...

Հիմարների նավը

Հիմարների նավը

Բոլոր կերպարները մեռելածին են: 
Բոլոր նմանությունները՝ անհարկի: 

Ներքևում ժողովուրդն է վխտում 
Ներքևում իրավիճակը կայուն է, 
Վերևում զխկտվում են, գխտում, 
Մինչ ժողովուրդը մայում է: 
Թե՞փ, թե՞ տեստոստերոն, 
Տեստոստերո՞ն, թե՞ ոջիլ: 
Բա ուղե՞ղը, պուճուրիկ ներոն, 
Թեփո՞վ ես գործելու ոճիր, 
Հա՜, գլխիդ կեղծամ կքաշես, 
Կգոռաս, երբ քեզ տան քսի՝ 
Այսուհետ ինձ ասեք Արտաշե՛ս: 
Բայց քեզ էլ ոչ ոք չի լսի: 
Այս սուկն հայտնվում է ստեպ-ստեպ 
Ու չքվում չեշիրյան կատվի պես,- 
Ոչ տեստոստերոն, ոչ թեփ, 
Ոչ յուղ, ոչ միզամուղ, ոչ մեզ: 
Ոչ ծերտ, ոչ հասակ, ոչ թասակ, 
Մաքրում է բոլոր հետքերը, 
Բայց ունի նա քսակ ու դասակ, 
Որ հոգա իր բոլոր պետքերը: 
Այս մեկին երկսեռ լրագրողները 
Անվանում են շպարված Կիկլոպ, 
Հարամ քրտինքով ապրողները՝ 
Հոպ-ստոպ կամ էլ ավտոստոպ, 
Իսկ հալալ քրտինքով գռփողները՝ 
Սագագող, երբեմն էլ՝ մի քիչ բիճ: 
Ե՞րբ ենք կիսելու մեր փողերը, 
Սամուիլ Էմանուիլովիչ: 
Մի գողանար ու շնանար, ինչպես 
Գրված է Աստվածաշնչում: 
(Զարմանում եմ թե ոնց եմ ես 
Էս օդը ձեզ հետ շնչում): 
Այս մեկը ռազմի թեժ դաշտում 
Մի՛ զենք ուներ՝ խաղողի ճութ: 
Այս մեկն էլ վիագրա է պաշտում 
Ու չրթում է ինչպես դդմի կուտ: 
Իսկ այս մեկն ունի գնացուցակ. 
Ազգի ապագան է կրթում 
Կարող է մտնել մկան ծակ, 
Բայց նախ՝ մեծ ակնոցն է բրթում: 
Այս մեկը երկնագույն եթերով 
Շողոտ-շաղոտ հարճ է խաղում: 
Իսկ այս մեկը մամուլի էջերով 
Ադամանդներ է քաղում: 
Այս մեկը տեղով հրեշտակ է, 
Գոլ ընդդիմադիր-ազգովի, 
Գլուխը դատարկ մի տաշտակ է, 
Սպասում է՝ ով այն կգովի: 
Այս մեկը միակ վունդերկինդն է, 
Ինտելեկտուալ մաֆիոզ: 
Այս մեկը համայն ազգի խինդն է՝ 
Սադո-մազո-ապոֆեո՜զ: 
Ու կանգնած է այս նավը հավետ 
Ծովից ծոոո՜վ Հայաստանում: 
Այ տխմար Նոյ Նահապետ, 
Էլ չե՞ս անհանգստանում: 
Ներքևում ժողովուրդն է վխտում 
Ներքևում իրավիճակը կայուն է, 
Վերևում զխկտվում են, գխտում, 
Մինչ ժողովուրդը մայում է: 

ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

«ՉԻ», թիվ 495, սեպտեմբերի 16, 2005թ.
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ