...

Եվրոպական դատարանը երկրորդ անգամ սառը ջուր լցրեց Հրայր Թովմասյանի գլխին

Եվրոպական դատարանը երկրորդ անգամ սառը ջուր լցրեց Հրայր Թովմասյանի գլխին

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի հռետորական հարցադրումներ է արել. «Կասեցնել Սահմանադրության գործողությունը այն պաշտոնյայի պաշտոնի պահպանության համար, որի գործունեության ողջ նպատակը Սահմանադրության գերակայությունն ապահովելն է, և այդ կասեցումը հայցել միջազգային դատարանից, որը չունի նման իշխանազորությո՞ւն ...»։

Գրառման մեջ թեև անուններ նշված չեն, սակայն հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ու դատավորի պարտականությունները դադարեցրած երեք դատավորների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղարկված դիմումին։ Նրանք դիմել էին ՄԻԵԴ, որ միջազգային այս կառույցը Հայաստանի կառավարությունից պահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Հրայր Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեքը՝ դատավորների պաշտոններից:

Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սառը ջուր է լցրել Հրայր Թովմասյանի ու նրա կողմնակիցների գլխին և որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները երկրի Սահմանադրությունում փոփոխությունների կապակցությամբ:

Ըստ ՄԻԵԴ-ի հաղորդագրության՝ հայցվորների պահանջը գտնվում է միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս, քանի որ այն չի ենթադրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ:

Փաստացի Հրայր Թովմասյանն ու մյուս երեքը ոչ միայն դրսից Հայաստանի վրա տղա բերելու քայլ էին կատարել, այլև դրսի տղաներին խնդրել էին ազդել Հայաստանի կառավարության վրա, որպեսզի կասեցվեն սահմանադրական փոփոխությունները, այսինքն՝ երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության գործողությունը։ Ու այս ամենը զուտ իրենց պաշտոնների պահպանման համար։ Սա այն դեպքում, երբ դրսի տղաները, տվյալ դեպքում՝ եվրոպական դատարանը, իրավազորություն չունեն Հայաստանի Սահմանադրության գործողությունների հարցում։

Այս ամենը հստակ պատկերացում է տալիս ոչ միայն Հրայր Թովմասյանի՝ որպես իրավաբանի որակի մասին (նախկինում միֆեր էին տարածվում նրա՝ որպես շատ բարձրակարգ իրավաբան լինելու մասին), այլև նրա պետական մտածողության մակարդակի։ 

Այս պատմությամբ հաստատվում է, որ Հրայր Թովմասյանի «պետական մտածողությունը» սահմանափակվում է ամեն գնով Սահմանադրական դատարանը որպես մերժված համակարգի վերջին բաստիոն պահպանելու տիրույթում։ Ընդամենը դա։ Եվ ամենևին պետք չէ ճչալ սահմանադրականության պահպանման, Սահմանադրության գերակայության ապահովման, Սահմանադրության պահապան լինելու մասին։ Հրայր Թովմասյանի ու բոլոր նախկինների ճչոցները վերաբերում են այդ բաստիոնը չկորցնելուն։ Եվ այդ նպատակի իրականացման համար պատրաստ են ամենազազրելի ու ամոթալի քայլերի։

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի իրավական գրագիտությանը, ապա դա կասկածի տակ էր դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի հարցով ՄԻԵԴ դիմելու դրվագում, երբ եվրոպական դատարանը անպատասխան էր թողել ուղարկված 4 հարցերից 2-ը` նշելով, թե անհասկանալի է այդ հարցերի բովանդակությունը։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2320 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ