...

Եղանակի պատճառո՞վ են վարորդները շատ վճարում

Եղանակի պատճառո՞վ են վարորդները շատ վճարում

Ձմռան ամիսներին գազի ծախսն ավելանում է: Սառչելու հաշվին գազաբալոնի մեջ ավելի շատ սեղմված գազ է տեղավորվում: «ՉԻ»-ի հետ զրույցում վարորդների դժգոհություններին ի պատասխան արձագանքում է «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը:

Արդեն մի քանի օր է՝ վարորդները բողոքում են, որ սեղմված գազի դիմաց նախկինի փոխարեն ավելի շատ են վճարում:

Վարորդներից մեկը «ՉԻ»-ի հետ զրույցում դժգոհեց, եթե օրեր առաջ մեքենայի գազաբալոնը լիցքավորելու համար վճարել է 5000 դրամ, այս քանի օրը 6000 է մուծել:

«Կամ գազն են թանկացրել, կամ էլ խորամանկությունների են դիմում՝ քիչ են լցնում և շատ գումար պահանջում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Մկրտիչ Տիգրանյանի պնդմամբ՝ խարդախության մասին խոսք լինել չի կարող:

«Որքան եղանակը սառն է, այնքան ավելի շատ գազ է տեղավորվում նույն բալոնի մեջ, ես չեմ հասկանում՝ վարորդները չեն կարողանում կարդալ, թե քանի կիլոգրամ է գազ լցվում մեքենայի մեջ, գինն ինչքան է և բազմապատկեն արժեքը հասկանալու համար: Այդտեղ խորամանկությունը ո՞րն է: Երբ եղանակը տաք էր, այդ ժամանակ նման խնդիր չկար: Հիմա ցուրտ է, գազը սառն է լցվում և ավելի շատ է տեղավորվում: Այնտեղ թվերը պարզ գրվում են՝ թաքցնելու բան չկա: Վարորդների դժգոհությունը միշտ էլ կա: Եթե գինը 100 դրամ էլ սարքեն, էլի դժգոհելու են, որ լավ չեն լցնում»,- նշեց նա:

Փորձագետը վարորդներին խորհուրդ է տալիս ուշադրության դարձնել, թե քանի կիլոգրամ սեղմված գազ են լցնում և դրանով քանի կիլոմետր ճանապարհ են վարում:

«Իրանք աչքով տեսնում են, թե այնտեղ ինչ գին է գրած սեղմված գազի արժեքի դիմաց: Կարևորն այն է, թե իր վճարած գումարին համապատասխան ինքը քանի կիլոմետր է քշում: Ամռանը հաստատ վարորդներն իրենց դատարկ բալոնները ավելի քիչ են լիցքավորել, գումարը քիչ են վճարել, բնականաբար, քիչ էլ վարել են: Բայց որքան եղանակը սառն է, այնքան ավելի շատ գազ է տեղավորվում նույն բալոնի մեջ, ինքն ավելի շատ կքշի»,- հավելեց «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահը:

Դժգոհություններից մեկն էլ հեղուկ գազի գնի բարձրացման հետ է կապված: Ավտովարորդները նաև ահազանգում են, որ հեղուկ գազն է թանկացել՝ մեկ լիտրը 180 դրամից բարձրացել է` դառնալով 200 դրամ:

«Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը թեև հերքում է սեղմված գազի հետ կապված վարորդների գանգատը, բայց ասում է, որ հեղուկ գազը տեղ-տեղ է թանկացել:

«Տեղ կա թանկացել է, իսկ տեղ կա՝ ոչ: Օրինակ՝ Հարավարևմտյան թաղամասում, լցակայանում հեղուկ գազի գինը չէր փոխվել՝ 180 դրամ էր: Հիմա տնտեսվարողներն են որոշում իրենց ապրանքի գինը: Տարբեր գազալցակայանի ծախսը տարբեր է, մեկի մոտ այն շատ է, մյուսի մոտ` քիչ: Մարդիկ իրենց շահույթն են հաշվում՝ այդքանով է ձեռք տալիս, այդքանով են վաճառում: Այնպես չէ, որ համատարած որոշել են գին բարձրացնել, այդպիսի բան չկա»,-նկատեց մասնագետը:

Ի դեպ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ասել է, որ գազալցակայաններում ու բենզալցակայաններում հանկարծակի ստուգումներ կանացկացվեն:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ արդեն մի քանի օր է՝ ստուգումներ են իրականացնում գազալցակայաններում: Անցկացված ստուգումների արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն են հրապարակում:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1640 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ