...

Ֆերմերները պատասխանին չեն հավատում

Ֆերմերները պատասխանին չեն հավատում

Խոզեր են սատկում 

Լոռու մարզի Աքորի համայնքում խոզերի անկումը շարունակվում է՝ «ՉԻ»-ն ահազանգում են գյուղացիները:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացում ֆերմեր Կարեն Ավետյանը մոտ 5 միլիոն դրամի վնաս է կրել: Նրա անասնագոմից մոտ 100 խոզ է սատկել:

Անկած կենդանիների հետքերով համայնք են գնացել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները:

Նրանց կողմից իրականացված ուսումնասիրություններով և ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ կենդանիների անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները:
Արձանագրվել է, որ երեք տնտեսություններում մեկ անասնագոմում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների հետ պահվում է նաև խոզ և զոոհիգիենիկ շատ վատ պայմաններում: Այցելության առաջին օրը հայտնաբերվել է 22 անկած խոզ:

Ֆերմերը չի վստահում լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Անկեղծանում է՝ իր անասնագոմի պայմանները ո՛չ շատ լավն են, ո՛չ էլ շատ վատը, ինչպես տեսուչներն են նկատել: Անասնագոմը չոր է եղել՝ կենդանիների նստելու տեղում էլ հարդ է լցրել: Նրա խոսքով՝ խոզեր սատկում են նաև շատ մաքուր պահվող անասնագոմերից:

«Իմ տնտեսությունում խառը անասուններ են եղել, բայց կողքի տնտեսությունում մենակ խոզ է եղել՝ մաքուր, «ակուրատնի»: 10 տնտեսությունում այդ դեպքերը գրանցվել են: Լավ, իմը թող հակահիգենիկ լինի, բա մյուսներինը ի՞նչ եղավ: 10 տարի նույն տնտեսությունում պահել ենք, հիմա՞ հակահիգենիկ եղավ: Գոմն ուղղակի հին է, լուսավորությունը լավ չի: Չեմ կարծում, որ տարածքից է: Մի տնտեսությունում էլ մոտ 60 խոզ է սատկել, մյուսում՝ շուրջ 20: Կարծում եմ, որ իրենց գտած հարուցիչները կարող են ամեն խոզի մեջ էլ լինել: Դրանից այսքան գլխաքանակի անկում չէր կարող լինել»,- փոխանցեց ֆերմերը:

Համայնքի բնակիչներն այլ կասկածներ ունեն: Ասում են՝ հնարավոր է այլ հիվանդություն լինի, մտավախություն ունեն, որ հանկարծ ժանտախտ չլինի: Աքորիում ոչ միայն այս 3 տնտեսությունների խոզերն են սատկում, կենդանիների անկման այլ դեպքեր էլ կան:

«Իրենց ներկայացրած պատասխանները թերի են՝ կիսատ-պռատ: Միայն անատոմիական հետազոտություն են արել: Ո՛չ հերքող բան կա, ո՛չ հաստատող: Իսկ վիրուսաբանական հետազոտության արդյունք ընդհանրապես չեն տվել: Պատվաստման մասսայական միջոցառում չի արվել: Կողքիս տնտեսությունում ընդհանրապես պատվաստում չի արվել: Իմն էլ ուշ է արվել, խոզերի նոր սերունդ է եկել, բայց պատվաստում չի արվել»,- նկատեց նա:

Աքորին հսկողության տակ է

Աքորիում ամենօրյա վերահսկողություն է իրականացվում: Տեսուչները տեղում են լինում, սատկած կենդանի լինելու դեպքում թաղվում է և ախտահանման աշխատանքներ են կատարվում՝ տեղեկացրեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

ՍԱՏՄ-ից հակադարձում են՝ անկման դեպքեր այլ տնտեսություններում չկան:

Պատճառները բացահայտելու նպատակով նաև փորձանմուշներ են վերցրել խոզերի կերերից: Հետազոտության արդյունքները դեռ պատրաստ չեն:

Ահազանգ՝ Երևանից

Վերջին օրերին խոզերի անկման թեմա բացվեց նաև Երևանում: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը համացանցում սատկած խոզերի նկար էր տեղադրել: Սատկած խոզերի նկարն արվել էր Հարավ-Արևմտյան թաղամասում:

«Այդ տարածքում կան խոզաբուծարաններ, բայց չեն խոստովանում, որ իրենք են տարել: Բնական պրոցես է, որ խոզաբուծարանում կարող են մի քանի անկման դեպքեր լինել: Տնտեսություններում մենք վերահսկողություն ենք սկսել, տեսուչները գնում են շրջայցի՝ հասկանալու համար, թե որտեղից են հայտնվել այդտեղ այդ խոզուկները, արդյոք հիվանդություն կա»,- փոխանցեց ՍԱՏՄ ներկայացուցիչը:

Ի դեպ, խոզերի անկման դեպքեր կան նաև Տավուշի մարզում:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ