...

Հեշտ ու համեղ. Դդմիկով կեֆտեդես

Հեշտ ու համեղ. Դդմիկով կեֆտեդես

Հունական խոհանոցի այս ուտեստը՝ կեֆտեդեսը, նույն ինքը փոքրիկ կոտլետներն են՝ պատրաստված գրիլի վրա կամ թավայի մեջ տապակած: Կեֆտեդեսը կարող է պատրաստվել բանջարեղենից, պանրից և նույնիսկ լոբուց, նաև՝ մսից ու ձկան մսից: 

Կոտլետները սկսեք պատրաստել մատուցելուց 4 ժամ առաջ:

Բաղադրիչները

  • 1 կգ դդմիկ
  • 200 գ ֆետա կամ բրինզա պանիր
  • 1/2 բաժակ քերած պինդ պանիր
  • 2 միջին չափի կարտոֆիլ
  • 3 ձու
  • 5-6 բաժակ մանրացրած չորահաց
  • 2 ճյուղ անանուխ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • ալյուր՝ կոտլետները թաթախելու համար
  • կարագ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

  1. Դդմիկները շատ բարակ օղակների ձևով կտրատեք, վրան աղ արեք ու թողեք 1 ժամ: 1 ժամ հետո դդմիկները ջրով ցայեք ու քամեք:
  2. Կարտոֆիլը մաքրեք, եփեք մինչև պատրաստ լինելը՝ մոտ 20-25 րոպե: Եփելուց հետո թողեք մի քիչ հովանա, պյուրե սարքեք: Անանուխի տերևները մանր կտրատեք:
  3. Իրար խառնեք հարած ձուն, կարտոֆիլը, պատառաքաղով պյուրեի վերածված բրինզան կամ ֆետան, քերած պանիրը, չորահացը, կտրտած անանուխը, 1 ճ. գ. ալյուրը, աղն ու պղպեղը: Լավ խառնեք, 2 ժամով տեղադրեք սառնարանում:
  4. Ձեռքերն անընդհատ տաք ջրի մեջ մտցնելով բանջարեղենային խճողակից բլիթներ պատրաստեք, թաթախեք ալյուրի մեջ:
  5. Խոր թավայի մեջ կարագ տաքացրեք, մաս-մաս տեղադրեք խճողակից բլիթները՝ շուռ տալով տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի յուղը քամվի ու մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ: Դդմիկները կարող եք նաև անցկացնել քերիչով: Այդ ժամանակ կոտլետները դասական կլոր ձև կունենան, բայց պետք է պատրաստ լինեք, որ դդմիկներից հյութ ավելի շատ է դուրս գալու և պետք է ալյուր ու չորահաց ավելացնեք: Համն էլ կփոխվի, և ոչ դեպի լավը: Այնպես որ՝ պետք է ինքներդ որոշեք՝ ձևն է ձեզ համար ավելի կարևոր, թե համը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ