...

Ֆիլմի վերջը

Ֆիլմի վերջը

Արժանապատիվ մուրացկանները

Սա այնպիսի շաբաթ էր, որի համեմատ Սուրմալուի պայթյունն ընդամենը մի թեթև միջադեպ կարելի է համարել: Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում թշնամին մի քանի հատվածում հարձակումներ գործեց, որի արդյունքում հարյուրավոր զոհեր ունեցանք: Իսկ ունեցանք, որովհետև պատրաստ չէինք ագրեսիային: Իսկ պատրաստ չէինք ագրեսիային, որովհետև պատրաստվում էինք խաղաղությանը: Զուռնա-դհոլով, գեղեցիկ ստատուսներով: 

Մտածում էին, թե Արցախի հարցը լուծված է, ուրեմն, ֆսյո, անցնում ենք նոր դարաշրջանի: Էն էլ, չստացվեց:

Իսկ չստացվեց, որովհետև խաղաղությունը մի ձև է լինում. արժանապատիվ: Բայց արժանապատիվի փոխարեն գերադասվեց մուրացող խաղաղությունը: Այսինքն՝ պարտությունը: Ու այսօր քաղաքական դաշտը, առաջին հերթին՝ խորհրդարանը, մուրացկանների համար մի ավելորդ փայ փախցնելու ոլորտ է: Մի հատ նայեք խորհրդարանին. արժանապատիվ խաղաղության հակառակորդներն են նստած: 

Ահա այսպես, մուրալով մեր պայծառ զինվորների հերթական սերունդն են կործանում: Անիմաստ է ինչ-որ բան բացատրել, կամ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, Քոչարյանի ռեբրենդինգի փորձերը: Ամեն մեկը խորտակվող նավում առնետի իր ֆունկցիան է կատարում: Կործանվի՝ կթռնենք, ջրի երեսին մնա՝ կմնանք, էլի մի բան կկրծենք:

Մեղավորը մարդկային արդարությունն է

Իշխանությունները նեղացած են: Առաջին հերթին՝ Ռուսաստանից, երկրորդ հերթին՝ միջազգային հանրությունից, երրորդ հերթին՝ ով մարդկային արդարությունից: Այսինքն, մինչև հիմա իրենց չորս տարվա վարած չքաղաքականության համար մեղավոր էին նախկինները՝ Լևոնով, Ռոբերտով, հիմա նաև՝ ամբողջ աշխարհը: Ոչ ոք չի հասկանում, բութ են, թե էս իշխանություններն ինչքան խելոք են, հասկացող:

Արարատ Միրզոյանը հայտարարում է. «Բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ և թերևս նաև գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան»:

Չասենք, թե այդ որ առանձին երկրին են ակնարկում արտգործնախարարը, թեպետ դա Ռուսաստանն է: Մենք էլ ենք քննադատում Ռուսաստանին, բայց մենք իշխանություն չենք, դա մեկ, երկրորդը՝ մինչև Ռուսաստանին քննադատելը մի հատ նայեք ձեր արածն ու չարածը: 

ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասում է՝ վերջ, ՀԱՊԿ-ն անհույս է, ջուրը քաշեք: Իհարկե, անհույս է, որովհետև ՀԱՊԿ-ն առաջին հերթին քաղաքական կառույց է, ի՞նչ քաղաքականություն եք վարել, որ ՀԱՊԿ-ից օգնություն ակնկալեք: Չգիտեի՞ք, որ ՀԱՊԿ-ում հիմնականում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերներ են նստած: Ու հիմա նոր ասում են՝ մեր հույսը մենք ենք: Իհարկե, մենք ենք: Իհարկե մենք ենք, բայց եթե այդ մենքի մեջ ձեզ դեռ հաշվում եք, ուրեմն՝ ոչ միայն ՀԱՊԿ-ից, ձեզանից էլ հույս չկա: 

Նորից ենք կրկնում. ձեզանից, այսինքն՝ մեզանից, ոչ ոք միջանցք չի ուզում, է՛, մեզանից մեր ապագան են ուզում: Միջանցքը դրա համար քիչ է: 

Մարդ ա լավացել

Ամենահետաքրքիրը «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայտարարությունն էր: Այն Խաչիկ Ասրյանը, որը պատրաստվում էր ջոկատ հավաքել ու մեկնել Ուկրաինա, Ռուսաստանի հետ կողք-կողքի դիմագրավելու ուկրաինացի նացիոնալիստ, բանդերական, ու էլի եսիմինչական ռեժիմի դեմ, հիմա հանկարծ հայտարարում է, որ եթե ռուսներն այսպես են իրենց պահում, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, «զուգահեռաբար Հայաստան հրավիրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ դառնալով ԱՄՆ-ի ռազմավարական լիարժեք դաշնակիցը» (ավելի քան վստահ եմ, որ միասնական Արևմուտքն՝ ի դեմս ԱՄՆ-ի, իր ռազմավարական դաշնակից պետությանը երբեք մենակ չի թողնի այդ պետության թշնամու դեմ. օրինակը՝ Ուկրաինան)»:

Սա նշանակում է, որ այս տեմպերով Ռուսաստանն այստեղ համակիրների մի ամբողջ բանակ է կորցրել: Վերջին հույսը Ռոբերտ Քոչարյանն է, որի անունը սակայն նույնիսկ իր համախոհներն են ամաչում տալ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1179 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ