...

Երբ սմբակները մտնում են դպրոց

Երբ սմբակները մտնում են դպրոց

ԵՆԹԱՏԵՔՍՏԵՐ

Կամ հանրակրթական կուսակցա-ստամոքսային
կենսափիլիսոփայության տարրական հետևանքները 

Թրքելու (բազմիմաստ բառ է, չէ՞) էլ ուրիշ տեղ չէր մնացել, ապականելու էլ ուրիշ տեղ չէր մնացել, ու մի յուղոտ,- անխուսափելիորեն կիսաեփ կուսակցական,- հրաման է արձակում (պատկերացնո՞ւմ եք), հրաման է արձակում հանրապետության բոլոր դպրոցներում փակցնել Քոչարյանի ու Վեհափառի լուսանկարները։ Սա ոչ միայն Ջորջ Օրուելի «1984»-ից ընդամենը էժանագին գրագողություն է. Big Brother is watching you («Մեծ Եղբայրը հետևում է քեզ»)։ Սա էժանագին սրճարանի էժանագին անկյունում նստած էժանագին պուտանի էժանագին աչքով անելն է էժանագին թաղի էժանագին ավտարիտետին։ Անտարակույս, Քոչարյանը հերթական անգամ չհասկացավ, որ իրեն փչացնում են ճիշտ այնպես, ինչպես ինքն է բոլորին փչացնում. գուցե նա նույնիսկ մտքում կարևորի սույն հրամանը, ինչպես, ասենք, դատական յուրաքանչյուր որոշում։ Նույնիսկ հաշվի առնելով մեր երեխաներին թեթև ձեռքով մատուցվող բարոյահոգեբանական հերթական վնասը՝ ա՛յդ նախարար-նախրապահից բոլորովին էլ պարտադիր չէ ազատվել՝ զուտ նեո-ստալինականություն ջատագովելու համար։ Ճիշտ կլիներ բոլորից ազատվել։ Այնուամենայնիվ, հնարավոր չէ՞ր քծնելու այլ ձև ընտրել, ի՛ր նախագահին խնկարկել մեր աչքից հեռու, ասենք ինչ-որ հյուրանոցում, մոթելում, բորդելում, ու երեխեքին չխառնել այս համատարած իշացմանը։ Էս ի՞նչ նոր քոր է, ուղեղային մի նոր տրիխոմոնիազ, հարճի կուսակցա-ստամոքսային կենսափիլիսոփայություն։ Գոնե երեխեքին խնայեիք, այ տնաքանդներ. նրանք դեռ փորձում են Թումանյան ու Սարոյան կարդալ, նրանք դեռ կարողանում են հայերեն (լսո՞ւմ եք՝ հայերեն) խոսել։ Լավ, իսկ եթե մի սոված դպրոցական մի օր խփի-ջարդի էդ նախագահի պատկերը, ո՞ւմ են պատժելու, երեխայի՞ն, թե՞ կրթության նախարարին, երեխայի հո՞րը, թե՞ Հռոմի պապին, Սուխոմլինսկո՞ւն, էլի Բլեյանի՞ն, Սաղաթելյանի՞ն, «Ա1+»-ի՞ն, «Նոյյան տապան»-ի՞ն, թե՞ միամիտ պողոս-պողոսյաններին։ Բայց հարցս ոնց որ էլի միամիտ ստացվեց. դուք միշտ հենց երեխայի՛ն եք պատժում, բայց, վերջին հաշվով՝ ձե՛ր երեխային. ահա թե ինչու եք դուք էդքան սադիստորեն մանկամիտ ու մանկամտորեն սադիստ, ահա թե ինչու են հենց ձե՛ր երեխեքը նարկոման դառնում։ Homo առանց sapiens-ի։ 

Մյուս կողմից՝ պատկերացրեք հանրակրթական դպրոցի շարքային տնօրենին, որը, եթե մի քիչ (միիիի՜ քիչ) բարոյական մարդ է վախկոտության հայկական կիսասպանիչ տոկոսայնությամբ, փակցնել է տալիս վերոնշյալ անանց գլուխգործոցները՝ մի քիչ (միիիի՜ քիչ) անկեղծորեն մտքում հայհոյելով վերոնշյալ անցողիկ գլուխգործոցներին։ Շնորհակալություն, եթե պատկերացրիք։ Փոխադարձաբար փչացնելու գործընթացը այս երկրում փոխադարձաբար շարունակվում է։ Այսինքն՝ հրամայված է ջարդուփշուր անել վերոնշյալների դիմանկարները, ինչը մե՛ր երեխաները, բնականաբար չեն անի, որովհետև մեր երեխաները կիրթ են, որքան էլ դժվար է ձեզ համար հասկանալը։ 

Բայց ամփոփելով ասենք՝ այլասերեք ձե՛ր լակոտ-լուկուտներին, ուղարկեք ուսանելու Բուլոնյան անտառներում, Manhatten Club-ներում, թուրքիաներում, ցանկացած բոզանոցում, անպայման մոդայիկ փալասներ հագցրեք, ստիպեք ականջօղեր կախել, զանգուլակներ կախեք դրանց վաղաժամկետ հաստ վզերից, աղանդավոր դարձրեք, զռալ սովորեցրեք ձեր հայրենի հայրենասերների պես, բայց մե՛ր երեխեքին, Աստված սիրեք, ձեր հումանիտար պայուսակներով, սրտաճմլիկ բելադոնաներով ու ճռճռան գթասրտությամբ, ձեր SOS-երով ու անզորիներով, նախարար-պախարակներով, հանձնաժողովներով ու անձնաժողովներով, վլադիկ-մլադիկ-արկադիկ-մարկադիկներով, ձեր քաղաքագի՜ր խաչագող կիսագրագետներով ու քաղաքակի՜րթ հայատատությամբ, անզիջում իշասպրինտերներով, ձեր համազգային girl-սկաուտական հերոսականությամբ, ձեր անխուսափելի վիագրաներով, վերջապես՝ ձեր հերթական պեդոֆիլիա-շոուով՝ թ-ո-ղ-ե-ք հ-ա-ն-գ-ի-ս-տ։ 

Սամվել Մկրտչյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 388, սեպտեմբերի 13, 2002 թ

ՎԱՐԿԱՆԻՇ

   390 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ