...

Ձուկ, որ միշտ քեզ հետ է

Ձուկ, որ միշտ քեզ հետ է

ԾՈՎԻՑ ԾՈՎ

Ռոբերտ Քոչարյանը շատ արագ հերքեց այն տեղեկությունները, թե իրենք Ֆլորիդայում «ձուկը ջրում՝ առևտուր են անում»: Դրեց իր համապատասխան մակնիշի սև ակնոցներն ու ձուկ բռնեց: Ինչպես հաղորդում են խոշորագույն լրատվամիջոցները, մեր նախագահը երեք ձուկ է բռնել. երկուսը մեծ, մեկը՝ 20 կիլոյանոց: Թե կոնկրետ ով էր ջրի տակ ձուկը կարթին ամրացնում՝ այդ մասին տեղյակ է վեց հոգի:

Քաղաքական մեկնաբանների կարծիքով, իր այս քայլով Ռոբերտ Քոչարյանը բացատրեց իր իսկ արտասանած «ես այստեղ եմ եկել ոչ քարոզչական հայտարարություններ անելու նպատակով» խոսքերի իմաստը: Տեսակետ կա նաև, թե իր այս քայլից հետո նախագահը կարող է ակնկալել, որ իր գործուղման ծախսերը հովանավորվեն «սնունդ՝ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում: Ամեն դեպքում, «Օրակարգ» ծրագիրը հերքել է այն տեղեկությունը, թե իբր ձուկը բռնելուց անմիջապես հետո նախագահը արագ-արագ երեք ցանկություն է հայտնել, բայց շուտով սթափվել է՝ տեղեկանալով, որ ձուկը ղարաբաղյան ակցենտի ռուսերենով անգլերենը չի հասկանում:

Մինչդեռ Հայաստանում քաղաքական դիտորդներն այն կարծիքին են, թե նախագահի ձկնորսությունը չափազանց ապազգային քայլ էր և չի համապատասխանում մեր ռազմավարական շահերին: Բանն այն է, որ տեսնելով մեր նախագահի ձկնորսական տաղանդը, միջազգային հանրությունը ամեն կերպ կխոչընդոտի ծովից ծով Հայաստանի ստեղծմանը. քանի որ դա կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի ձկնային ռեսուրսների ոչնչացմանը:

«Կըրնա՞ արդեոք ձուկ մը փոխարինել մեր հարիուրամեայ իղձերուն տեսլականը», ասված է այդ առթիվ տարածված հայտարարության մեջ:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 180, ապրիլի 11, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   942 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ