...

Իշխան Սաղաթելյանի երազը

Իշխան Սաղաթելյանի երազը

Իր հոգևոր հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, 8 տարի է խոստանում էր, որ իրեն կտանի խորհրդարան, տեսարժան վայրերը ցույց կտա, թե ոնց են աշխատում պատգամավորները: Վերջապես խոստումը կատարում է և իր ձեռքից բռնած, մտնում են խորհրդարանի տարածք: Անցակետում ՊՇԿ-ով ու ԴՇԿ-ով զինված երկու սևազգեստ զինվորական կանգնեցնում են իրենց. «Փաստաթղթերը»,- կարգադրում է նրանցից մեկը: Քոչարյանը գրպանից հանում է ԺԵԿ-ի տեղեկանքը, ներկայացնում. «Տրվում է առ այն, որ Ռ. Քոչարյանը վերջին 10 տարին Հայաստանում մշտապես ապրել է խորհրդարան մտնելու երազանքով»,- գրված է տեղեկանքում:

«Բա էս երեխան ո՞վ է»,- հարցնում է մյուս զինվորականը: «Իմ կոալիցիոն զավակն է»,- պատասխանում է Քոչարյանը,- «ես եմ իրեն մեծացրել, իմ թևի տակ պահել, սնել, փող տվել, հետը շատ եմ կապվել»:

«Անցեք»,- ձեռքով է անում անցագրայինի պետը: 

Իրենք մտնում են խորհրդարան: Ոչ մի պատգամավոր չկա: Մենակ լրագրողներն են ախրաննիկներով շրջում միջանցքում: Այդ պահին միջանցքում է հայտնվում ՀՀ ՊՆ նախարարն ու ախրաննիկներին ասում. «Եթե որևէ լրագրող փորձի խախտել սահմանը և ներխուժել դահլիճ, հրամայում եմ տեղում ոչնչացնել»:

«Է՜, բալա ջան»,- ասում է Քոչարյանը,- բա իմ ժամանակ սենց բաներ կայի՞ն: Ցանկացած լրագրող հանգիստ կարար ներխուժեր խորհրդարանի դահլիճ»: 

Բայց իրենք Աղվան Վարդանյանի տված անցագրով մտնում են դահլիճ: Աջ կողմում «Հայաստան» դաշինքի պատգամավորներն են. սպիտակ մայկաներով, վրեն ծովից-ծով Սևանա լճի նկարը: Աջ կողմում ՔՊ դաշինքի պատգամավորներն են, որոնք դեղին մայկաներով են, որպես առաջատար կուսակցություն: 

ՔՊ դաշինքի պատգամավորներն ինչ-որ քարտեզ բացած, ակտիվ քննարկում են: Բացի Գուրգեն Մելքոնյանից, որը մի կողմ քաշված, հեռախոսով շատ աշխույժ ինչ-որ կնոպկաներ է սեղմում: Մոտենում են, Հայաստանի քարտեզն է: «Ոսկեպարի այ էս առուն մերն է»,- լսվում է ՔՊ-ականների շարքերից: «Վերին Շորժայի վերևը ցուրտ ա, իմաստ չունի կռիվ անել», «Ախպեր, քելեք Երասխ գնանք, դակազատ անենք...»...

Իրենք ՔՊ-ականների քննարկումները թողնում, մոտենում են «Հայաստան» դաշինքի պատգամավորներին: Սրանք էլ են ինչ-որ քարտեզ բացել ու բուռն քննարկումներ են գնում: Իրենք նայում են. խորհրդարանի տարածքի քարտեզն են քննարկում. «Իսկ եթե փորձենք ձմերուկի գրուզավիկով զենքերը մտցնե՞նք»,- լսվում է Արմեն Ռուստամյանի ձայնը: «Իսկ ճաշարանում ծանոթ մարդ չունե՞նք»,- հարցնում է Գեղամ Մանուկյանը: «Թունելը ջանջալ գործ է»,- հոգոց է հանում Աղվան Վարդանյանը:

Իրենք հեռանում են այդտեղից, մոտենում նախագահության ամբիոնին: «Բալա ջան, էս ամբիոնի հետ կապված շատ հաճելի հուշեր ունեմ»,- ասում է Քոչարյանն իրեն,- «իմ հերոսական էջերից մեկն այստեղ է գրվել»:

«Ռոբերտ ձյաձյա, ուզում եմ բարձրանալ էդ աթոռին նստել»,- խնդրում է ինքը:

Քոչարյանը նիստը նախագահող Ալեն Սիմոնյանին է դիմում. «Կթողնե՞ք, էրեխեն մի հատ ձեր կողքի աթոռին նստի, շատ է ուզում»: «Այո, իհարկե, արի, տղա ջան»,- ասում է Ալեն Սիմոնյանն ու իրեն բարձրացնում, որ աթոռին նստեցնի: Բայց երբ 1 սանտիմետր է մնում, որ նստի, Ալենը իրեն բաց է թողնում, ինքը թրմփալով ընկնում է: «Վայ, բալա ջան»,- ասում է Քոչարյանը,- «նորից փորձի»: Նորից Ալենը իրեն բարձրացնում է, հենց ուզում է նստի աթոռին, էլի ԱԺ նախագահը բաց է թողնում, ինքն ընկնում է: Սկսում է լացել. «Ուզո՜ւմ եմ նստել, վը՜, ուզո՜ւմ եմ»:  

Արթնանում է երրորդ փորձի ժամանակ՝ Ալեն Սիմոնյանի պինդ ձեռքերում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ