակ դարձած ատոմակայանը հնարավորություն չունեցավ ոչ միայն վճարել ստացած միջուկային վառելիքի դիմաց կուտակած 30 մլն դոլար պարտքը, այլև մուծել նոր խմբաքանակի գնման համար անհրաժեշտ 6 մլն դոլարը:

Այս վիճակից փայլուն կերպով օգտվեց քոչարյանական վարչախումբը և ՌԱՕ ԵԷՄ ռուսական ընկերությանը վաճառեց Սևան-Հրազդան կասկադի մեջ ընդգրկված բոլոր հիդրոէլեկտրակայանները: Ո՞վ էր պարտավոր լուծել ատոմակայանի ֆինանսական վիճակի կտրուկ բարելավման հարցը և ինչպե՞ս «լուծվեց» հերթական այս թնջուկը: Ավելին, քոչարյանականները մեր երկրի տնտեսության առուծախի հերթական մրցավազքում հայթայթեցին ատոմակայանի ֆինանսական վիճակի բարելավման նոր հովանավորի` հանձինս նույն ՌԱՕ ԵԷՄ-ի, որը այսուհետ իրականացնելու է մեր ՀԱԷԿ-ի ֆինանսական կառավարումը: Նկատենք, որ սա ամենալուրջ քայլերից մեկն է ՀԱԷԿ-ը վերջնականորեն ՌԱՕ ԵԷԿ-ին հանձնելու ուղղությամբ, որը կդառնա Հայաստանում գործող` խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման օրենքի կոպիտ ոտնահարումը: Այսինքն, քոչարյանականները ձեռքի հետ աղբամանն են նետելու մեր երկրի ևս մեկ կարևորագույն օրենքներից մեկը:

Իրողությունների այս պայմաններում առավել քան արտառոց են հնչում վերոնշյալ երկու գործարքների շուրջ «ՀԱ» թերթին տրված հարցազրույցում ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի կատարած մտավարժանքները: Դրանցում տեղ գտած հավաստիացումների անդրադարձը թերևս կարող է հետաքրքրություն ներկայացնել միայն հերթական դավադրական գործարքից հետո` լոկ նման հավաստիացումների գոյությունը և ոչ հավաստիությունը ապացուցելու նկատառումներով:

Վաղինակ Տերտերյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 281, մարտի 28, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   243 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ