...

Դժգոհություն Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի կամայականությունների դեմ

Դժգոհություն Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի կամայականությունների դեմ

Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) տնօրենն աշխատանքից ազատել է գլխավոր հաշվապահին: Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում ահազանգեց ինստիտուտի նախկին տնօրեն, ավագ գիտաշխատող ֆ.մ.գ. դոկտոր Ռուբեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանը հաշվապահին անօրինական կերպով է աշխատանքից հեռացրել:

Տնօրենի բացատրությամբ՝ հաշվապահին աշխատանքից ազատել է կոմերցիոն գաղտնիք բացահայտելու համար: Ռուբեն Մկրտչյանը տարակուսում է. «Բացահայտումը կայանում է նրանում, որ հաշվապահը մեկ ամիս առաջ մեյլով գրել է ինստիտուտի ղեկավարներից մի քանիսին, որտեղ որոշ ֆինանսական հարցեր են քննարկվել: Սարսափելի է, որ ֆինանսական հարցերի վերաբերյալ ինստիտուտի ղեկավարության հետ քննարկումը հայտարարում են ֆինանսական գաղտնիքի բացահայտում»:

Ֆիզիկայի նախկին ինստիտուտի տնօրենը հաշվապահին աշխատանքից ազատելու մի քանի պատճառ էլ է թվարկում: 2 շաբաթ առաջ ինստիտուտում կուտակված խնդիրների մասին նամակով դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: 63 աշխատակից ստորագրել է նախարարությանը հասցեագրված նամակի տակ, գլխավոր հաշվապահը նրանցից մեկն է եղել: Ռուբեն Մկրտչյանի կարծիքով՝ աշխատանքից ազատվելու առիթներից մեկը նաև սա է՝ չնայած նախարարությանը խնդրել են ապահովել նամակի տակ ստորագրած անձանց պաշպանությունը:

«Խնդրել ենք հանձնաժողով ստեղծել բարձրացված հարցերը քննարկելու համար: Նախարարությունից մեզ կանչեցին, եղած հարցերը ներկայացրեցինք, ինչպես նաև խնդրեցինք, որ պաշտպանություն ապահովեն այդ մարդկանց նկատմամբ, քանի որ Անի Ապրահամյանը վրիժառու մարդ է: Նախարարությունից ասացին՝ համարեք՝ պաշտպանությունը կա: Այս դեպքից հետո զանգեցինք նախարարություն, ասացին, որ կպարզաբանեն: Խնդրում ենք, որ այդ հրամանը հետաձգեն մի քանի օրով, մինչև պարզաբանվի, թե իրավաբանորեն դա ինչ է նշանակում»,- պատմեց Մկրտչյանը:

Նա մտահոգվում  է, որ տնօրենը նույն կերպ կարող է վարվել ինստիտուտի մյուս աշխատակիցների հետ: Բացի սա էլ, ըստ Ռուբեն Մկրտչյանի, գլխավոր հաշվապահը կոնֆլիկտներ ուներ ֆինանսական բաժնի ղեկավարի հետ:

«Տնօրենը պաշտպանում է ֆինանսական բաժնի ղեկավարին: Ամսական 2 միլիոն դրամ է տալիս նրան, որն անհեթեթ բան է մեր ինստիտուտի համար»,- դժգոհեց ինստիտուտի ավագ գիտաշխատողը:

Վերջին տարիներին ինստիտուտի աշխատակիցները կառույցում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին բազմաթիվ նամակներ են գրել տարբեր ատյաններ, սակայն առանց արդյունքի: Այժմ խնդիրներն էլ ավելի են սրվել, իսկ քանակն էլ՝ ավելացել: Պատկան կառույցներին ուղղված նամակներում աշխատակիցների գլխավոր դժգոհություններից մեկը հոգաբարձուների խորհրդին է վերաբերում: Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրենի ներկայացմամբ՝ հոգաբարձուների խորհուրդը անօրինական որոշումներ է ընդունում: Գործում է ինստիտուտի կանոնադրության, ՀՀ օրենքների խախտումներով: Խորհուրդն անցկացվող նիստերի մասին չի հայտարարում: Ընդունած որոշումները նույնպես չի հրապարակում:

Բողոքների մի մասն էլ տնօրենի աշխատանքից է: Ռուբեն Մկրտչյանն ասում է, որ տնօրենը քմահաճույքով է աշխատավարձը բաժանում: Օրինակ՝ իր  քարտուղարուհին ստանում է գիտության դոկտորի աշխատավարձից կրկնակի բարձր: Նա նաև նշեց, որ ինստիտուտում կուտակված խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5345 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ