...

Հարսի միջոցով փեսային լավություն են անում

Հարսի միջոցով փեսային լավություն են անում

Առողջապահական պարտադիր ապահովագրությունը նոր հարկային բեռ է քաղաքացիների համար: «ՉԻ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Փայլակ Թադևոսյանը:

Հանրային քննարկման է դրվել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Այն արդեն բուռն քննարկման առիթ է դարձել:

Նախագծով համակարգում ընդգրկվելու են բոլորը՝ աշխատող, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, երեխա ու կենսաթոշակառու: Մտահղացումն իրագործելու համար պետությունը աշխատողներին առաջարկում է 4-6 % առողջության հարկ վճարել:

Առողջապահության նախարարության ներկայացրած այս նորարարությունը զայրացնում է տնտեսագետ Փայլակ Թադևոսյանին: Նա համապարփակ առողջական ապահովագրություն ներդնելու վերաբերյալ նախարարության առաջ քաշած այս տարբերակն անարդար է համարում: Թադևոսյանը նախ և առաջ սխալ է համարում մեր երկրում նպատակային հարկ սահմանելը:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ այսօր ապահովագրական գործակալություններ կան, որոնք մեկ անձի համար 70 000 դրամով են ապահովագրություն կատարում: Եթե այդ 6 տոկոսը կիրառվի, 200 000 դրամ «կեղտոտ» աշխատավարձ ստացողի դեպքում ստացվում է տարեկան 144 000, նշանակում է, ինքը 2 հոգու ապահովագրություն պետք է կատարի: Չի կարելի նպատակային հարկը եկամուտների վերաբախշման հետ կատարել: Եթե իր բովանդակությամբ եկամտային հարկ է դառնում, էլ ինչու է կառավարությունը հայտարարել, որ եկամտային հարկը նվազեցրել է: Վարչապետը հայտարարում է, որ եկամտային հարկը նվազում է, որի հետևանքով տնօրինվող եկամուտը կավելանա, միաժամանակ 6 տոկոս հարկ են դնում: Ստացվում է՝ վարչապետը մի բան է հայտարարում, իսկ նրա ենթակա նախարարն այլ բան է ասում և նշում, թե եկեք քննարկենք»,- նկատում է փորձագետը:

Նախագիծն առաջարկում է պարտադիր ապահովագրությունը ներդնել 2022 թվականից: Ըստ ԱՆ-ի՝ հաշվարկված և կանխատեսվող տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77 274 դրամ: Իսկ համապարփակ առողջապահական ապահովագրություն ներդնելով՝ պետությունը նպատակ ունի սոցիալական համերաշխություն ապահովել: Թադևոսյանի դիտարկմամբ՝ ներկայացված նախագիծը փնթի փաստաթուղթ է, բազմաթիվ վրիպակներ կան:

«Եթե 70 000 դրամ է ապահովագրության արժեքը, ինչի՞ են 80 000 նշում: Այդ 10 00 դրամն ո՞ւր կորավ: Նախարարը «լայվ» է մտնում և ասում, որ պետք է սոցիալական համերաշխություն լինի: Նախարարը հեռու է հարկային համակարգի մասին դատողություններ անելուց: Սոցիալական համերաշխության հարկը գույքային հարկերն են և եկամտահարկը: Նպատակային հարկը չի կարող սոցիալական համերաշխության  բաղադրիչ ունենալ:  Ես կարող եմ վճարել 1-2 հոգու համար, ոչ թե 6 հոգու համար: Մարդը գնացել է խոպան, ընտանիքն այստեղ է թողել և իր համար փող է աշխատում: Իսկ ես, ինչ է թե մնացել եմ Հայաստանում, պետք է խոպան գնացածի ընտանիքի անդամների բժշկության ծախսերն ապահովեմ, սա՞ է սոցիալական արդարությունը: Մարդ կա, ասում է՝ 100 000 դրամն ինչ փող է, որ գնամ աշխատեմ, ես եմ իր բժշկական ծախսերը տալո՞ւ»,- վրդովվեց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավարը:

Համակարգի ներդրման շնորհիվ նախատեսում են բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարման մոդելներ սահմանել, ինչը ենթադրում է պետական մասնաբաժնով բժշկական որոշ կազմակերպությունների մասնավոր կառավարման հանձնում, պետական բաժնեմասերի օտարում: Տնտեսագետն այս հարցից բացի, խոսում է նաև ստվերում աշխատողների մասին:

«Մեզանից գումարները կտանեն, բժշկական հիմնարկների կայուն եկամտի աղբյուրը կապահովեն: Օրինակ՝ ավտոների առքուվաճառքով զբաղվողներին բերեմ: Նրանք կարող է ինձանից մի քանի անգամ ավել գումար են աշխատում, բայց իրենց բժշկական ծախսերը ես տա՞մ: Հիմա ստացվում է, որ հարսի միջոցով փեսային լավություն են անում»,- տեսակետ հայտնեց նա:

Փայլակ Թադևոսյանի դիտարկմամբ, եթե նախագիծը կյանքի կոչվի, ապահովագրական ընկերությունները բնաջնջվելու են: Նոր հայեցակարգով լինելու է պետական ապահովագրության հիմնադրամ, որը նախատեսում է ունենալ մոտ 100 աշխատող:

«Ապահովագրական ընկերությունները, կոպիտ ասած, սատկելու են: Պարտադիր փաթեթ կա, որ այդտեղ են ապահովագրելու: Ավելի լայն շրջանակի համար կարող են մասնավորներին դիմել: Մենք կամաց-կամաց սովետական միության ենք վերածվում, երբ մրցակցությունը վերանալու է: Հիմա  ապահովագրական ընկերությունների շրջանում մրցակցություն կա: Ամեն ինչ գնում է դեպի պետականացում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով, Փայլակ Թադևոսյանը ընդգծեց, որ առողջության հարկ սահմանելով, պետությունը հարկային բեռի լրացուցիչ լուծ է դնում աշխատողների ուսերին՝ ոչնչացնելով նաև ապահովագրական ընկերություններին: Բայց այդպես էլ պարզ չէ, թե ի վերջո մատուցվող բժշկական ծառայությունների որակը կլավանա, թե՝ ոչ:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   3935 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ