...

Եվրոպա՝ հայկական սպեցիֆիկայով

Եվրոպա՝ հայկական սպեցիֆիկայով

ԱՅԼ ՄՈԼՈՐԱԿ

Վերադառնալով մառախլապատ Բրյուսելի NATO-աբույր քուչեքից՝ Ռոբերտ Քոչարյանը նոր հանձնարարական բերեց մեր հազարամյա ազգին: Այժմ հայտարարված է, որ մեր հիմնական նպատակն է եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն կառուցել: Հազիվ էինք հասցրել սրբել հուզմունքի արցունքները, երբ վարչապետը հայտարարեց, որ թեև շատերն են ցանկանում ՀՀԿ-ին հանել նախագահի (նկատի ուներ Ռ. Քոչարյանին) դեմ, բայց նրանց չի հաջողվի դա անել: Ընդհանուր առմամբ մեր ղեկավարների ջանքերով ստեղծվեց մի պատկեր, որն արժանի կլիներ ամերիկյան կինոնկարում ներկայացնել:

Փոքրիկ ասիական պետությունում լինում է, չի լինում մի նախագահ է լինում: Եվ այդ նախագահը անգլերեն սովորելով և «Անկախության օր» կինոնկարը դիտելով, որտեղ ԱՄՆ նախագահը փրկում է աշխարհը այլմոլորակայիններից, որոշում է իր փոքրիկ ասիական երկրում եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն կառուցել: Նախագահին այս հարցում օժանդակում է տարիների փորձ ունեցող վարչապետը, և նրանք ձեռք-ձեռքի տված (ի դեպ մոռացանք հիշատակել ԱԺ նախագահին, որը ներկայացնում է հումանիտար ինտելիգենցիան) կառուցում են վերոհիշյալ արժեքների վրա հիմնված վերոհիշյալ պետությունը: Իսկ դիմակայում են այդ առաջադեմ մարդկանց երկրի հետադիմական և կոռումպացված ուժերը:

Ամերիկյան կինոռեժիսորն այս դեպքում կպատկերեր չալմաներով և խալաթներով մուսուլմանական հոգևորականների մի բազմություն, որն օր ու գիշեր խոչընդոտում է երկրի ղեկավարությանը կառուցել նոր աշխարհ: Կղերական հոգևորականության հետ ձեռք-ձեռքի պայքարում են կոմունիստական ժամանակներից ժառանգած նոմենկլատուրային կոռումպացված էլեմենտները:

Տեսախցիկը խոշոր պլանով ցույց է տալիս նեղլիկ աչքերը, փլավի յուղից փայլող ձեռքերը և հարյուրանոցներով լի «դիպլոմատները»: Ֆիլմի վերջում ժողովրդավարության հերթական երաշխիքներն ազատում են երկիրը, իսկ կղերականներն ու կոռումպացված էլեմենտները հանձնվում են ժողովրդի արդար դատին:

Ներողություն չեմ խնդրում երկար և անօգուտ նախաբանի համար, քանի որ Քոչարյանի եվրոպական արժեքները նույնքան կապ ունեն Հայաստանում կառուցվող հասարակարգի հետ, որքան ռեակցիոն մոլլաների չալմաները Քոչարյանի ընդդիմության հետ: Թեև հնարավոր է, որ Քոչարյանը ցանկանում է կառուցել յուրովի եվրոպական հասարակություն: Չէ՞ որ Եվրոպան՝ ժամանակի մեջ բավականաչափ ծավալուն հասկացություն է: Չէ՞ որ ինկվիզիցիան նույնպես եվրոպական արժեք է, Ջորդանո Բրունոյի խարույկը նույնպես, և յակոբինյան տեռորը, և նացիստական համակենտրոնացման ճամբարները: Ի դեպ, սոցիալիզմը, կոմունիզմը, անարխիզմը, տրոցկիզմը և էլի մի շարք «իզմեր» նույնպես ծնվել են Եվրոպայում: Թերևս գնալով այս Եվրոպային ենք մենք որոշում մոտենալ:

Փաստացի պետական հեղաշրջմամբ իշխանության եկած ոչ լեգիտիմ ղեկավար: Ծանր պետական հանցագործություններում մեղադրվող անձանց առանց արդարացման դատավճռի բանտից բաց թողնելը, իր խորհրդական կարգելը, քաղաքական հաշվեհարդարի կոչ անող միտինգներում նրանց ելույթները ներողամտորեն լսելը:

Սրանք, իհարկե, խիստ եվրոպական արժեքներ են: Այնքան եվրոպական, որքան եվրոպական էին յակոբինյան գիլյոտինը, ռայխստագի հրկիզումը:

Էլ ինչ է եղել. լրագրողների հետապնդումներ, ազատ մամուլի ճնշում, լրատվամիջոցների նկատմամբ տնտեսական պարտադրման բոլոր լծակների միացում: Պարզվում է, որ դա էլ է եվրոպական արժեք, քանի որ 19-րդ դարում, օրինակ, Գերմանիայում գրաքննությունը օրը օր չէր համարում, եթե գոնե մեկ-երկու թերթ չէր փակում և խմբագրին լավագույն դեպքում երկրից արտաքսում: Մարքսի խմբագրած «Նոր Ռեյնյոն» թերթի փակումը ընդամենը մեկ և կարող է ամենահաջող օրինակը չէ: Ինչ վերաբերում է քաղաքական տեռորին, ապա համոզված ասենք, որ այս հարցում մենք նույնպես եվրոպական արժեքների հետնորդ ենք:

Երեք տարվա ընթացքում Հայաստանում սպանվել են ԱԺ մեկ նախագահ, երկու փոխնախագահ, մեկ վարչապետ, մեկ նախարար, հինգ պատգամավոր, երկու ուժային փոխնախարար (երկուսն էլ գեներալ), երկու դատախազ (որոնցից մեկը՝ գլխավոր): Եվրոպայում նույնպես միայն XX դարում մեկ գնդակահարված թագավոր (Հարավսլավիայի), մեկ թագուհի (Ավստրո-Հունգարիայի), մեկ թագաժառանգ (նույպես Ավստո-Հունգարիայի), մեկ նախագահ (Ֆրանսիայի), մեկ վարչապետ (Շվեդիայի): Թող ների ընթերցողը, եթե ինչ-որ բան բաց թողեցի: Այդ առումով մենք իսկապես եվրոպական պետություն ենք:

Իսկ ի՞նչ եմ ուզում ասել վարչապետին: Ես նրա դեմ ոչինչ չունեմ: Պարզապես ցանկանում եմ հիշեցնել, որ սա ամերիկյան ֆիլմ չէ, իսկ այսպիսի եվրոպականացման համար պատասխանատվություն կիսելը պատիվ չի բերում ոչ մեկին:

Գ. Հովսեփյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 218, հունիսի 15, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ