...

Գազի սակագինը քաղաքական հարց է

Գազի սակագինը քաղաքական հարց է

Գազ մատակարարող պետությունը գին թելադրողի դերում

Մի քանի օրից Երևանում կկայանա  ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը:

Ռուսական կողմի հետ Հայաստանը կքննարկի նաև գազի գնի բարձրացման հարցը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հնարավոր է գազի սակագինը բարձրանա մինչև 30 տոկոս:

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ գին թելադրողը գազ մատակարարող երկիրն է: Փորձագետի խոսքով՝ ընդհանրապես գազի գնագոյացման տնտեսական պարամետրեր չկան: Արմեն Մանվելյանը շեշտեց, որ գազի սակագինը քաղաքական հարց է: Ասածը չի վերաբերվում միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին: Նույն գազամատակարարող ՌԴ-ն Եվրոմիության երկրիներին տարբեր արժեքով է գազ վաճառում: Օրինակ՝ կապույտ վառելիքը Գերմանիային 30 տոկոսով ավելի էժան է մատակարարում, քան Լեհաստանին:

«Խնդիրն այն է, թե ինչպիսի քաղաքական հարաբերություններ կկառուցվեն Ռուսաստանի հետ, դրանից էլ կորոշվի գազի արժեքի վերջնական արդյունքը»,- նկատեց նա:

Ըստ փորձագետի՝ գազի սակագինը ձևավորվում է ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունների արդյունքում:
Արդյո՞ք Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի. շատերիս մտահոգող այս հարցի պատասխանն, ըստ Մանվելյանի, կախված է ՌԴ-ի հետ ունեցած հարաբերությունների որակից: Մատնանշեց, որ գազի գնագոյացման հարցում մեր երկիրը լուրջ թերություններ ունի, ընդ որում Ռուսաստանի հետ հարաբերություններում լուրջ ձեռքբերումներ չկան:

«Գաղտնիք չէ, որ այդ հարաբերություններում կան անհարթություններ՝ սկսած ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ձերբակալության հետ: Այս հարաբերությունները հանգեցնելու են նրան, որ գազի գինն անընհատ թանկանալու է: Ռուսներն ունեն բացատրություն. ասում են՝ Եվրոպայում էլ է գազի գինը բարձրացել: Դա բացատրություն է՝ ցույց տալու, որ  քաղաքական ենթատեքստ չկա: Ենթատեքստը կա, և այս առումով Հայաստանը լուրջ խնդիրներ ունի գազի գնի շուրջ գալ երկարատև պայմանագիր կնքելու պայմանավորվածության: Նորօրյա չինովնիկները սա պետք է հասկանան և այս հարցը լուծեն»,- ասաց նա:

Գազի գինը ձևավորվում է ՀՀ-ՌԴ հարաբերությունների արդյունքում

Էներգետիկ անվտանգության փորձագետը Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում առկա խնդիրների պատճառ է տեսնում նաև Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումից հրաժարվելու ՌԴ ցանկությունը: Գազի արժեքի հնարավոր փոփոխության մեկ այլ վարկած էլ կա. ««Գազպրոմ Արմենիան» տեսնում է, թե ինչպես են իր երևանյան մասնաճյուղի նկատմամբ հարկային  հետաքննություններ, քրեական գործեր կատարում: Սա ազդում է Գազպրոմի տրամադրության վրա, որը նաև արտացոլում է Կրեմլի քաղաքականությունը, որովհետև դրանք փոխկապակցված են»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Գազի «թավշյա» գինը

Հունվարի 1-ից սահմանի վրա Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց:

Արմեն Մանվելյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է հասկանա, որ գազի սակագինը ՌԴ-ի հետ հարաբերությունների առաջ մղման գործիքներից մեկն է: Նա անցյալ տարի գազի սակագնի շուրջ ստեղծված քննարկումներից մեկի ժամանակ վարչապետի խորհրդականներին և մյուս պատասխանատուներին բացատրել է գազի  գնայագոյացմանը եղանակը,  դրա բարձրացման  բացասական հետևանքների և լուծման մասին: Նրանց հետ ունեցած խոսակցության արդյունքների հետ, սակայն հույս չի կապում:

«Նրանց կողմից պատասխանատվություն չտեսա, չեն հասկանում սխեման: Ինձ նույնիսկ համոզում էին, որ գինը կնվազի, բայց արժեքը 15 դոլարով թանկացավ և հիմա էլ բարձրանալու միտում կա»,- մտահոգություն հայտնեց նա:
Ի դեպ, իշխանությունները հույս ունեն, որ ռուսական կողմի հետ գազի սակագնի բանակցությունները դրական արդյունք կտան:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5118 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ