...

Գերագույն գլխավոր մոդերատորը

Գերագույն գլխավոր մոդերատորը

- Ինչո՞վ էիր զբաղված պատերազմի ժամանակ:

- Հեչ, լավ գործի էի:

- Բայց կոնկրետ ի՞նչ ծառայության էիր:

- Դե խախանդ լռված էի, մոդերատոր էի:

Դժվար թե աշխարհի որևէ բանակ դա անի, բայց հայկական բանակը պարզապես պարտավոր է նոր սպայական կոչում սահմանել՝ գերագույն գլխավոր հրամանատար, մոդերատոր: Այդ առթիվ կարելի է անգամ նոր գլխարկ պատվիրել, որտեղ «դուխովի» փոխարեն գրված կլինի՝ «գլխավոր մոդերատոր»:

Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ որքան փորձում է արդարանալ, այնքան նմանվում է նրանց, ում մերժել է: Քոչարյանն ու Սարգսյանն էլ էին ժամանակին նույն բանը անում, պարզապես գալիս էին հակառակ կողմից: Նրանք էլ ջանք չէին խնայում համոզելու, որ առաջին Արցախյան պատերազմը հաղթելու հետ կապ չունի այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը: Հիմա նույնը անում է Փաշինյանը՝ համոզելով, թե ինքը պարտության հետ կապ չունի, որևէ բան չի հանձնարարել՝ գեներալը առաջարկել է, գեներալը գնահատել է, գեներալն իրականացրել է: Մի խոսքով՝ կամեդի քլաբի իսկական հերոս՝ Рафик ни в чем не виноват:

Իրականության զգացումը կորցնելը հենց այն է, ինչ վիճակում ներկայումս գտնվում է Փաշինյանը: Փորձելով համոզել, որ ինքը մեղավոր չէ, նույն ելույթի ժամանակ հերքում է ինքը իրեն: Սկզբում ցույց է տալիս զեկույց, որտեղ ասվում է, որ Հայաստանը ռազմավարական ենթակառուցվածքների ռեսուրսով անդառնալիորեն պարտվել է Ադրբեջանին, հետո հղում է անում Օնիկ Գասպարյանին, թե ես մեղավոր չեմ, ինքն է ասել, որ հաջողությամբ հետ կմղենք ադրբեջանական ագրեսիան: Բա մոդերատոր ջան, ինչու, երբ Օնիկ Գասպարյանը բոցաշունչ զեկուցում էր, որ հետ կշպրտենք ադրբեջանցիներին, չհարցրիր՝ ընկեր, ինչպե՞ս ենք հետ շպրտելու, չէ՞ որ դեռ 2017 թվականի զեկույցի համաձայն՝ բոլոր չափորոշիչներով անհույս պարտվում ենք թշնամուն: Մոդերատոր՝ դեռ չի նշանակում մեխի գլուխ, իրեն հարգող մոդերատորը հարցեր է տալիս, երբ տեսնում է, որ զեկուցողը վիճահարույց թեզեր է առաջ քաշում: Գերագույն գլխավոր հրամանատարը խորհրդարանի խոսնակը չէ, որ պատասխանատվություն չկրի Ազգային ժողովում հնչած ելույթների կամ ընդունված որոշումների համար:

Լավ, ընդունենք չհասկացար, թե ինչ են առաջարկում գեներալները և համաձայնվեցիր նրանց փաստարկներին: Այդ դեպքում հաջորդ հարցն է առաջանում. տեսնելով, որ ձախողեցին օպերացիան, ինչը դրդեց, որ դեռ հաջորդ օպերացիան չսկսած նրանց շնորհես նոր բարձր կոչումներ և պետական ամենաբարձր պարգևներ: Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ այդպիսի կոչումների արժանացան Օնիկ Գասպարյանը, Տիրան Խաչատրյանը, Ջալալ Հարությունյանը և շատ ու շատ այլ գեներալներ: Այսինքն՝ ոչ միայն օպերացիայի սկզբում, այլև ձախողումից հետո էլ չես ընկալել, թե ինչ է տեղի ունեցել: Ճիշտ նույն կերպ, ինչպես չես ընկալում, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի հետևանքով:

Քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց արդեն ամբողջովին պարզ է, թե ինչ ռեպերտուարով է հանդես գալու գլխավոր մոդերատորը: Հին հիթերի կատարում՝ համեմված մի քանի նոր կլիպներով՝ խոնարհումների ու կոկորդիլոսի արցունքների տեսարաններով:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ