...

Հայաստանի պարտավորությունների երեք «սև կետերը»

Հայաստանի պարտավորությունների երեք «սև կետերը»

ՎԵՏՈՅԱՄԵՏ

Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանն ու Ադրբեջանը ստանձնել են որոշակի սկզբունքային պարտավորություններ: Երկու երկրների համար էլ առաջնային պարտավորությունների մեջ է մտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և հաշտության պայմանագրի կնքումը: 

Քաղաքական շրջանակներում համոզմունք է հայտնվում, որ այս տարվա աշնանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո 2004թ. սկզբներից Ադրբեջանի և Հայաստանի ղեկվարության վրա ուժեղ ճնշումներ են լինելու Եվրախորհրդի, շատ հնարավոր է նաև ԱՄՆ-ի կողմից, որպեսզի արագորեն լուծում տրվի ղարաբաղյան թնջուկին: 

Այլ կերպ ասած, երկու երկրների համար էլ հակամարտության կարգավորված չլինելը դիտվում է որպես «սև կետ», որը անհրաժեշտ է վերացնել, եթե հարավկովկասյան այս երկու պետությունները ցանկանում են մնալ եվրոպական երկրների ընտանիքում: 

Ռ. Քոչարյանը նախագահական ընտրությունների «փայլուն» անցկացումով հաջողեցրեց մեր երկրի համար ևս մեկ «սև բիծ» ապահովել և նույն եվրոհամայնքն արդեն Հայաստանից պահանջում է նաև ձերբազատվել ընտրությունների հետ կապված «մեղսակցությունից»: 

Երրորդ «սև կետը» մեր երկրի համար ձևավորեցին մահապատժի մասին ԱԺ ընդունած երկու օրենքները: Հայաստանում առանց վերապահումների մահապատժի վերացման Եվրախորհրդի սահմանած վերջնաժամկետը այս տարվա հունիսի 1-ն է: Վերոնշյալ երկու օրենքներից առաջինով սահմանվում է, որ Հայաստանում մահապատիժը վերացվում է սույն թվի օգոստոսի 1-ից և ՀՀ քրեական օրենսգրքում մահապատժի փոխարեն սահմանվում է ցմահ բանտարկության դրույթը: Երկրորդ օրենքով վերապահումներ են սահմանված մահապատժի վերացման հարցում: Նշվում է, որ մինչև ս.թ. ապրիլի 1-ը կատարված երեք տեսակի հանցագործությունների համար սահմանվում է մահապատիժ: Դրանք են` ծանրացուցիչ հանգամանքում կատարված դիտավորյալ սպանությունը, ահաբեկչական գործողությունը և մանկահասակ աղջկա բռնաբարությունը: 

ԱԺ ընդունած վերոնշյալ երկու օրենքները հանձնվել են Ռ. Քոչարյանի վավերացմանը: Վերջինս չի շտապում դրանց նկատմամբ որևէ վերաբերմունք արտահայտել: Ենթադրվում է, որ նա դա կատարելու է նոր խորհրդարանի ձևավորվելուց հետո: Ընդ որում, նա ամենայն հավանականությամբ, վերապահումներին վերաբերող օրենքի վրա վետո կդնի և կվերադարձնի խորհրդարան` որպես արդարացում ցուցանելով Եվրախորհրդի պահանջը: 

Առայժմ Ռ. Քոչարյանը ձեռնպահ է մնում այդ քայլից, քանի որ վախենում են Ն. Հունանյանի հանցավոր խմբին հովանավորելու շուրջ հնչեցվելիք քաղաքական շահարկումներից: Այ, եթե ձևավորվի Ռ. Քոչարյանի նոր «գրպանի խորհրդարանը», և ինքը դառնա իրադրության լիակատար տերն ու տնօրենը, ապա նա արդեն չի վախենա ամեն տեսակի քաղաքական շահարկումներից: 

Վաղինակ Տերտերյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 292, Մայիսի 6, 2003 թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   367 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ