...

Ինչպես են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը փրկել Ադրբեջանին կապիտուլյացիայից

Ինչպես են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը փրկել Ադրբեջանին կապիտուլյացիայից

Կամ վիժեցրած խաղաղության պատմությունը

Հակամարտության պատմության բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակը ավելի լավն էր, քան ինչ-որ մենք հիմա ունենք։ Միտքը հնչել է երեկ․ դրա հեղինակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ստացվում է՝ ինչին ինքը դեմ է եղել, ավելի լավ իրավիճակ էր ստեղծում Հայաստանի համար, քան հիմա ունենք։ 24 TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հենց այդ հարցը առաջինը ուղղվեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ «Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ մի հարցում գոնե ես պատրաստ եմ համաձայնել Ռոբերտ Քոչարյանի հետ»,- հայտարարեց Զուրաբյանը՝ նշելով, որ բանակցությունների սեղանին եղած բոլոր առաջարկները այդ թվում նաև այն առաջարկը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի սեղանին 2019 թ․ հունիսին (նկատի ունի Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված խաղաղության պլանները), այդ բոլոր առաջարկները շատ ավելի լավն էին, շատ ավելի ցանկալի ու բաղձալի Հայաստանի և Արցախի համար, քան այն, ինչ ունենք հիմա։ Այստեղ համաձայնությունն ավարտվում է։ «Ավարտվում է այն պարզ պատճառով, որ իրականում հարց է առաջանում՝ իսկ ո՞վ էր մեղավոր կամ ինչո՞ւ այդ բաղձալի տարբերակներից որևէ մեկը չիրագործվեց։ Եվ ես կուզեի Ռոբերտ Քոչարյանին հիշեցնել մի պարզ բան, որ միակ տարբերակը, որին համաձայնություն էր տվել Ադրբեջանը, դա եղել է 1997 թ․ փուլային տարբերակը։ Եվ այն չկայացավ։ Փաստորեն Ադրբեջանը պատրաստ էր գնալ կարգավորման այդ տարբերակով, բայց այն չիրականացավ մի պարզ պատճառով, որովհետև ձեզ հայտնի երեք մարդիկ, այդ թվում և Ռոբետ Քոչարյանը, միգուցե ինքն էլ գլխավորում էր այդ կամ միգուցե այլ մարդիկ էին գլխավորում այդ ապստամբությունը, այդ մարդիկ վիժեցրին 1997 թ․ փուլային խաղաղության տարբերակը Ադրբեջանի հետ»,- հաղորդման սկզբում հայտարարեց Զուրաբյանն ու անցավ բավականին հետաքրքիր բացահայտումների։ 

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների

Ռոբերտ Քոչարյանը երեկ խոստովանել է, թե ինչու էին դեմ եղել 1997 թ․ փաստաթղթին. որովհետև չէին հավատում Ադրբեջանին։ «Մենք չէինք հավատում Ադրբեջանին և հավատալու հիմքեր չունեինք։ Ուղղակի Տեր-Պետրոսյանին մենք ասացինք՝ հետ քաշվիր այդ բանից։ Այն ժամանակ նա չէր ուզում հետ քաշվել: Այդքան բան»,- երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Ի պատասխան՝ Զուրաբյանը նշել է․ «Այ հիմա գանք դրան։ Հավատալ-չհավատալու խնդիր ընդհանրապես չկա քաղաքականության մեջ։ Ոչ մեկին պետք չէ հավատալ։ Քաղաքական պայմանագրերը խարսխված են լինում միջազգային կոնկրետ երաշխիքների հիման վրա։ Ոչ ոք կոչ չի արել հավատալ Ադրբեջանին։ Այլ բան է, որ Ռոբերտ Քոչարյանը․․․․ես միայն հիմա Ռոբերտ Քոչարյանին չեմ ուզում պատասխանել, որովհետև վերջերս շատ եմ լսել այդ թեզը, երբ ասում են՝ բա ինչի՞ 1997 թվականին դուք նույն ձևով կապիտուլյացիայի չենթարկեցիք Ադրբեջանին, ինչպես Ադրբեջանը հիմա մեզ է ենթարկում կապիտուլյացիայի։ Ամենակարևոր հարցը սա է։ Մենք 1994-97 թթ․ իրականում Ադրբեջանին ենթարկեցրել ենք կապիտուլյացիայի։ 1997 թ․ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամությունը ոչ այլ ինչ էր, քան Ադրբեջանի պատրաստակամությունը ստորագրել կապիտուլյացիոն պայմանագրի տակ։ Եվ մենք դրան հասել էինք»,- մանրամասնեց Զուրաբյանը՝ մանրամասն ներկայացնելով այն կապիտուլյացիոն ծրագիրը, որը վիժեցրել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Վազգեն Սարգսյանը։

Ինչո՞ւ էր 1997 թ․ առաջարկված փուլային տարբերակը կապիտուլյացիա Ադրբեջանի համար

Զուրաբյանի դիտարկմամբ՝ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանը պատերազմել է հենց նրա համար, որ չստորագրի ներքոշարադրյալ դրույթները։ Մինչդեռ 1997 թ․ Ադրբեջանն արդեն պատրաստ էր ստորագրել դրանց տակ։ Ինչի՞ մասին է խոսքը, ինչի՞ց և ինչպե՞ս է հրաժարվել Հայաստանը։ (Մենք վերծանել ու գրավոր տեքստի ենք վերածել Լևոն Զուրաբյանի երեկվա հայտարարությունները։ Մեջբերումներն այսուհետ՝ բառացի են՝ առանց էական խմբագրումների):  

1․ Ոչ միայն զինադադար էր ստորագրվել երեք կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից, այլ խաղաղության փաստաթուղթը, այսպես կոչված փուլային տարբերակը նույնպես մի փաստաթուղթ էր, որը պետք է ստորագրվեր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից։ Սա սովորական համաձայնություն չէր կռվող կողմերի միջև։ Սա մի փաստաթուղթ էր, որը ներկայացված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից և հետագայում պետք է արժանանար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի հավանությանը։ Այսինքն՝ այդ փաստաթուղթը պետք է դառնար միջազգային իրավական փաստաթուղթ, որի տակ իրավահավասարության սկզբունքով ստորագրում էին Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը։ Միայն այս փաստով արդեն մենք հասնում էինք Ադրբեջանի համար սարսափելի իրողության, որ Լեռնային Ղարաբաղը ձեռք էր բերում միջազգային իրավասուբյեկտայնություն։ Այսինքն՝ դառնում էր միջազգային իրավունքի գործոն և կոնկրետ մի խաղացող։ Լեռնային Ղարաբաղը դրանով ճանաչվում էր միջազգային քաղաքականության սուբյեկտ։ Սա մեկ։

2․ Կարգավիճակի վերաբերյալ ասվում էր հետևյալը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակցությունների միջոցով։ Ապագայում՝ բանակցությունների միջոցով։ Սա նշանակում էր, որ Լեռնային Ղարաբաղը, ըստ էության, վետոյի իրավունք էր ձեռքբերում այդ միջազգային փաստաթղթով իր սեփական կարգավիճակի որոշման գործում։ Սա զուգակցվում էր երկու կարևորագույն էլեմենտների հետ, այն է՝ Ադրբեջանը հրաժարվում էր ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքից՝ հարցը լուծելու ուժի, անգամ սպառնալիքի գործադրման միջոցով։ Փաստաթղթում Ադրբեջանը ստորագրում էր դրա տակ։ Անգամ եթե ապագայում լինեին անհամաձայնություններ, ինքը հրաժարվում էր հարցը ուժով լուծելու իր իրավունքից։ 

3․ Մյուս կարևորագույն էլեմենտը։ Այդ փաստաթղթում չկար հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ՝ որպես հարցի լուծման հիմք։ Եթե այս ամբողջը կոմպլեքսի մեջ ենք դիտարկում, ստացվում էր հետևյալը՝ Ադրբեջանը հաշվի էր նստում և համաձայնում էր նրա հետ, որ Ղարաբաղն արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ է՝ մեկ, և երկրորդ՝ անպայման չէ, որ Լեռնային Ղարաբաղի ստատուսը պետք է կանխորոշվեր Ադրբեջանի կազմում։ Սրանք ամենակարևոր ձեռքբերումներն էին։

4․ Շատ կարևոր էր նաև, որ ստեղծվում էին երկու՝ բաժանարար և բուֆերային գոտիներ։ Ի՞նչ գոտիներ էին դրանք․ այդ գոտիների ստեղծման հետևանքով ադրբեջանական բանակը պետք է շփման գծից 10 կմ հետ քաշվեր, բնականաբար, նաև հայկական բանակն էր հետ քաշվելու 10 կմ և ստեղծվելու էր բաժանարար գոտի, որում պետք է տեղակայվեին խաղաղապահ ուժերը։ Այսինքն՝ ոչ միայն ադրբեջանական բանակը առաջընթաց չէր ունենում, ինչպես մյուս տարբերակներում, այլև ընդհանրապես Ադրբեջանի բանակն ավելի էր հեռանալու իր զբաղեցրած դիրքերից։ 

5․ Հիմա կարող եք ասել, բայց այն 5 շրջանը պետք է տայինք, խաղաղապահները տեղակայվեին ու ադրբեջանական բնակչություն վերադառնար։ Այդ հարցի պատասխանն էլ կար։ Ադրբեջանն իրավունք չէր ունենում այսպես կոչված գրավյալ տարածքների և այնտեղ բնակչության վերադարձից հետո տեղաշարժ կատարել ծանր, անգամ՝ միջին ռազմական տեխնիկայով։ Այսինքն՝ միակ ուժային կառույցը, որ կարող էր Ադրբեջանը ներկայացներ այդ տարածքներում՝ հետևյալն էր․ ամեն 1000 հոգու համար հաշվարկով 1 ոստիկան՝ թեթև զենքով։ Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում։ Այդ շրջաններ ադրբեջանական բանակ չէր մտնելու, էնտեղ լինելու էր 700 ոստիկան՝ թեթև զենքերով։ Սա կապիտուլյացիա էր Ադրբեջանի համար։ Ադրբեջանն, անգամ ստանալով  այն տարածքները, որոնք ինքը համարում էր իրենը, չէր կարողանում այդ տարածքներ զորք մտցնել։ 

6․ Եվ վերջինը՝ փաստաթղթով նաև Հայաստանը ընդունվում էր՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր։ Այսինքն՝ Հայաստանն արդեն ստանում էր լեգիտիմ իրավունք։ Եթե Ադրբեջանի կողմից, այնուամենայնիվ, խախտվեին այդ պայմանագրերը, Հայաստանը լեգիտիմ՝ միջազգային հանրության կողմից ընդունված իրավունքով, կարող էր ամենածայրահեղ ռազմական միջոցները կիրառել, այդ թվում նաև ներխուժել իր ռեգուլյար բանակով։  

Թվարկածս բաները Ադրբեջանի լիակատար կապիտուլյացիան էին ապահովում։ Ավելին՝ պատերազմը շարունակվում էր միայն այն պատճառով, որ Ադրբեջանը այս բաները պատրաստ չի եղել ստորագրելու։ 1997 թ․ Ադրբեջանը պատրաստ էր։

Իսկ ի՞նչ եղավ։ Արդյո՞ք Տեր-Պետրոսյանը մեղավոր չէր, որ չկարողացավ առաջ տանել խաղաղության պլանը։

Սա հիմա շատ դժվար է հասկանալ ու պատկերացնել, բայց եղավ հետևյալը։ Այս փայլուն, Ադրբեջանի կապիտուլյացիայի ենթարկելու փաստաթղթից հրաժարվեց ոչ թե Ադրբեջանը, այլ հրաժարվեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, ֆորմալ հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունը։ Պարզ է, որ իրենց հետևում կանգնած էր այս եռյակը, որն իրենց օժտում էր հրաժարվելու ուժով։ Արդյունքում՝ մենք մեր ներսում հրաժարվեցինք դրանից։ Դա է եղել իրական հակամարտությունը, ոչ թե փուլայինի կամ փաթեթայինի միջև անհամաձայնությունը։ (Նկատենք, որ երեկվա ասուլիսում Քոչարյանը հայտարարեց․ «Այն ժամանակ վեճ էր գնում՝ փուլային տարբերակով գնալ, տարածքներից դուրս գալ, խաղաղապահները պետք է գային: Մենք կողմ էինք փաթեթային տարբերակին և ասում էինք, որ եթե մենք այս տարածքներից դուրս գանք, հաջորդ քայլը լինելու է Ղարաբաղի ոչնչացումը», հեղ․)։ Ավելին՝ որ ասում է փաթեթայինը լավ էր․․․․ կներեք, մենք այդ փաթեթայինը մերժեցինք, որովհետև Ղարաբաղը հայտարարվում էր Ադրբեջանի մաս։ Փուլայինը ինչո՞վ էր լավ․ մենք հասկանալով, որ աշխարհը հիմա պատրաստ չէ ընդունելու Ղարաբաղի անկախությունն ամբողջությամբ, գնում էինք միջանկյալ տարբերակի։ Եթե մենք պնդում էինք փաթեթային տարբերակի վրա, աշխարհն ասում էր ՕԿ, բայց Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս՝ թեկուզ ունենա ավտոնոմիայի բոլոր բարձրագույն հնարավորությունները, պահպանի իր բանակը, պառլամենտը, Սահմանադրությունը, և այլն, և այլն։ Բայց միևնույնն է ինքը պետք է ճանաչվեր Ադրբեջանի մաս։ 

Ի՞նչ արեց Ռոբերտ Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանը գնաց և ընտրեց հենց այս տարբերակը։ 1999 թ․ ընդհանուր պետության տարբերակը, որը Քոչարյանը ներկայացնում է իր ջանքերի գագաթնակետը, շատ հստակ ասում էր, որ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը կազմում են ընդհանուր պետություն վերջինիս՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։ Դա նշանակում էր, որ լինելու էր մեկ միասնական պետություն, որի մի մասը կազմելու էր Լեռնային Ղարաբաղը։ Եվ հաշվի առնելով քաշային տարբերությունները՝ բնակչության, ռեսուրսների, ակնհայտ էր, թե ով էր դառնալու տիրապետողն այդ պետության մեջ։ Փաթեթայինը հենց վնաս էր մեզ համար, Հայաստանի շահերի և ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հեռանկարների համատեքստում։

Ի՞նչ է ստացվում։ Ադրբեջանին իր ձեռքով ստորագրվելիք կապիտուլյացիայից փրկել են մեր ծայրահեղ ոչմիթիզականները, որոնք վիժեցրին այդ խաղաղությունը։ Իրենք (նկատի ունի Վազգեն Սարգսյանին և Սերժ Սարգսյանին-հեղ․) Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, փրկեցին Ադրբեջանին այս կապիտուլյացիայից։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3231 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ