...

Ի՞նչ վիճակ է կարտոֆիլի շուկայում

Ի՞նչ վիճակ է կարտոֆիլի շուկայում

Ներմուծվել է 25.5 տոննա կարտոֆիլ

Նախորդ տարի ավելացել են Հայաստան ներմուծվող կարտոֆիլի ծավալները: Այս մասին տարբեր առիթներով հայտարարեցին ֆերմերները:

Հետո վիճակագրությունը փաստեց՝ անցյալ տարի Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից և անգամ Պակիստանից բերված կարտոֆիլ ենք կերել:

Եվ այսպես՝ 2019-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 4,231.7 տոննա կարտոֆիլ 2018-ի նույն ժամանակահատվածի 1,941.3 տոննայի համեմատ՝ գերազանցելով 2018 թվականի ցուցանիշը 2.2 անգամ: 

Ընդ որում, Բելառուսից 471 տոննա կարտոֆիլ է ներմուծվել, Իրանից` 343 տոննա, Նիդեռլանդներից` 1044 տոննա, Ռուսաստանից` 1590 տոննա:

150 տոննա կարտոֆի էլ ներկրվել է Պակիստանից: Իսկ Թուրքիայից ներմուծում չի կատարվել:

Իսկ այսօր ի՞նչ վիճակ է կարտոֆիլի հայաստանյան շուկայում:

Այս տարի ևս ներկրումները շարունակվում են: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի «ՉԻ»-ին տրամադրած տեղեկատվության՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում մեր երկիր է ներմուծվել 25.5 տոննա կարտոֆիլ:

Պարենային կարտոֆիլ ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Իրանից: ՊԵԿ-ը, սակայն չի մանրամասնել, թե որ երկրից ինչ քանակությամբ է կարտոֆիլ բերվել:

Տանն է մնացել

Կարտոֆիլի ներմուծման անհրաժեշտություն չկա՝ պնդում է Շիրակի մարզի Ազատան համայնքի ֆերմեր Գևորգ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ մեր երկիրը կարտոֆիլի մշակությամբ ինքնաբավ է, կարիք չկա դրսից բերելու: Վրդովվում է՝ հենց ներկրումների պատճառով է, որ այսօր իրենց բերքը պահեստներում է մնացել:

«Այս պահի դրությամբ պահեստներում մեծ քանակությամբ կարտոֆիլ կա կուտակած: Սպառման շարժ այս պահին չկա: Մարզում մոտ 3000-3500 տոննա կարտոֆիլ կլինի»,- նշեց կարտոֆիլագործը:

Ասում է՝ անկախ նրանից կարտոֆիլը որ երկրից է ներկրվում, այն մերից տարբերվում է: Սպառողներն էլ են արդեն գլխի ընկել:

«Հասկացել են, որ դա տեղական ապրանք չէ: Բացի դրանից, երբ կարտոֆիլ է ներմուծվում, բերվում են սառնարան-մեքենաներով: Այս դեպքում սառնարանի համն ազդում է կարտոֆիլի վրա: Սպառողն էլ զգացել է, որ սառնարանի համը գալիս է: Հետո դադարեցրեցին, և իմ տեղեկություններով, էլ սառնարաններով չեն ներկրում»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Գլուխկոնծի վիճակ

Ներկրումները պատճառաբանվում էին այն հանգամանքով, որ կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Որոշ փորձագետների հաշվարկով, կարտոֆիլի ցանքատարածքները նվազել են 10 հազար հա-ով, այսպիսով՝ բերքը պակասել է մոտ 8.4 %-ով: 

Ֆերմերների խոսքով՝ ներկրումների պատճառով իրենք տուժում են՝ մրցակցության չեն դիմանում և կրճատում են ցանքատարածությունների քանակը:

«Որ երկրից կարողանում են էժան առնել, այն երկրից էլ բերում են: Ներմուծում են, որ ապրանքն էժան պահեն, արտադրողին են կործանում: Էժան բերում են, և ստեղի ֆերմերներն էլ կամ տեղում դոփելու են, կամ գլուխկոնծի վարի են գնալու»,- նկատեց հողագործը:

Վերջին տարիներին գյուղացիներն ավելացրեցին կարտոֆիլի մշակությունը: Ֆերմեր Գևորգ Աբրահամյանը պատմում է, որ Շիրակից շատ երիտասարդներ խոպան չեն գնացել, մնացել են գյուղում և հող մշակել: Արդյունքում կարտոֆիլի դաշտերն ավելացան:

Բայց այսօր, ասում է՝ ստացած բերքի ձեռքը կրակն են ընկել և սկսել պակասեցնել ցանքերը: Շատ բերքը չեն կարողանում սպառել, մի կողմից էլ շուկան են լցնում դրսից բերված կարտոֆիլով: Իրացման խնդիրների հետ կապված սկսել են քիչ արտադրել:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3380 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ