...

Համայնքների խոշորացման հարցը կորոշվի հանրաքվեով

Համայնքների խոշորացման հարցը կորոշվի հանրաքվեով

21 համայնքից 2-ը կդառնան

Համայնքների խոշորացման ծրագիրը կշարունակվի: 

Կառավարությունը հավանություն է տվել վարչատարածքային բարեփոխումներ իրականացնելու օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին, որով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր և այդ համայնքներում անցկացնել ՏԻՄ ընտրություններ:

Օրենքի ընդունման պարագայում կձևավորվեն Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո բազմաբնակավայր միավորված համայնքները: Արդյունքում 21 համայնքից կձևավորվի 2-ը:

Լոռու մարզում կմիավորվեն մեծ մասամբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված Լերմոնտովո և Անտառաշեն համայնքները, իսկ Տավուշի մարզում՝ նախկին Իջևանի շրջանի թվով 19 համայնքները՝ Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն: Այսպիսով՝ Տավուշում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:

Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համայնքների խոշորացումը վիճահարույց հարց է: Նա այն չափազանց վատ որոշում համարեց, քանի որ համայնքները խոշորացվել են առանց բնակիչների կարծիքն իմանալու: Խոշորացման գործընթացը շուրջ 1․5 տարի կանգ էր առել։ 

Այս ընթացքում կառավարությունը փորձում էր հասկանալ  խոշորացման դրական ու բացասական կողմերը։ 
Նոր Հայաստանում համայնքների միավորման հարցը կորոշվի տեղական հանրաքվեով:

Խոշորացմանը դեմ համայնքում կարող է ձևավորվել նախաձեռնող խումբ՝ ընտրողների 20 տոկոսի ստորագրությամբ։ Երբ հանրաքվեն նախաձեռնվում է և դե յուրե արձանագրվում է, որ համայնքի մեծամասնությունը դեմ է խոշորացմանը, այս դեպքում համայնքի կարծիքը հաշվի է առնվում: Կառավարությունը ձեռնպահ կմնա այդ համայնքի խոշորացումից:

«ՉԻ»-ի հետ զրույցում խոշորացման ցանկի մեջ ընդգրկված համայնքի բնակիչները դժգոհել են, որ դեմ են մեծ փնջերով միավորմանը: Առաջարկում են միավորել մեկ-երկու գյուղ: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարներն, օրինակ, առաջարկում են փունջ ձևավորել միայն սահմանապահ գյուղերով:

Նրանք չեն բացառում, որ նախաձեռնող խմբեր կձևավորվեն և կասեն՝ ուզում են միավորվել, թե՝ ոչ:

Հայաստանի գյուղերի միավորման ծրագիրը սկսվել է 2016 թվականից: Ծրագիրը մեկնարկելուն պես բազմաթիվ բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Վերջերս Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի բնակիչներն էին ընդվզում ծրագրի դեմ: Նրանց փաստարկներով՝ խոստացված ծրագրերը մնացել են անկատար:

Հիշեցնենք, որ մինչև օրս իրականացվել է համայնքների միավորման թվով 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք: Մինչ միավորումը կար 915 համայնք:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ