...

Պլանի ո՞ր մասն է ապահովելու Ռոբերտ Քոչարյանը

Պլանի ո՞ր մասն է ապահովելու Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի պատգամավորները խմբակցության նիստ են արել, որին մասնակցել է նաև դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացրել է «Հրապարակ» օրաթերթը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ Քոչարյանը հորդորել է իր համակիրներին վերադառնալ խորհրդարան։ Նա ներկայացրել է իր տեղեկությունները, ըստ որի՝ «այս տարեվերջին՝ հերթական  նստաշրջանի ավարտից հետո, բացակայությունների հիմքով կրկին մանդատազրկման գործընթաց կսկսի և այս անգամ որևէ մեկին չի խնայի: Այժմ հաստատապես կունենա միջազգային կառույցների, մասնավորապես՝ Արևմուտքի աջակցությունը։ Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է, որ իրենց մանդատներից զրկելուց հետո ցուցակի հաջորդ համարները կմտնեն խորհրդարան, և գովելով ներկաներին՝ ասել է, որ նրանք քաղաքականապես ավելի հասուն են, ավելի պատրաստ, իսկ պայքարի վճռական փուլում իրենց տեղը կզիջեն ավելի անպատրաստ ու ոչ հասուն զանգվածին, ինչը հղի է տարբեր վտանգներով», հավելել է թերթը։ Եվ չնայած Քոչարյանի հորդորին՝ դաշինքցիների մի մասը դիմադրել է, ոմանք՝ լուռ, ոմանք՝ հրապարակայնորեն։ 

Թերթը բավականին մանրամասն նկարագրել է, թե որ պատգամավորն ինչպես է իրեն պահել նիստին, ով որ թևում է՝ Քոչարյանի հետ համաձայնվողների՞, թե՞ նրա առաջարկը դիմադրողների։ Բայց էականը սա չէ։ Էականը հետևյալ արձանագրումներն են․

1․ Ռոբերտ Քոչարյանը թիմի ներսում փաստացի խոստովանել է, որ կասկածում է իր ցուցակի «ամրությանը», ավելին՝ մտավախություն ունի, որ ցուցակի հաջորդ համարները հանգիստ կվերցնեն մանդատները և իշխանության օրակարգով կշարունակեն աշխատել։
2․ Քոչարյանն ակնհայտորեն փորձում է ամեն ինչ անել, որ հանկարծ խորհրդարանական ճգնաժամ չառաջանա։ Հայաստանից դուրս գտնվող «գործընկերներն» են այդպես հորդորե՞լ, թե՞ սա իր որոշումն է, կարող ենք երկար քննարկել։
3․ Քոչարյանի ասածը միանշանակ չի ընկալվել թիմի  ներսում։ Առաջին գծում հայտնվել են մարդիկ, որոնք հիմա չեն ուզում գլուխները կախ ենթարկվել նահանջի հրամանին։ Ինքը՝ Քոչարյանն, այս ընթացքում լուռ հետևել է իրադարձություններին, իսկ իր պատգամավորներն աղմկել են։ Եվ երբ նրանց ՔՊ-ականներն ասել են՝ գլուխներդ կախ կգաք կաշխատեք, նրանք աքլորացել են։ Հիմա Քոչարյանն է նույն բանն առաջարկում՝ ձեռքի հետ էլ շոյելով գլուխները, թե դուք փորձառու և հասուն եք։ Սա ամենևին էլ Քոչարյանի տեսակին բնորոշ պահվածք չէ։ Եվ ուրեմն՝ պետք է պարզել, թե հիմա պլանի ո՞ր մասն է ապահովելու Քոչարյանը։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   631 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ