Ինչպես հայտնի է, ՔՊ վարչությունն արդեն ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը և արդեն ամենօրյա ռեժիմով քննում է ՔՊ ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուներին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ քննությունն ընթանում է երեք փուլով․ տեսական (գրավոր, բանավոր) և գործնական։ Մեր տրամադրության տակ է հայտնվել գրավոր քննության հարցաթերթիկներից մեկը, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․
1․ Որքա՞ն է Իրական Հայաստանի տարածքը՝ քկմ-ով։
2․ Ո՞վ է «Երկրի հակառակ կողմը» գրքի հեղինակը։
3․ Ե՞րբ է ՀՀ-ն դարձել իրապես անկախ պետություն․ 1991 թ․ սեպտեմբերի 21, 2020 թ․ նոյեմբերի 9, 2023 թ․ սեպտեմբերի 19 (ընդգծել ճիշտ պատասխանը)։
4․ Ո՞ւմ հետ ոչ մի կապ չունի «88» սուպերմարկետների ցանցը։
5․ Ի՞նչ խմիչք պետք է օգտագործել խոզ խանձելու ընթացքում․ դամբուլի արաղ, թթի արաղ, տանձի արաղ, յաթրջի (ընդգծել ճիշտ պատասխանը)։
6․ Ո՞ր պետության ինքնիշխան տարածքում է գտնվում Խանքենդին։
7․ Ի՞նչը պետք է փոխել խորհրդարանական ընտրություններից հետո․ ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ զինանշանը, ՀՀ բնակչության էթնիկ կազմը (ընդգծել երեք ճիշտ պատասխանները)։
8․ Ի՞նչ տրամաչափի ճիպոտներով է պետք ծեծել Կտրիճ Ներսիսյանին (նշեք Ձեր տարբերակը)։
9․ Քանի՞ անգամ եք մասնակցել հաջողակ տղամարդկանց կամ հաջողակ ընտանիքների համար նախատեսված բարեգործական ընթրիքներին (ներկայացնել բանկային փոխանցումների կտրոնները)։
10․ Քանի՞ անգամ եք լուսանկարվել Կիրանցի պատի տակ։
Ցավոք՝ սա միայն քննաթերթիկներից մեկն է։ Փոխարենը՝ մեզ հայտնի է դարձել, թե ինչպես են անցկացվելու գործնական քննությունները։ Թեկնածուները հատուկ հանձնաժողովի ներկայությամբ պիտի կատարեն հետևյալ վարժությունները․
1․ Թքել պայմանական հակառակորդի երեսին 3 մետր հեռավորությունից, բայց՝ այնպես, որ հակառակորդի թևերը ոլորողները չվնասվեն։
2․ Մասնակցություն խորհրդարանական քննարկումներին՝ ընդդիմախոսների նկատմամբ ստորին վերջույթների ինտենսիվ կիրառմամբ։
3․ Եկեղեցիներում կամ այլ վայրերում ծնկի իջնելու և դեմքերին խոնարհ արտահայտություն տալու հմտություններ։
Մեր տեղեկությունների համաձայն՝ թեկնածուների մեծ մասը հաջողությամբ հաղթահարել է քննությունների նվազագույն շեմը։