...

Հանքարդյունահանողն անբարեխիղճ է, պատկան մարմինն էլ տեղում չէ

Հանքարդյունահանողն անբարեխիղճ է, պատկան մարմինն էլ տեղում չէ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։  

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարեց, որ վթարն արդեն վերացվել է։ Իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ: Վթարի պատճառներն ուսումնասիրվում են, ինչպես նաև կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ: Ընկերությանն էլ  հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։ 

Կապանի բնակիչ Անի Սարգսյանի փոխանցմամբ՝ առավոտյան նկատել են, որ գետի ջրի գույնը փոխվել է՝ այն ասես ցեմենտաջուր լինի:

Իսկ  բնապահպանները տեղի ունեցածը էկոլոգիական հանցագործություն են համարում:

Բնապահպան Սիլվա Ադամյանի կարծիքով՝ եթե Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր աշխատանքները լավ կատարեր, ապա այսօր նման խնդիր չէր առաջանա:

«Տեսչական մարմինն իր տեղում չէ, չի կատարում իր գործառույթները,  լինի դա այս դեպքում, «Թեղուտի», թե մյուսների դեպքում: Նայում ես՝ ինչ-որ աշխատանքներ են կատարում՝  այսքան թռչուն բաց թողեցինք, այս արեցինք: Այո, դա շատ լավ է, բայց մեզ մոտ կարևորը հանքարդյունաբերական խնդիրներն են: Տեսչական մարմինը պետք է պարբերաբար ստուգումներ անցկացնի, չափումներ անի՝ տեսնեն պոչանքներն ինչ վիճակում են, չեն անում և վերջ»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նա:

Բնապահպանները մշտապես խոսել են Արծվանիկի պոչամբարի խնդիրների մասին:

Դեռ մեկ տարի առաջ բնապահպանները Արծվանիկի պոչամբարը տեսել են և լուսանկարել: Արձանագրել են, որ վիճակն աղետալի է:  

«Պոչանքները թույլատրելի սահմանն անցել են: Այդտեղ ջուր կա, որից օգտվում են գյուղացիները: Ընտանի կենդանիները պոչամբարի կողքին են արածում, մարդիկ այգիներ են հիմնել պոչամբարի կողքին: Եվ այդ աղտոտված մրգերից նրանք օգտվում են, այն դուրս է գալիս նաև երևանյան շուկա»,- մատնանշեց Ադամյանը:

Մեր զրուցակիցը ստեղծված իրավիճակում նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ-ի մեղքի բաժինն է տեսնում.

«Մեր բոլոր հանքարդյունահանողներն անբարեխիղճ են՝ 99 տոկոսը: Այստեղ պետական մարմինները պետք է մեծ դեր խաղան, գնան վերահսկեն, տուգանեն, փակեն: Քանի որ իրենք դա չեն անում, հանքարդյունահանողներն էլ օգտվում են այդ առիթից: Սա միշտ է եղել»:

Բնապահպանը նկատում է, որ շուտով նույնպիսի վթար կլինի նաև «Թեղուտի» դեպքում: Պատկան մարմինները Արծվանիկի պոչամբարի վթարն աչքի առաջ ունենալով, պետք է վերահսկողություն իրականացնեն բոլոր պոչամբարներում:

«Այն հայտարարությունները, որ «Թեղուտի» պոչամբարը լավ վիճակում է, կարելի է հանքը շահագործել, բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Փորձագետները գնացել և տեսել են, դա իրենք ենք փոխանցում: Եթե բիզնեսմենն անբարեխիղճ է, պատկան մարմինն էլ իր գործառույթները չի կատարում, այսպիսի խնդիրներ լինելու են»,- ընդգծեց նա:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ բոլոր պոչամբարների անվտանգության առաջին պատասխանատուն տնտեսվարողն է:

Նա հայտնել է, որ պոչամբարի խողովակաշարը կառուցվել է ԽՍՀՄ վերջին տարիներին, երբ որոշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պոչերը տասնյակ կմ խողովակներով տեղափոխել Արծվանիկի պոչամբար:

Նախարարը նաև նշել է, որ հանքարդյունաբերող ընկերությունները նախարարության նկատմամբ ունեն պարտավորություններ, որ աղտոտում չլինի, չափաքանակներից ավելի ջրառ չլինի: Ըստ Գրիգորյանի՝ քանի որ կարգավորումները մեծ մասամբ ձևական բնույթ են ունեցել և ծիծաղելի ցածր են եղել, շատ դեպքերում շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, վթար լինելու դեպքում էլ վճարել 500-600 հազար դրամ տուգանք և չանհանգստանալ:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5596 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ