...

Ռազմավարական սխալի ճանապարհային քարտեզ

Ռազմավարական սխալի ճանապարհային քարտեզ

Սխալը ենթադրում է պատասխանատվություն: Անպայման չէ, որ այն լինի քրեական օրենսգրքով: Բայց նաև սխալի ընդունումը արժեզրկվում է, եթե սխալվողը չի կրում որևէ տեսակի պատասխանատվություն:

Եթե քաղաքական կամ պետական գործիչն ընդունում է իր սխալը, ապա դրան պետք է հետևի կոնկրետ գործընթաց: Ժողովրդավարության պայմաններում այդպիսի պատիժ են նոր ընտրությունները՝ անկախ այն բանից, թե որոշ ժամանակ առաջ որքան վստահության քվե ես ստացել:

Բայց Նիկոլ Փաշինյանին թվում է, թե մեկի ոտքն է պատահաբար տրորել, և կարելի է սահմանափակվել շարքային ներողությամբ: Իր հրապարակած ճանապարհային քարտեզի սկզբում նա ընդունում է, որ միակ սխալվողն ու պատասխանատուն ինքն է, բայց, ըստ այդ քարտեզի, բոլորը կկրեն պատասխանատվություն` բացի իրենից:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը պատմում էր, որ իրեն ձերբակալելուց հետո իշխանության էմիսարները եկել են իր մոտ` բանակցելու, որ Սերժ Սարգսյանը մնա իշխանության մինչև հոկտեմբեր ամիսը և անցկացնի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Այդ ժամանակ ժողովուրդը լավ ծիծաղեց Սարգսյանի ախորժակի վրա:

Հիմա նույն վիճակում հայտնվել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշում է մի շարք սոցիալական խնդիրներ, որոնց լուծման համար իրենից կպահանջվի 6 ամիս: Այդ խնդիրները չեն կարող 6 ամսում լուծվել, պարզապես Փաշինյանը փորձում է այդ ժամանակն օգտագործել ի շահ իրեն` լավագույնս դիրքավորվելու նպատակով: Եթե գործող վարչապետը մտավախություն ունի, որ 17 կուսակցությունները կօգտագործեն ժողովրդի և հատկապես պատերազմի հետևանքով զրկանքներ կրած մարդկանց խնդիրները` քվե ստանալու համար, ապա անհրաժեշտ էր երկու տարի առաջ փոխել Կուսակցությունների մասին օրենքը և Ընտրական օրենսգիրքը: Պետք էր այնպե՛ս փոխել վերոհիշյալ երկու օրենքները, որ ոչ մի կուսակցապետ չկարողանար բարեգործության անվան տակ քաղաքական դիվիդենտներ շահել, առավել ևս` ժողովրդի քվե ստանալ:

Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ պատերազմի սկսման և ընթացքի վերաբերյալ ունեցել են սխալ ռազմավարական կանխատեսումներ: Հիմա նա անում է երկրորդ սխալը՝ փորձելով հետաձգել նոր արտահերթ ընտրությունների անցկացումը: Արմատական ընդդիմությունը հռչակել է, որ գործող իշխանությունն այլևս չի վայելում ժողովրդի վստահությունը և անելու է ամեն ինչ, որ ոչ մի բարեփոխում կամ իրավիճակը կայունացնող մեխանիզմ կյանքի չկոչվի:

Նիկոլ Փաշինյանը երեկ էլ կրկնեց, որ չի դավաճանելու ժողովրդին: Նրա գլխավորած ուժն ամեն դեպքում մեկ կարևոր գործ արել է: 20 տարվա ընդմիջումից հետո ժողովրդին վերադարձրել է քվեարկությամբ իշխանություն ձևավորելու իրավունքը: Հիմա ժողովրդին չդավաճանելու լավագույն ապացույցը կլինի, եթե Փաշինյանը երաշխավորի և կազմակերպի ևս մեկ նմանատիպ ընտրություն: Դա չափազանց կարևոր է Հայաստանի հետագա ընթացքի համար:

Ընդդիմություն ասվածն ինքն էլ հակված չէ հենց հիմա ընտրություններ անցկացնելուն, քանի որ հասկանում է՝ մի բան է գործող իշխանությանը քննադատելը պարտության ֆոնին, մի ուրիշ բան է ժողովրդի վստահության քվե ստանալը՝ հաշվի առնելով իրենց հետագիծը: Ընդդիմությունն այլ բան է ցանկանում. հիմա` առանց ընտրությունների, որևէ անհասկանալի կառույցի անվան տակ վերցնել իշխանությունը, իսկ հետագայում կազմակերպել այնպիսի ընտրություններ, ինչպիսիք կազմակերպել են քսան տարիների ընթացքում:

Երկու ամսվա ընթացքում ընտրություններ չկազմակերպելու դեպքում Փաշինյանը կանի երկրորդ ռազմավարական սխալը, բայց արդեն ներողություն խնդրելով չի փրկվի:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1148 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ