...

Ինչպես և ով ստեղծեց «Դրո» ահաբեկչական կառույցը

Ինչպես և ով ստեղծեց «Դրո» ահաբեկչական կառույցը

Սկիզբը` այստեղ

Սակայն ԿԳԲ-ում լավ հասկանում են, որ նման արդարացման փորձերը արժանահավատ չեն, քանի որ իրենք էլ գիտեն, որ այսօր արդեն գաղտնիք չէ, թե ում ջանքերի շնորհիվ ՀՅԴ-ում հայտնվեց, վստահություն ձեռք բերեց ու ամրապնդվեց ԿԳԲ-ի կադրային աշխատակից Յուրա Սարգսյանը։

Կարծում եմ, ժամանակն է, որ ընթերցողն էլ իմանա այդ անձնավորության անուն-ազգանունը։ Ընթերցողներից շատերը, հատկապես ազգային ազատագրական շարժման առաջին տարիների ակտիվներս պետք է, որ լավ հիշենք ԿԳԲ-ին մեր միջից տեղեկություններ հաղորդող «Գոշ» և «Զուլում» մականունով գործակալներին, որոնց իրականում ով լինելը այդպես էլ չէինք կարողանում իմանալ։ Հիշում եմ, թե այդ գործակալներին բացահայտելու ուղղությամբ որքան էր աշխատում և արդյունքներ չունենալու կապակցությամբ անհանգստանում լուսահոգի Մովսես Գորգիսյանը։

«Զուլում»-ը, պարզվում է, հայտնի Գառնիկ Իսագուլյանն է, որ այժմ ամաչելու փոխարեն հպարտանում է իր ԿԳԲ-շնիկ լինելով, նույնիսկ համանուն կուսակցություն է ստեղծում: Այո, նույն Գառնիկ Իսագուլյանը, որ Վահան Հովհաննիսյանի հետ ղեկավարել է 95-ին բացահայտված ահաբեկչական կառույցը («31»-ի գործ)։

Եվ ահա ի հայտ է գալիս ԿԳԲ-ի 6071 համարով գրանցված հույժ գաղտնի մի տեղեկանք, որից պարզվում է, որ «Գոշ» մականունով գործակալը 1987թ. հոկտեմբերի 29-ին ԿԳԲ-ի կողմից, ազգայնական տրամադրվածություններ ունեցողներին հայտնաբերելու և ուսումնասիրելու նպատակով հավաքագրված, թիվ 16140 համարանիշով անձնական գործը կրող,1963թ. ծնված, Երևանի Հարավ-Արևմտյան Ա3 թաղամասի բնակիչ, 1990 թ. ՀՅԴ շարքերում անդամագրված, ՀՅԴ-ում Յուրա Սարգսյանի գլխավոր երաշխավոր, ներկայումս Արագածոտնի մարզպետ Հրայր Կառլենի Կարապետյանն է։

Այս փաստաթղթից միանշանակ հասկանալի է դառնում, որ ՊԱԿ-ը սեփական գործակալ Հրայր Կարապետյանի միջոցով է իր կադրային պրոֆեսիոնալ Յուրա Սարգսյանին խցկել ՀՅԴ։ Հակված եմ կարծելու, որ Յու. Սարգսյանի գործողությունները լիովին վերահսկվել են ՊԱԿ-ի կողմից։ Այդպես եմ կարծում, քանի որ «Դրո»-ն ստեղծվել ու գործել էր, ուրեմն Յու. Սարգսյանը ՊԱԿ-ի կողմից կամ հավանություն էր ունեցել, կամ էլ ուղղակի հանձնարարություն։

Ընթերցողը ուշադրություն դարձրեց Հրայր Կարապետյանի ծննդյան ու ՀՅԴ-ին անդամագրվելու թվականներին, բնակության վայրին։ Առաջարկում եմ ուշադրություն դարձնել նույն՝ Հ/Ա թաղամասի մեկ այլ բնակչի, որը ընդամենը 2 տարով փոքր է Հ. Կարապետյանից, նրա պես 1990թ. անդամագրվել էր ՀՅԴ-ին, բնավորությամբ ու խառնվածքով ճիշտ այնպիսին է (ազգայնական տրամադրվածություն ունեցող), ինչպիսիներին հայտնաբերել ու հավաքագրել է Հ. Կարապետյանը։ Սույն անձը այսօր չի թաքցնում, որ ուսանող ժամանակ հավաքագրվել է ՊԱԿ-ի կողմից, այո, դա Նաիրի Հունանյանն է։ Իսկ որ հատուկ ծառայությունների կողմից Ն. Հունանյանը ուսումնասիրվել է, դա հաստատում է ԱԱՆ-ի 2-րդ գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Պարունակյանը իր ցուցմունքում. «...Փաստորեն մեր նպատակը նրան լիարժեք ուսումնասիրելն ու հետագայում հնարավոր օգտագործելն էր ՀՀ շահերը ապահովելու առումով» («Հոկտեմբերի 27»-ի քր. գործ, հատոր 7 գ.թ. 95)։

Իսկ թե ինչպես են հատուկ ծառայության պատրաստած «կադրերը» ապահովում սեփական երկրի անվտանգությունը, տեսնում ենք բոլորս՝ Ռուսաստանում` Բասաևին, ԱՄՆ-ում` Բեն Լադենին, Հայաստանում` էլ դաշնակցական Ն. Հունանյանին։

Վահագն Ղուկասյան

Հ.Գ. Ի դեպ` «Դրո» գործով մահապատժի դատապարտվածից Արմեն Մնջոյանը 20.08.1997-ին մի նամակ-հոդված (քսիֆ) ուղարկեց բանտախցից, այն տպագրվեց «Առավոտում»։ Ահա այդ հոդվածում Ա. Մնջոյանը լուրջ մեղադրանքներ է հասցեագրում ՀՅԴ անդամ, «Դրո» գործով նախկին կալանավոր, թիվ 112 կոդը կրող, «Դրո»-ի արխիվների պատասխանատու Գեղամ Մանուկյանին` համարելով նրան ԱԱՊՎ-ի (ԿԳԲ) գործակալ։ Այդ հոդվածում ուշագրավ է Արմեն Մնջոյանի մի չար կանխատեսում. «Եվ ահա իր ծառայության փորձնական շրջանն ավարտած Գեղամ Մանուկյանը ազգային հերոսի թիկնոցով դուրս ելավ ԱԱՆ-ի մեկուսարանից դեպի ազատություն։ Ի՞նչ է սպասվում ՀՅԴ-ին այսօր։ Նոր «Դրո՞», նոր «Նժդե՞հ», թե՞ մի արևմտյան «ԶԵԹ» կառույց, ցույց կտա մոտ ապագան»։

Ինչպես տեսնում ենք, Ա. Մնջոյանի կանխատեսումը 2 տարի հետո իրականացավ։ Մնում է միայն ենթադրել, միգուցե այդ «նոր Նժդեհ»-ը կամ «նոր ԶԵԹ»-ը Ն. Հունանյանի գլխավորած բանդայի ԱԱՆ-ում գրանցված ծածկանո՞ւնն է, որին մենք «Հոկտեմբերի 27» ենք անվանում։

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ