...

Ղարաբաղը և 2003թ. ընտրությունները

Ղարաբաղը և 2003թ. ընտրությունները

ՆԱԽԱԿԱՆԽԱՎ   

Հին, բայց բավականաչափ դիպուկ նկատված փաստ է, որ գլխացավի բուժման առավել հաջող եղանակը գիլյոտինն է: Եթե չեմ սխալվում, դա նկատել էր Ռոբեսպիերը, որը նման յուրահատուկ ձևով գլխացավից բուժեց Դանտոնին: Այս ամենը կիրառելով տնտեսության մեջ, կնկատենք, որ եթե իշխանություններն ուզում են սեփականաշնորհել այս կամ այն ձեռնարկությունը և apriori գիտեն, որ հասարակական կարծիքը դրան դեմ է, նրանք սնանկացնում են այդ ձեռնարկությունը, որպեսզի նույն հասարակական կարծիքը խնդրի, աղաչի-պաղատի սեփականաշնորհել տվյալ ձեռնարկությունը:

Քաղաքականության մեջ գրեթե նույն բանն է տեղի ունենում: Բավական է, որպեսզի իշխանության գա որևէ մեկը, որը չունի բավարար քաղաքական հենք, այդ մեկը կաշխատի, որ կամ ժողովուրդը զգա տվյալ անձի խիստ անհրաժեշտությունը, կամ էլ նա պետք է այնպես անի, որ չեզոքացնի հնարավոր մրցակիցներին՝ զրկելով նրանց խոսակցության թեմայից:

Երբ 1917թ. փետրվարի սկզբին Ռուսաստանը կանգնած էր ռազմական կատարյալ պարտության եզրին, իսկ երկրում հեղափոխությունն արդեն ոչ թե ամիսների, այլ օրերի և ժամերի խնդիր էր, ցարական կառավարությունը երկրում կայունությունն ապահովելու և հայրենասիրական ալիք բարձրացնելու նպատակով որոշեց հանձնել Ռիգա քաղաքը: Սակայն ձախերը կողմնորոշվեցին ավելի արագ և գահընկեց արեցին ցարին: Կարճ ժամանակում ձախերն ապացուցեցին երկիրը ղեկավարելու իրենց լիակատար անընդունակությունը և որոշեցին բոլշևիկյան հեղաշրջումից խուսափել նույն Ռիգան հանձնելու ճանապարհով: Բոլշևիկներն իրենց հերթին մեղադրեցին Կերենսկուն, որ ցանկանում է հանձնել ոչ միայն Ռիգան, այլև ողջ Մերձբալթիկան՝ ներառյալ Պետրոգրադը: Հենվելով ժողովրդի բնական դժգոհության վրա, նրանք գցեցին կառավարությունը, ստեղծեցին նորը և անմիջապես հանձնեցին ոչ միայն Մերձբալթիկան, այլև Ուկրաինան, Բելոռուսիան և մի հալալ կտոր Կովկասից, որից հետո ժողովրդին առաջարկեցին զբաղվել խաղաղ ստեղծագործ աշխատանքով: Մրցակիցներն, իհարկե, մեղադրեցին Լենինին «մայր Ռուսաստանը» ծախելու մեջ: Բայց հարցն արդեն գտնվում էր բարոյական հարթության վրա:

Կարծում եմ, որ նույն պատկերն է նաև Հայաստանում: Քոչարյանն իշխանության եկավ պատերազմի մահակը ոչ երկիմաստ ճոճելով, «անցնինք Սասուն, կտրինք Վան» անմահ կարգախոսով: Սակայն գալով իշխանության՝ Քոչարյանը հայտնաբերեց, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, այսինքն ինքն էլ չէր ուզում, թե չէ կարող է այնպես ստացվել, որ Ալիևը լուրջ ընկալեր ռազմաշունչ կոչերը և նախահարձակ լիներ: Պատերազմին այսօր չի դիմանա ոչ մեր բազմաչարչար ժողովուրդը, ոչ էլ տառապած բյուջեն: Սակայն չէր կարելի նաև ընդունել «նախկին հանցավոր ռեժիմի» խաղաղության տարբերակները: Մեծ էր վտանգը, որ Քոչարյանի կառավարությունը ևս կպիտակավորվի որպես ապազգային և հանցագործ: Հետևաբար պետք էր այնպես անել, որ խաղաղությունը, որքան էլ ծանր լինի, ժողովրդին թվա պատերազմից խուսափելու միակ հնարավոր տարբերակը: Կարծես թե վերջին երեք տարում Քոչարյանի վարչակազմն ամեն ինչ արեց, որպեսզի բանակցային գործընթացը, եթե ոչ փակուղի, ապա ինչ որ նեղլիկ և անհասկանալի փողոց մտցնի: Բանակցային գործընթացից օտարվեց Լեռնային Ղարաբաղը, հակամարտությունը հանգեց փաստորեն Ալիև-Քոչարյան ուղղակի երկկողմանի առնչություններին: Հօդս ցնդեց այն մրցակցային իրավիճակը, որը ստեղծվել էր 92-93թթ., երբ խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատում էին մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ՝ Իրանը, Ռուսաստանը, ԱՊՀ-ն, ԵԱՀԿ-ն և այլն: Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ այժմ բանակցություններն ընթանում են կամ-կամ սկզբունքով: Բնականաբար այս պայմաններում Քոչարյանը հանգիստ խղճով կարող է դուրս գալ ժողովրդի առջև և հարցնել. «Դուք պատերա՞զմ եք ուզում»: Ցանկացած անձ, եթե իհարկե շիզոֆրենիկ չէ, պատերազմին դեմ կլինի: Որպեսզի լրիվ համոզված լիներ այս գործարքի էֆեկտիվության մեջ, իրենց քաղաքական համարող իշխանամետ մի քանի գործիչ հանդես են գալիս պատերազմի հրձիգների դերում:

Սակայն ընթերցողն իրավունք ունի հարցնել. ինչու՞ է այս ամենը պետք Հայաստանի գործող ղեկավարին: Մի շատ պարզ պատճառով: Երեք տարվա ընթացքում Քոչարյանին չհաջողվեց ստեղծել մի քաղաքական ուժ, որը կարտահայտի իր քաղաքական ծրագրերն ու գաղափարախոսությունը: Չհաջողվեց նույնիսկ մշակել հոդաբաշխ գաղափարական պլատֆորմ: «Իմ կուսակցությունը՝ ժողովուրդն է» կարգախոսը դադարեց աշխատել մի քանի մեղմ ասած ոչ պոպուլյար տնտեսական գործարքներից հետո: Իսկ այժմ եթե չկա Ղարաբաղի հարցը՝ մրցակիցները չունեն խոսելու թեմա: Ավելին, նա կարող է մրցակիցներին հարցնել. «Լավ, դուք դեմ եք իմ ստորագրած փաստաթղթին: Բայց տեսաք, որ դա պատերազմից խուսափելու միակ միջոցն էր: Համ էլ ի՞նչ կարող եք փոխել»: Այստեղ Քոչարյանը բացարձակ ճիշտ կլինի: Այլևս ոչ ոք ոչինչ չի կարող փոխել, առաջին պլան կգան այլ հարցեր, առաջին հերթին սոցիալական և տնտեսական, իսկ Քոչարյանը հնարավորություն կստանա քաղաքականապես ոչնչացնել մրցակիցներին, քանի որ բյուջեին տիրապետողը միշտ էլ շահավետ վիճակում է: Արդյունքում՝ 2003թ. Քոչարյանին կհաջողվի հաշտ ու խաղաղ ընտրվել Նախագահ:

Դերենիկ Գրիգորյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 175, 30 մարտի 2001 թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1004 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ