...

Համատեղ «ղազագիր»՝ ապրելու իրավունքի դիմաց

Համատեղ «ղազագիր»՝ ապրելու իրավունքի դիմաց

ԱՐՈՏԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ

Ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացված 11 խմբերն ու խմբակցությունները մի բավականին աղիողորմ հայտարարություն են ընդունել, որով հայտնի չէ, թե ում աղաչում-պաղատում են հանկարծ Ադրբեջանին կոմունիկացիոն որևէ կապ չտրամադրել «Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության հաշվին»: Խորհրդարանի քաղաքական միտքը (ներողություն արտահայտության համար) գտնում է, որ Ղարաբաղի հարցում մեզ համար միակ ընդունելի լուծումը կամ Ղարաբաղի միացումն է Հայաստանին, կամ ԼՂՀ լիակատար անկախությունը: Ով որ կասի, թե սա փոխզիջում չէ, ապազգային թափթփուկ է:

Ի՞նչ են ուզում ասել այս «ազգային-ազատագրական հայտարարության» հեղինակները: Նորմալ մարդկային լեզվով թարգմանած՝ սա նշանակում է. «Մենք ոչ մի զիջման գնալ չենք ուզում, որովհետև էշին նստելը մի աիբ է, իջնելը՝ երկու: Բայց խնդրում ենք ըմբռնումով մոտենալ և չծեծել մեզ: Թե չէ կլացենք, իսկ մեր լացի ողջ պատասխանատվությունը կընկնի միջազգային հանրության վրա»:

Չմեռանք՝ էս օրին էլ հասանք: Սրճարաններում Ստամբուլն արյան ծով դարձնողներո~վ, բարալիկ ձայնով ցեղապաշտներո~վ, վետերոկային երկրապահներո~վ, համաշխարհային ազգի՝ որքան ազգային, ճիշտ նույնքան էլ ժողովրդավարական ծաղրանկարներո~վ, օրումեջ ընդդիմադիր կոմունիստներո~վ... Ռոբերտ Քոչարյանի մատի մի շարժումով իրար ոտնատակ տալով շտապեցին հայտարարություն ընդունել «առ այն», որ Մեղրին չենք տա, Ղարաբաղը չենք տա... Իսկ «գրավյալ» (մինչև վերջերս՝ «ազատագրյալ») տարածքները՝ խնդրեմ:

Մի հարցնող լինի՝ ձեր ի՞նչ գործն է միջազգային հանրությունը: Պահանջելու բան ունեք՝ ձեր նախագահից պահանջեք, չէ՞ որ ըստ ՀՀ Սահմանադրության նա է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը (ներողություն «նախագահ» և «Սահմանադրություն» բառերը նույն նախադասության մեջ օգտագործելու համար): Կամ հարցնող լինի՝ իսկ ի՞նչ գիտեք, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է. սուրճի բաժակ նայողի մո՞տ եք գնացել: Նախագահը մի քանի անգամ հայտարարեց, չէ՞, որ Մեղրիի հարց եղել է, բայց մերժվել է: Քանի՞ գլխանի եք, որ նրան չեք վստահում (մեղա, մեղա): Կամ հարցնող լինի արյունով գրաված հողերը տալու եղանակների մասնագետ դաշնակներին՝ բա ի՞նչ եղավ ձեր տեսլականը. իշխանության հա՞մ առաք, այնքան համով էր, որ մոռացա՞ք ամեն ինչ:

Թե՞ չհասկացաք, որ նախագահը ձեզ նման «ղազագիր» է ստորագրել տվել, որ մի կուշտ ծիծաղի ձեզ վրա՝ Հայաստանում (պատասխանատվությունը կիսեցիք, չէ՞) ու միջազգային հանրության վրա՝ արտասահմանում (կասի, որ իր մերժման պատճառը խորհրդարանն է ու քթի տակ կծիծաղի): Բայց երևում է՝ հասկանալով արեցիք: Ու հասկացել եք, թե ինչ հետևանքներ է ունենալու: Բայց մտածում եք ոչ թե հետևանքների մասին, այլ այն մասին, թե ով է կրելու դրա «ողջ պատասխանատվությունը»: Մտածելու կարիք չկա, դուք եք կրելու պատասխանատվությունը:

Ինչո՞ւ դուք, և ոչ նախագահը: Որովհետև նախագահն այստեղ օտար է. դրսից եկել է, դուրս էլ գնալու է: Ժողովուրդը նրանից պահանջելու բան չունի: Պահանջելու բան ձեզանից ունի, որովհետև կարող եք պայքարել, բայց չեք պայքարում. ծամում եք ձեզ մեծահոգաբար շնորհված մի կտոր արոտն ու ամեն կերպ վարձահատույց լինում այդ մեծահոգության համար:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 191, մայիսի 1, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ