...

Ղարաբաղը տվեց վեց տարի առաջ

Ղարաբաղը տվեց վեց տարի առաջ

Հերթական անգամ հիշենք, թե ինչ էին ասում իշխանությունները 20 տարի առաջ: Հատկապես դաշնակները, որոնք յոթմղոնանոց քայլերով Արցախի հարցում առաջընթացներ էին ապահովում: Բայց միայն Ռ. Քոչարյանի համար: 

«Երեկ լրացավ ՀՀ առաջին նախագահի հրաժարականի վեց տարին։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը գտնում է, որ Ղարաբաղի հարցում եթե վատ բան չի եղել, դա արդեն դրական է. «Նոր իշխանությունների օրոք մոտեցումն այն էր, որ փուլային տարբերակը բացառվի և ընտրվի ավելի շուտ փաթեթային տարբերակը։ Ես կարծում եմ, որ քիուեսթյան տարբերակը մեզ համար ավելի բարենպաստ է, քան Լիսաբոնում, քան՝ Կոպենհագենում։ Եվ կարծում եմ, արցախյան հիմնահարցում սա բավականին առաջխաղացում է։ Այսօր էլ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, մանավանդ միջազգային ատյաններում, ոչ ոք չի պատկերացնում, որ հարցը շուտափույթ լուծման խնդիր է։ Կարծում եմ, այս իրավիճակում, անցած վեց տարիների ընթացքում մեր կողմից զիջումներ չեն եղել։ Օրըստօրե Արցախում մեր տնտեսությունը ավելի է ամրապնդվում, ներդրումներ են կատարվում, ճանապարհներ են կառուցվում, պաշտպանական դիրքերն են ամրանում։ Սա, կարծում եմ, մեզ համար ձեռքբերում է»։

Հայաստանի համար դրակա՞ն երևույթ էր Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ մեր այդ հարցին Հրայր Կարապետյանը պատասխանեց. «Եթե ես ձեռքբերումները շեշտում եմ, ուրեմն նաև հենց ենթատեքստում ասում եմ, թե ինչո՞ւ այդ ձեռքբերումները չկային դրանից առաջ»:

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյան. «Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա մեկ բան ակնհայտ է։ Այն ժամանակ շատ էին պնդումները, որ հարցը պետք է լուծվի արագորեն։ Կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէր։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղի խնդրի լուծման վրա այդ հրաժարականը դրականորեն ծառայեց»։ 

Պատգամավոր Մանուկ Գասպարյանը հակառակ կարծիքին է. «Ռ. Քոչարյանը Ղարաբաղը տվեց վեց տարի առաջ»։ Պատգամավորն այն կարծիքին է, որ եթե վեց տարի առաջ Ղարաբաղը մերն էր և ազատ, այսօր այն «միջազգային փաստաթղթեր է մտել որպես գրավյալ տարածք»։ Մանուկ Գասպարյանը հույս ուներ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո երկրի վիճակը կլավանա, «կլանի, մոնոպոլիայի հարցը կկարգավորվի, սակայն վեց տարի առաջ գործում էր 7-8 կլան, այսօր՝ մեկ կլան՝ ղարաբաղյան կլանը։ Եթե վեց տարի առաջ կերակրամանից ավելի շատ մարդ էր օգտվում, այսօր օգտվում է միայն ղարաբաղյան կլանը»։ Ըստ Մանուկ Գասպարյանի՝ «եթե Լևոնը մնար՝ ավելի ճիշտ կլիներ, քան երբ եկավ էս անփորձ մարդը»։ Առավոտ, 04.02.2004

ՎԱՐԿԱՆԻՇ

   1411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ