...

Պարեր խավարում

Պարեր խավարում

ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

Կա երկու թեմա, որոնք առաջացնում են հասարակության հետաքրքրությունը: Մեկը, անկասկած, ընտրություններն են: Մյուսն, իհարկե, Ղարաբաղն է: Գարունը տարվա այլ եղանակներից տարբերվում է նրանով, որ այսօր երկու թեմաների քննարկումներն էլ զգալիորեն ակտիվանում են: Ընդ որում, այս երկու գործընթացները կարծես սերտորեն կապված են: 

Բնական է, որ մի երկրում, որտեղ տնտեսությունը գտնվում է անհուսալի ճգնաժամում, որը բնակչության աղքատացման տեմպերով զիջում է երևի միայն աֆրիկյան երկրներին, որտեղ ժողովրդավարություն բառը վաղուց ի վեր ընկալվում է որպես անհաջող անեկդոտ, որտեղ քաղաքական սպանությունները վաղուց արդեն դարձել են սովորական բան, արտաքին թշնամու թեմայի օգտագործումը նախընտրական շրջանում դառնում է խիստ շահեկան խաղաքարտ: Այս պայմաններում դաշնակից պետությունները, եթե այդպիսիք իհարկե կան, պետք է աշխատեն դիվանագիտական ուղիներով հասարակության մեջ դրական կարծիք ստեղծել ղարաբաղյան ուղղությամբ կառավարության գործունեության վերաբերյալ: 

Ընթերցողը, իհարկե, կարող է հարցնել, թե այդ ինչ հանելուկային դաշնակից-պետությունների մասին եմ խոսում, և այդ ինչ դրական կարծիք են նրանք ստեղծել մեր հասարակությունում: Բանն այն է, որ մենք հաճախ մոռանում ենք, որ բացի Ղարաբաղից և նրա շահերը պաշտպանելու կոչված Հայաստանից կա կոնֆլիկտի ևս մեկ կողմ՝ Ադրբեջանը: Հոդվածի սկզբում խոսքը հենց այդ երկրի մասին էր: Եվ հենց Ադրբեջանում դաշնակից-պետությունների դիվանագիտությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի հասարակությունում ստեղծի գործող իշխանությունների նպաստավոր դիմանկարը և ստիպի ադրբեջանական հասարակությանը մոռանալ 1992-1994թթ. ռազմական պարտությունների մասին: Պատճառներից մեկն այն է, որ Ալիևների ընտանիքի իշխանության պահպանումը խիստ ձեռնտու է բոլորին: Դա թույլ կտա Ադրբեջանում խուսափել անարխիայից, ինչին համաշխարհային հանրությունն ականատես էր 1990-1992թթ.: Այս իմաստով եռանախագահների այցը տարածաշրջան կարող է խիստ շահեկան լինել Ալիևի համար: Իսկ ինչ շահեկան է Ալիևի համար, այն, բնական է, չի կարող շահեկան լինել Հայաստանի համար: Ճիշտ է, չի կարելի ասել, որ այս ամենը պայմանավորված է եռանախագահների պաթոլոգիկ հայատյացությամբ: 

Եթե մենք լարենք հիշողություններս, ապա կմտաբերենք, որ տարվա սկզբին ոչ մի լուրջ առաջարկ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ չի կատարվել: Մի քիչ էլ լարենք հիշողություններս և կհիշենք, թե ինչպես էին դեռևս 5 տարի առաջ Ռ. Քոչարյանը և նրա համախոհները համոզում ընտրողներին, որ ելնելով մեր ռազմական հաղթանակներից, մեզ խիստ շահավետ է հարցի լուծման ձգձգումը: Փաստորեն ստացվում է, որ եռանախագահները ընդառաջել են Ռ. Քոչարյանին: Այժմ հերթը Հեյդար Ալիևինն է: Ընդ որում, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ մի շարք գործոններ կստիպեն եռանախագահներին առավել ակտիվորեն սիրաշահել Ադրբեջանին: Նախ Ադրբեջանը վարում է իրապես անկախ քաղաքականություն, այն ժամանակ, երբ Հայաստանին վերաբերվող բոլոր հարցերը կարելի է հեշտությամբ լուծել Ռուսաստանի հետ: Այնուհետև Ադրբեջանը ինքն է տնօրինում իր տնտեսական ռեսուրսները և դրանք օգտագործելու համար պետք է պայմանավորվել նախ և առաջ այդ երկրի իշխանությունների հետ: 

Ինչ վերաբերում է մեր հայրենիքին, ապա ինչ էլ դեռ չենք ծախել, կծախենք մոտ ապագայում: Եռանախագահների հանդիպումների ժամանակացույցի մասին մամուլ թափանցած տեղեկությունները հաստատում են մեր այս տեսական եզրակացությունները: Այսպես, մամուլում նշվել է, որ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հանդիպումը նախատեսվում է ոչ Ղարաբաղում: Սա նախ նշանակում է, որ բանակցային գործընթացում Ղարաբաղի` որպես առանձին կազմավորում, մասնակցությունը վերջնականապես հանվում է օրակարգից: Ղարաբաղ-եռանախագահներ հանդիպման կազմակերպումը չեզոք տարածքում (իսկ այդ իմաստով չեզոք տարածք կարող է համարվել նաև Հայաստանը), փաստորեն, նշանակում է, որ ղարաբաղցիները ներկայանում են ոչ թե որպես «տարածաշրջանի բնակչության ընտրյալ ներկայացուցիչներ», ինչպես սովորաբար անվանում են չճանաչված պետական կազմավորումների ղեկավարներին, այլ ընդամենը «հայ համայնքի ղեկավարներ»: Իսկ եթե կան «հայ համայնքի ղեկավարներ», ապա կարող են լինել և «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ»: Իսկ դա կնշանակի հակամարտության իմաստի նենգափոխում: Այժմ այն կարող է ընկալվել ոչ թե որպես ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործում, ոչ թե նույնիսկ որպես տարածքային վեճ, այլ որպես ազգամիջյան հակամարտություն՝ այսինքն այն, ինչից մենք հաջողությամբ խուսափում էինք 1988 թվականից: Այս պայմաններում հայ դիվանագիտության գործողությունները հիշեցնում են հրմշտոց մութ սենյակում, որը երբեք արդյունավետ լինել չի կարող: 

Ա. Ալեքսանյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 299, Մայիսի 9, 2003 թ. 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ