...

Ինչպե՞ս տարբերել կարտոֆիլը ներմուծված է, թե՝ ոչ

Ինչպե՞ս տարբերել կարտոֆիլը ներմուծված է, թե՝ ոչ

«Տեղական շուկան ողողված է դրսից ներկրված կարտոֆիլով»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ահազանգում են ֆերմերները: Շուկայում Ռուսաստանի Դաշնությունից բերված կարտոֆիլը տեսել ու զայրացել է Շիրակի մարզի Ազատան համայնքի ֆերմեր Գևորգ Աբրահամյանը: Նա կարտոֆիլի մշակմամբ է զբաղվում: Ասում է՝ ներմուծված կարտոֆիլը նույն գնով է վաճառվում, ինչ տեղականի արժեքն է, միայն թե ներկրողն օգտվում է, իսկ արտադրողը՝ տուժում:

«Ռուսաստանը եղել է ներմուծող երկիր, հիմա սկսել են գյուղատնտեսությամբ զբաղվել և ներմուծողից արտահանող դարձել: Ներկրումների պատճառով տեղական արտադրողը սնանկանում է: Մեր ապրանքն ինքնարժեքով էլ չի վաճառվում: Մենք էկոլոգիապես մաքուր բերք ենք մշակում: Ֆերմերին ոտնակոխ են անում»,- նշեց ֆերմերը:

Այս տարի ՀՀ է ներմուծվել 4041 տոննա կարտոֆիլ, իսկ նախորդ տարի՝ 1941 տոննա:

Բելառուսից` 471 տոննա է ներկրվել, Իրանից` 343 տոննա, Նիդեռլանդներից` 1044 տոննա, Ռուսաստանից` 1590 տոննա: Կարտոֆիլի ներկրում եղել է նաև Պակիստանից:

Դրսից բերված ապրանքի պատճառով հայ ֆերմերն այլևս չի կարողանում եկամուտ ստանալ: 

«Էժան գներով են ներմուծում, եթե ներկրված գյուղմթերքի արժեքն, օրինակ, կիլոգրամը 140 դրամ է, ապա իրենք շատ ցածր գնով են բերում: Եթե կարտոֆիլը ուկրաինական է և բերում են Ռուսաստան, նոր այստեղ արտահանում, ուրեմն՝ ջրի գնով են առնում»,- նկատեց Ազատանի բնակիչը:

Ֆերմերը սրտնեղում է՝ այսօր Հայաստանում պարենային բարձր որակի կարտոֆիլ կա, բայց չգիտես ինչու, այլ երկրից է նույն ապրանքից բերվում: Կարտոֆիլն այսօր մեծածախ շուկայում վաճառվում է կիլոգրամը 130-150 դրամով: Հողագործի խոսքով՝ 130 դրամը միայն ինքնարժեքն է կազմում:

«Այդ գումարն ինքնարժեքն էլ չի փակում, որ նորմալ պարենային կարտոֆիլ ստանաս: Ծախս շատ է պահանջվում՝ հաշվի առնելով մեր կլիման և հողային ռեսուրսները: Եթե նախկինում 3-4 անգամ ոռոգում էիր և բերք ստանում, հիմա 6-7 անգամ է ոռոգում պահանջվում, իսկ ոռոգման ջրի համար պետք է վճարես: Պետք է եկամուտ ստանաս, որ կարողանաս վարկերդ փակել և կրկին վարկ վերցնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ցանքատարածությունները կրճատվել են

Որոշ հաշվարկներով՝ այս տարի կարտոֆիլի բերքը կրճատվել է 8,4 տոկոսով: Կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերը չի կարծում, որ բերքատվության ցածր ցուցանիշների պատճառով է ներկրում կատարվում: Նրա համոզմամբ՝ պարզապես ՌԴ-ում կարտոֆիլն էժան է, և ներկրողներն էլ ուզում են գումար աշխատել:

Ի տարբերություն Ազատանի, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ֆերմերներն այս տարի դժգոհ են կարտոֆիլի բերքատվությունից: Անբարենպաստ եղանակային պայմանների և անորակ սերմի պատճառով բերք քիչ են ստացել: 

Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը տեղեկացրեց, որ կարտոֆիլի ցանքատարածությունները մոտ 2000 հեկտար են զբաղեցնում, նախորդ տարվա համեմատ կրճատվել է 25-30 տոկոսով:

Արմեն Ասատրյանը մոտ 10 տոննա կարտոֆիլ ունի, բայց գնորդ չկա: Նրա կարծիքով՝ դրսից բերվող կարտոֆիլի պատճառով է, որ իրենց բերքը նկուղներում է մնում:

«Անցյալ տարի հերթ էր մոտս, հիմա՝ գնորդ չկա: Ով կարտոֆլի ունի, նույն վիճակում է»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Ասում է՝ անկախ նրանից կարտոֆիլը ՌԴ-ից, թե՞ Բելառուսից է ներկրվում, այն մերից տարբերվում է: Արմեն Ասատրյանը ներկայացնում է, թե ինչպես տարբերել կարտոֆիլը ներկրված է, թե՞ մերն է:

«Ներկրվածը կարող է համային որակով մերին նման լինի, բայց արտաքինից տարբեր է՝ սև է: Եթե գնեք և տեղափոխեք այլ պարկ, կտեսնեք, որ սև, տորֆ հող է թափվում, մեր հողին դա նման չէ»,- սպառողին խորհուրդ է տալիս նա:

Բացի կարտոֆիլից, դրսից հայկական շուկա է ներմուծվել նաև սոխ, գազար ու սեղանի ճակընդեղ:
Գյուղացիների խոսքով՝ սոխի բերքի խնդիր ունենք, այն մեծ ծավալների չէ, բայց գազարի ու ճակընդեղի ներմուծման կարիք չկա: Մեր արտադրանքը բավարարում է տեղական շուկայի պահանջարկը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2038 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ