...

Գագիկ Ծառուկյանի երազը

Գագիկ Ծառուկյանի երազը

Հեղափոխությունն ավարտվել է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ծառուկյանը ճիշտ էր, ինքը՝ սխալ: 

Ու հիմա իրեն հռչակել են հետհեղափոխության առաջնորդ: Ինքը՝ «Երկրի ղեկավարի մասին» օրենքի համաձայն, պետության միջոցներից սպիտակ «Նիվա» է նվիրում նախկին ղեկավարին ու անմիջապես վառել տալիս: 

Ախրաննիկները երեք հերթափոխով իրեն ուսերին դրած, Առինջից Հրապարակ են իջեցնում: Ամբողջ ճանապարհին նրան ցնծությամբ ողջունում են «Առինջ-Մոլի», «Մուլտի-Գազի», մեկ էլ՝ «Գազպրոմ-Արմենիայի» աշխատողները ու ղազի բմբուլներ են թափահարում:

Հասնում են Հրապարակ: Բարձրանում է ոսկեզօծ հարթակ ու սկսում ելույթը. «Ժողովուրդ ջան, Ծառուկյան Գագիկը միշտ ժողովրդի հետ ա, ժողովրդով, ժողովրդի համար: Սրանից հետո այլևս ոչ ոք չի համարձակվի ձեր օբյեկտները ստուգել»: «Մուլտի-Գրուպի» ժողովուրդը բացականչում է. «Այո-ո-ո՜, ոչ մի ստուգում»: 

«Ու քանի որ Ծառուկյան Գագոն, այսինքն՝ ես, խոսք եմ տվել, որ միշտ հետամուտ եմ լինելու Ռուսաստանի շահերին, ուրեմն, լսեք, ինչ եմ որոշել: Ուրեմն, հայկական այբուբենը համապատասխան փոխում ենք կիլիրիցայի: Նառա, դու սո´ւս: Ի՞նչ: Հա, կիրիլիցայի: Հայկական ու ռուսական դրոշներն էլ իրար կխառնենք, կստացվի կարմիր, կապուտ, սիպտակ: Սենց թե նենց, երկու գույնն էլ նույնն ա: Կարմիրը խորհրդանշում ա կարմիր բանակը, կապուտը՝ կապուտ գազը, սիպտակն էլ մարմարն ա, էլի: Էն որ մեր ցեխում արտադրում ենք: Դրանից էլ, համապատասխան տրանսվեստիտից էլ: Ի՞նչ ես ասում, Գևոր: Հա, տրավերտին»:

Խոսք է խնդրում Արթուր Վանեցյանը: «Սիրելի հայրենակիցներ: Մեր բազմամյա պայքարն ընդդեմ նիկոլական բռնապետության հաղթանակով չէր ավարտվի, եթե չլինեի ես,- ասում է ինքը ու ծոցից հանելով ռուսական համարանիշները, թափահարում է գլխավերևում. «Նայեք, ես ռուսական համարանիշներ ունեմ, ու չեմ թաքցնում դա, ես հպարտ եմ իմ համարանիշով ու եթե հանկարծ մեկը Հայաստանում Ռուսաստանի վրա կասկածող լինի, ինձ հետ է գործ ունենալու»:

Այդ պահին Հրապարակի կենտրոնում իրարանցում է սկսվում: Մեկը գոռում է. «Պաժա´ռ, պաժա´ռ»: Իր ախրաննիկները վռազ վազում են այնտեղ, տեսնում, որ դաշնակները՝ որպես իրեն հավատարմության նշան, թուրքական դրոշ են վառում: «Լավ, լավ, Դաշնակցության պատմությունն էլ, որպես առանձին առարկա, կմտցնենք դպրոց, պրծա՞ ձեզանից»,- հոգոց հանելով ասում է ինքը ու հանկարծ նկատում, որ Նաիրա Զոհրաբյանը, ինչ-որ մեկի մազերից ու միրուքից բռնած, ուժգին քաշքշում է, քացով խփում ու անիծում. «Եզի մեկը, մի կտոր լափի համար ռադդ քաշել ես Ամերիկա, դու Ծառուկյանի եղունգը չարժես, թքեմ սիստեմիդ վրա...»: 

«Արա´, էդ ո՞վ ա, մի հատ ստեղ բեր»,- հրամայում է ինքը: Նաիրան այդ մարդու մազերից բռնած, քարշ տալով բերում է տղամարդուն: «Դեմքդ ծանոթ ա, անունդ ի՞նչ ա»,- հարցնում է ինքը: «Սերժ»,- պատասխանում է արյունլվիկ եղած մարդը: «Ո՞նց, Սաշիկի ախպե՞րը»,- շշմում է ինքը: «Չէ, էդ Սարգսյանն է, ես Թանկյանն եմ»: «Այ աղչի´, դու էլի ինձ պադստավկա ե՞ս անում»,- զայրացած աչքերը ոլորում է Նաիրայի վրա»: «Ֆսյո, երկու տարի քեզ ծնունդիդ համապատասխան բան չեմ նվիրելու»,- հայտարարում է ինքը:  

Հանկարծ որտեղից-որտեղ հայտնվում է Հրայր Թովմասյանն ու լացակումած ասում. «Պրն Ծառուկյան, քո արդարացման որոշումը Եվրադատարանը բեկանել ա, վախ-վա՜խ, վիշ-վի՜շ»:

Արթնանում է կինո «Հայրենիքում»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ