...

Հրաժարական ներսի ու դրսի պահանջով

Հրաժարական ներսի ու դրսի պահանջով

Հայաստանյան 35 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը: Հայտարարությամբ նրանք անդրադարձել են Սեպտեմբերի 21-ին Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցածին․ «Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և կազմակերպված ապօրինության արդյունքում բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են: Առկա են նաև արժանահավատ տեղեկություններ գործողության ընթացքում՝ զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին»,- հայտարարել են ՀԿ սեկտորի ներկայացուցիչները՝ հավելելով, որ զոհված զինծառայողների հարազատները բերման ենթարկվելուց հետո բաժիններում ևս ենթարկվել են ապօրինի հետապնդման։ Եզրակացությունն այն է, որ  «գործողությունը կատարվել է առնվազն ոստիկանության ղեկավար անձնակազմի հրամանով»:

Առաջարկում են հեռացնել ոստիկանապետ Վահե Ղազարյանին, որն անմիջականորեն ենթակա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հակառակ պարագայում, զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:

Հետաքրքիր գործընթացի մեկնարկ է։ Քաղաքական կուլիսներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Փաշինյանը արևմտյան ափերից օժանդակություն ստանալու համար որոշակի պայմանների պետք է բավարարի։ Պայմաններից առաջինը՝ ուժային կառույցների ղեկավարների փոփոխության հարցն է։ ՀԿ-ները դարձյալ հայտարարությամբ էին հանդես եկել, երբ համացանցում հայտնվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ձայնագրությունը։ Հենց ՀԿ-ների ճնշման ներքո Փաշինյանը որոշեց, որ պետք է քայլ անի և քաղաքական որոշում կայացնի հեռացնել Գագիկ Ջհանգիրյանին։

Հաջորդ դրվագը առնչվում է ՀՀ նախկին դատախազ Արթուր Դավթյանին։ Սերժ Սարգսյանից հետո ժառանգություն մնացած Դավթյանը, չնայած Փաշինյանին անձնուրաց ծառայեց, բայց վերջում մնաց ձեռնունայն։ Ըստ էության, խանգարող հանգամանք չկար, որպեսզի նա վերստին դառնար ՔՊ-ի դատախազի թեկնածուն, բայց այդպես չեղավ։ Հիմա նոր դատախազ է նշանակվել, որն իր կրթական եւ արժեքային բազայով ավելի շուտ արեւմտյան գործչի տեսական է, քան մինչ այժմ եղածները։

ՄԻՊ ղեկավար Քրիստինե Գրիգորյանի նշանակմամբ ևս առանձնապես շահագրգիռ են եղել ներսում աշխատող դրսի կառույցները։ Ի դեպ՝ վերջինս Եռաբլուրում էր ճիշտ այն պահին, երբ որդեկորույս ծնողներին քարշ էին տալիս ոստիկանական բաժանմունքներ, նրանց նկատմամբ բռնությունից բացի կիրակում տուգանքի ինստիտուտը։ Իհարկե, բանը քրեական գործերի հարուցմանը չի հասել, բայց տուգանքներ կիառվել են։

Հիմա հերթի մեջ ոստիկանապետն է՝ Նիկոլ Փաշինյանի ամենահարազատ մարդկանցից մեկն էլ «պահանջվող ցուցակում» է։  Պարզ զուգադիպությամբ ՀԿ սեկտորը նրա հրաժարականն է պահանջում։ Ճիշտ է անում․ մնում է դրսի ու ներսի ճնշումը ճիշտ պահին ու ճիշտ տեղում «աշխատեն»։ 

Ինչ վերաբերվում է ԱԱԾ-ին, ապա այն միակենտրոն կառավարման ուղեծրից շեղվել է։ Բիոպոլար ռեժիմով է աշխատում։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ