...

Գևորգ Պետրոսյանի երազը

Գևորգ Պետրոսյանի երազը

Ինքը պատրաստվում է պատերազմի: Մահճակալի տակ խրամատ է փորել, բլինդաժ պատրաստել, մտել մեջը ու գրտնակը ձեռքին, սպասում է հակառակորդի հարձակմանը:

Բայց անորոշությունը վրան ազդում է: Չի դիմանում, հեռախոսը վերցնում է, թաքուն լուրերը կարդում, չնայած, ՊՆ-ն հորդորել էր հեռախոսից լուրեր չկարդալ, քանի որ թշնամին դրանով մահճակալների գեոլոկացիոն վայրն է պարզում: Բացում է Հաքին.ազ-ը, որտեղ Մարինա Խաչատրյանը առանձին սյունակ է բացել և իր ռեպորտաժներն է գրում Ավան-Սևան միջհոգեբուժական կոնֆլիկտային գոտուց:

Մի երկու ժամ վայելելով Մարինայի նյութերը, անցնում է Մայդան.ազ-ին: Հենց առաջին էջում խոշոր տառերով գրած է, որ Հայաստանի իշխանությունները խիստ անհանգստացած են Արծրուն Հովհաննիսյանի և Շուշան Ստեփանյանի աճող ռեյտինգով և մտադիր են առաջիկայում ՀՔԾ-ի միջոցով նրանց լայքերի քանակը նվազեցնել:

Այդ պահին նրա հետ կապի մեջ է մտնում «Կոմայգի» կամավորական ջոկատի հրամանատար Մենուա Հարությունյանը. «Գևորգ, թիկունքդ պինդ պահի, սրանք գրանտ ծծող են, բան եմ ասում: Հարձակվում են միանգամից ու մի քանի տեղից»:

Ինքը գույնը գցում է: Ուրեմն վիճակը լուրջ է: Միացնում է Անժո TV-ն, իսկ այնտեղ եթերում ինչ-որ մեկը ծնկի է եկել Պուտինի նկարի առաջ ու աղաչում է, որ մի բան անի: Հաղորդավարի հետ միասին պաչում են նկարը, գլուխները խոնարհում, սակայն լուսանկարի միջի անձը անդրդվելի է մնում:  

Ինքը կատաղած փոխում է ալիքը, միացնում 169 TV, որտեղ գզգզված մազերով մի չաղ կնիկ, մի հատ մեծ պադաձյալնիկ ուսերին գցած, եթերի տաղավարում ավելը ձեռքին ընկել է Հրանտ Բագրատյանի հետևից ու գոռում. «Հողեմ կլյոխդ, հինչ արի՞ր, մուրազըհան ըլես, մեզ պադստավկա արիր, բեյմուրազ»: Երկու օպերատոր կողքից այդ տեսարանը նկարահանում են և ուղիղ եթեր տալիս. «Ահա դուք տեսնում եք, թե ինչպես են ադրբեջանցիները դաշտը ազատագրում օկուպանտներից»:

«Էս պատերազմը երկար ա տևելու»,- հոգոց է հանում ինքը ու գցում Դորդ ու Բեշ TV: «Գոնե ստեղ մի պոզիտիվ բան լսեմ»: «Բարև ձեզ, սկսում ենք մեր լուրերի թողարկումը,- ասում է Դորդ ու Բեշի հաղորդավարը: - Այսօր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչի առթիվ Ռոբերտ Քոչարյանը շտապ վերադարձել է Երևան»: 

«Այ, լավ ա, լավ ա, ցենտր ա»,- ուրախանում է ինքը ու բարձրացնում ձայնը: «Այսօր Իրանի նախագահը Ադրբեջանին վերջին զգուշացումն է տվել: Ռոբերտ Քոչարյանը Երևանից նորից մեկնում է Արցախ»: Մի քիչ հետո, հաղորդավարն ասում է. «ԵԱՀԿ համանախագահները խոսել են հաշտության հնարավորության մասին: Այդ առթիվ Ռ. Քոչարյանն այս պահին լոգանք է ընդունում»:

Փոխում է ալիքը, միացնում «Կենտրոն», բայց այնտեղ արդեն 17-րդ օրն է, ինչ միայն «Կարապի լիճը» բալետն են ցույց տալիս: 

Ճար չկա, միանում է Նիկոլի էջին: Նիկոլը զինվորների հետ է զրուցում, ինչ-որ կոորդինատներ է սլիվ անում: Կատաղում է, Նիկոլի լայվի տակ քոմենթ է գրում. «Արա´, այ տղա, քեզ դրել ես ասֆալտ փռողի տեղ, երբ մեր հերոսները բանտերում փթում են»: Մեկ էլ Նիկոլը նայում է իր ուղղությամբ ու հեռախոսով զինվորներից մեկին ասում. «Դե եթե թշնամու բոլոր կոորդինատները գիտեք, կրա´կ»:

Արթնանում է մութ ու ցուրտ պադվալում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 30, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ