...

Գևորգ Պետրոսյանի երազը

Գևորգ Պետրոսյանի երազը

2050 թվականն է: Վերջապես որոշում է տնից դուրս գալ, տեսնի՝ ինչ կա-չկա: Ասեղ գցելու տեղ չկա, մի 3 միլիոն մարդ մենակ Երևանում դուրս է եկել Հյուսիսային պողոտա և զբոսնում է: Վերաքննիչ դատարանի մոտ բազմություն է հավաքված, մոտենում է, պարզվում է, Քոչարյանի կողմնակիցներն են, պահանջում են, որ Աննա Դանիբեկյանը բավարարի փաստաբանների միջնորդությունն այն մասին, որ Ռ. Քոչարյանը վերջին 30 տարին մշտապես քրոնիկ հիվանդ է եղել ու այդ հիմքով դադարեցվի քրեական հետապնդումը: Բայց նիստը հետաձգվում է մինչև 2051 թիվը: 

Ձեռքը թափ է տալիս, շարունակում ճամփեն, տեսնում է, Սորոսի գրասենյակի մոտ Նարեկ Մալյանը ձվեր է շպրտում Բաց Հասարակության Հիմնադրամի տնօրեն Հայկ Ալումյանի վրա, վերջինս էլ նրա վրա դեռ փաստաբանական ժամանակներից մնացած պիցցաներն է շպրտում:

Գլուխն օրորելով գնում է, Օլիմպիական կոմիտեի շենքի դիմաց Նաիրա Զոհրաբյանին է տեսնում: «Հազիվ մի ծանոթ մարդ տեսա: Էս ի՞նչ կա էս կողմերում, Նառա»,- հարցնում է ինքը: «Հեչ, պրն Ծառուկյանը նիստ է անում ներսում, սպասում եմ, դուրս գա, հեսա ծոռանս կնունքն է լինելու, խնդրեմ, մի հատ սպիտակ «Նիվա» նվիրի»: «Հա՜»,- ծոր է տալիս ինքը:

Հաջորդ կանգառում Արթուր Վանեցյանին է ռաստ գալիս: Վերջինս մասնակցում է «Հայրենիք» կուսակցության 8467-րդ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: «Հարգելի ժողովուրդ, մենք վճռական ենք տրամադրված: Այս իշխանությունները պետք է հեռանան: Վստահեցնում եմ, որ մեզ թեժ տասնամյակ է սպասվում»:

Հասնում է Հրապարակ, տեսնում է մոտ 200 հազար մարդ մեծ էկրանով հետևում է ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆինալին, որտեղ Հայաստանի հավաքականը Գերմանիայի հետ է խաղում ու առաջին խաղակեսից հետո 3:1 կրում է: «Ասեց ու արեց էլի»,- քթի տակ մռթմռթում է ինքը:

Հրապարակի ժամացույցի տակ միայնակ դաշնակներն են միտինգ անում: Պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը դպրոցներում վերականգնի «ՀՅԴ պատմություն» առարկան ու ԵՊՀ պատմության ֆակուլտետն էլ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում անհատույց տրամադրի «Էդիկ Մինասյան» ուսանողական խմբակին: 

Բարձրանում է Բաղրամյան պողոտայով: ՍԴ շենքի մոտ Հրայր Թովմասյանն է ճեպազրույց տալիս. «Մեր բողոքն արդեն մուտքագրվել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ և մինչև այդ հարցով այնտեղ որոշում չկայացվի, իշխանությունները չեն կարող դադարեցնել իմ լիազորությունները»: 

Հասնում է խորհրդարան, որտեղ երկրի վարչապետը ելույթ է ունենում «Իմ վազքը» իշխող խմբակցության առջև: «Տեսեք, այստեղ իկոնոգրաֆիկայով լավ է երևում. մինչև 2100 թվականը Հայաստանը պետք է ունենա 10 մլն բնակչություն, բանանի արտահանումը պետք է ավելացնենք 120 տոկոսով, յուրաքանչյուր զինվոր ապահովված լինի անհատական ուղղաթիռով, Հայաստանի հոկեյի հավաքականն էլ օլիմպիական չեմպիոն դառնա»:  

«Արա´, ես զարմանում եմ, դու ո՞նց ես ստեղ ելույթ ունենում, երբ Ղարաբաղի հարցը հլը լուծված չի: Ի՞նչ սրտով ես հպարտանում քո թվերով»,- զայրացած բացականչում է ինքը ու հենց այդ պահին նրան են մոտենում երկու կիբորգ-ոստիկան: «Ինչո՞ւ դիմակով չեք»,- հարցնում է նրանցից մեկը: «Յա, 30 տարի դիմակ չեմ կրել ու էլի չեմ կրելու: Էդ սաղ սուտ ա»,- պատասխանում է ինքը: Հանկարծ մյուս կիբորգ-ոստիկանի դեմքի դիսփլեյին գրություն է հայտնվում. «Ուտիլիզացնել»: Իրեն բռնում են ու ասֆալտին փռում: 

Արթնանում է դիմակով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ