...

Տգիտության բաստիոնն ընդդեմ Վահե Գրիգորյանի

Տգիտության բաստիոնն ընդդեմ Վահե Գրիգորյանի

Այսօր օրենքի ուժով ՍԴ երեք անդամի լիազորությունները դադարեցվեցին, Հրայր Թովմասյանն էլ այլևս ՍԴ նախագահ չէ: Ինքներդ եք տեսնում, թե վաղ առավոտից ինչ է կատարվում Սահմանադրական դատարանի շենքի առջև: Ինչքան բրածո և հնամաշ դեմք կա, լցվել են այնտեղ և խոսում են իրավունքից, սահմանադրական կարգի տապալումից, իշխանությունը յուրացնելուց: Որ դրանցից ամեն մեկին թափ տաս, տակից տոննաներով իշխանության զավթում, յուրացում, սահմանադրական կարգի տապալում, ընտրակեղծիք ու կոռուպցիա կթափվի:
Եվ ինչն էր հետաքրքիր. նախկին ռեժիմի սպասարկուները անմիջապես հարձակում սկսեցին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դեմ: Թե՝ նայեք, ձրիակեր է, այսքան ժամանակ նիստերին չի մասնակցել, պետության փողերն է ուտում: Ձրիակերների և պիցցայակերների մի ամբողջ բոլուկ ձրիակերությունից է խոսում: 

Սկսենք մի պարզ հարցից. իսկ որ Հրայր Թովմասյանն ու իր խմբակը տարիներ շարունակ ՍԴ-ում են աշխատել, ի՞նչ են արել պետության համար: Ի՞նչ օգուտ են տվել: Բացի օրվա իշխանությունների ապօրինությունները դակելուց, բացի կեղծիքներով ՍԴ-ն զավթելուց, ոչ լեգիտիմ ընտրությունները լեգիտիմացնելուց: Գնացել են նիստերի,աշխատավարձ են ստացել, դրա դիմաց ի՞նչ արդյունք ենք ունեցել: Զրո: Ավելի ճիշտ՝ մինուս:

Վահե Գրիգորյանը չի մասնակցել նիստերին, քանի որ ՍԴ-ի անդամների այդ կազմը չուներ լեգիտիմություն, դրանք դատավոր չէին, ընդամենը անդամներ էին և մարդը չի ցանկացել մասնակից լինել կեղծիքներով ձևավորված և հանրային վստահությունից զուրկ անձանց խարդավանքներին: Երկու տարի է, Հրայր Թովմասյանենք բացի խարդավանքներից, ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվել:

Պարզ տրամաբանություն է, որը շատերը չեն հասկանում: Որ Վահե Գրիգորյանը առաջնորդվել է բացառապես օրենքի տառով, հավատարիմ է մնացել իր սկզբունքներին, և հենց ինքն է հանրային շահը վեր դասել քաղաքական կոնյուկտուրայից:

Հիմա մի տեսանյութ ենք ներկայացնում, որտեղ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանում ներկայացնում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ապօրինի էությունը: Ուշադիր լսեք, քանի որ Վահե Գրիգորյանը իրավագիտության տեսանկյունից պրոֆեսիոնալ, բարձր մակարդակի մաստեր-կլաս է տալիս ՍԴ դատավորներին, Գագիկ Հարությունյանին:

Ու հետո տնտղեք, փորձեք գտնել ՍԴ որևէ դատավորի ելույթ, հոդված ու դրեք Վահե Գրիգորյանի ելույթի կողքին: Չեք գտնի: Եվ Վահե Գրիգորյանի դեմ հարձակումների պատճառներից մեկն էլ այն է, որ նրա պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի ֆոնին էլ ավելի ցայտուն է երևում ՍԴ անդամների տգիտությունը, նեղ մտածելակերպը, արժեքների, համոզմունքների բացակայությունը, գաղափարական սնանկությունը: Դրա համար էլ մրմռում են, ուղղակի պայթում են այդ հանգամանքից: Լսում ես Հրայր Թովմասյանին, տեսնում ես, էլի, մեջը դատարկ է, ասելիք չունի, իր մի խոսքը հակասում է իր հաջորդ իսկ խոսքին: 

Ու մի կարևոր տարբերություն էլ կա. Վահե Գրիգորյանը իրավունքը չի տարանջատում բարոյականությունից: 
Կարող են ասել, որ իրավունքը անհամատեղելի է բարոյականության հետ: Ոչ, դա պարտադիր է, եթե մարդը բարոյական նորմերը ստորադասում է, նա իրավունքն էլ է ստորադասում: Ու եթե Հրայր Թովմասյանը մի գրամ բարոյականություն ունենար, իրեն թույլ չէր տա ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնել հին սահմանադրությամբ, երբ իր իսկ գրած սահմանադրությամբ բոլորովին այլ բան էր նախատեսել: Ոչ ոք իրեն բան չէր ասի, եթե նա 12 տարով ընտրվեր, այլ ոչ թե մինչև 2035 թվականը: Կարող է՝ օրենքի տառին համապատասխանել է այս հնարքը, բայց դա անբարոյական քայլ էր: Իսկ բարոյազուրկ ՍԴ նախագահը դա պետականության համար մեծ սպառնալիք է:
Վահե Գրիգորյանը բազմաթիվ վերլուծություններ է հրապարակել ընտրությունների, ընտրակեղծիքների, դրանց մեխանիզմների, դրանց հակասահմանադրական բնույթի մասին: Ամեն մի վերլուծությունը դասագրքային փայլուն նմուշ է, որը պետք է բուհերում ուսանողներին սովորեցնեն: Այնպես որ, տգետների հարձակումները նրա վրա լիովին հասկանալի են:

Հ.Գ. Սոցցանցում օգտատերերից մեկը մի շատ դիպուկ բան էր գրել, մեջբերում ենք. «Երբ որ լրագրողները հարցեր են տալիս Ֆելիքս Թոխյանին, մարդ մտածում ա՝ էս ով ա էս մարդը, ոնց կարող ա էս մակարդակի մարդը լիներ ՍԴ-ում էսքան տարի, երբ որ լրագրողները Վահե Գրիգորյանին են հարցեր տալիս, մարդ մտածում ա՝ արա, ով են էս լրագրողները, ոնց կարող են էս մարդիկ լրագրող համարվեն»:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2829 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ