Նոյյան տապանի շինարարությունն ավարտվել է, ու հիմա նստած՝ սպասում են ջրհեղեղին, որը տեղի է ունենալու հունիսի 7-ին։ Բայց ուղևորներն արդեն նախապես կազմված ցուցակով բարձրացել են տախտակամած ու զբաղեցրել իրենց խցերը։ Իսկ ինքը, ասենք թե համապատասխան գահին նստած, վերևից հետևում է նրանց ու պատկերացնում, թե ինչպես է փրկելու Հայաստանը, երբ նավն իջնի Հատիս լեռան վրա․․․
Այդ պահին ամպերի միջից որոտի պես ձայն է հնչում՝ «Գագի՛կ, որդյա՛կ իմ, լավ ես արել, որ տապանը կառուցել ես, բայց էս կողմ արի, որովհետև խոսալո՛ւ կա»։ «Լսում եմ, տեր իմ», ասում է ինքը ու ձեռքով նշան անում, որ թիկնապահներն ականջները փակեն։ Իսկ երկնքից լսվող ձայնը շարունակում է․ «Ախր ա՛յ Գագո ջան, շատ էլ որ ասել էի՝ ամեն ջուռա կենդանի կվերցնես, էդքան ՔՊ-ականների խի՞ ես տապան բարձրացրել։ Սենց որ նայում եմ՝ էլ՛ եղջերու, է՛լ ուղտ, է՛լ կոկորդիլոսաբույծ, է՛լ գոճի, է՛լ օպելով համբալ․․․ հերիք չի էդքան կենդանի ես լցրել նավը՝ Ռոբիկին էլ ես կանչել, բա որ հանկարծ կրակի-սպանի ու վրաները նստած նկարվի՞»։ «Մեղավոր եմ, տե՛ր, ասում է ինքը, բայց ես էդ կենդանիներին վերցրել եմ, որովհետև եթե հանկարծ նավին մի բան պատահելու լինի՝ դրանք արագ կլքեն նավը, ու մենք շո՛ւտ գլխի կընկնենք»։ «Էդ մեկը լավ ես մտածել, որդյակ, բայց ես ասել էի նաև, որ ուտելիքի պաշար վերցնես, իսկ դու Հարությունյան Արայիկին ես վերցրել, հո սաղ օրը ղափամա չե՞ք ուտելու։ Համ էլ, միևնույն է՝ գիրքը լավ չես կարդացել ու թարս ես հասկացել։ Այնտեղ գրված է, որ տապանն է իջնում Արարատի վրա, իսկ դու Արարատին ես իջեցրել տապանի վրա։ Միրզոյան Արոն ի՞նչ գործ ունի այդտեղ»։ «Ուրի՛շ մոմենտ ա, տե՛ր, պատասխանում է ինքը, պռոստը կարող ա պահի տակ պետք ըլնի մեկին թռցնենք, տեսնենք ջրհեղեղի ջրերը իջել ե՞ն, թե չէ, իսկ Արոն առանց թևեր թռնելու գործում լավ ա։ Բայց ես գիտեմ, որ կրթվելը նորաձև ա, ու գիրքը լավ էլ կարդացել եմ, այնտեղ ինչ-որ ագռավ-բան են թռցնում, դրա համար էլ պահեստային տարբերակ ունեմ․․․ Նառա, դու սուս։ Բա Նիկոլին ու Աննային խի՞ եմ տապան բարձրացրել։ Աննային կթռցնեմ, ու եթե հետ չեկավ՝ ուրեմն ջրերը իջել են, ցամաքը բացվել ա, ու ինքը մի տեղ դայաղված՝ բարեգործական հիմնադրամ-բան ա բացել․․․»։ «Փաստորեն Նիկոլն էլ է այդտե՞ղ, հարցնում է երկնքից հնչող ձայնը։ Դե ուրեմն իսկապես Հայաստանը փրկելու շանս կա, պետք է ընդամենը խորտակել տապանը, և վերջ։ Որդյա՛կ իմ, գնա ու արագի մեջ Նիկոլի ոտներից մի ծանր բան կապի, որովհետև էդ տեսակը չի սկում, միշտ մնում է ջրի վրա»։
Իսկ այդ ընթացքում տապանի վրա կյանքը եռում է։ ՔՊ-ականները փորձում են տախտակամածը ասֆալտ անելու փող կպցնել, մի քանի հոգի իրենց ձևով հեռադիտակով ինչ-որ գյուղ են փնտրում, որ գնան հանդիպեն մարդկանց հետ, ՀՀԿ-ականները փորձում են Սերժի հագով փրկարար ժիլետ կարել, դաշնակները սպասում են, թե երբ է ջրհեղեղը սկսվելու, որ Հայաստանն ինքնաբերաբար դառնա ծովից ծով․․․
Արթնանում է հակասական զգացողություններով։