...

Իշխանության ադեկվատության դեֆիցիտի հետևանքները

Իշխանության ադեկվատության դեֆիցիտի հետևանքները

Թավշյա հեղափոխությունը հասունացրեց իշխանության ամենափխրուն ճյուղերից մեկի` դատական իշխանության ապոկալիպսիսը` օրախնդիր դարձնելով այն օր առաջ «ֆորմատ անելու» անհրաժեշտությունը: Սա այն ճյուղն է, որի` իշխանության մյուս ճյուղերից ունեցած կախյալությունն ապացուցվել է քանիցս, հատկապես մի շարք աղմկահարույց գործերով կայացրած վճիռներով, և այդ ճյուղի գործունեության նկատմամբ հանրությունը անվստահություն ու վերապահումներ է ունեցել բոլոր իշխանությունների օրոք:

Հեղափոխությունից հետո ի հայտ եկած իրավական-քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ դատավորների համայնքը չի շտապում գնալ ապրոկալիպսիսին ընդառաջ`թոթափել խամաճիկի իր կարգավիճակն ու դառնալ «Ֆեմիդայի ստրուկը»` կախված լինել բացառապես նորին մեծություն Սահմանադրությունից և օրենքներից:

Այս կլինիկական պատկերն առարկայական  դարձավ հատկապես Ռ. Քոչարյանին` սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց հետո: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ վերջինիս խափանման միջոցի հարցով դատարանի կողմից ամեն հերթական  որոշման կայացումը հանրության համար դարձել է կենաց-մահու չափ կարևոր հարց` արդյոք մարտի 1-ի ողբերգության համար ամբաստանվող նախկին նախագահը կմնա բանտո՞ւմ, թե՞ կհայտնվի ազատության մեջ: Իսկ քանի որ Քոչարյանի ազատության հարցի լուծումը մեկ ինստիտուտի` դատարանի  ձեռքում է, ուստի այդ հարցն այլևս նույնականացվել է որոշում կայացնող դատավորի անձի հետ` դառնալով վերջինիս անաչառությունը  կամ «ծախվածությունը» որոշող ինդիկատոր: Ըստ այդմ էլ` դատավորը հանրության կողմից կա'մ անարգանքի սյունին է գամվում (նայած, թե ովքեր են գնահատում դատարանի որոշումը` Քոչարյանին աջակցողները, թե նրան մեղադրողները)` ինչպես դա տեղի ունեցավ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի դեպքում, կամ գովեստի ու գուրգուրանքի արժանանում` ինչպես դա տեղի ունեցավ Աննա Դանիբեկյանի պարագայում:

Համաձայնեք, որ եթե ՀՀ դատական համակարգը լիներ անաչառ, ապա հանրությունն այս և ընդհանրապես այլ հնչեղ գործերով  ամեն հերթական դատական նիստից առաջ և հետո չէր մատնվի հոգեխանգարմունքի, ընթացող դատական գործընթացին կվերաբերվեր որպես շարքային միջոցառման`վստահ լինելով, որ դատավորն առաջնորդվել է բացառապես օրենքի տառով  ու մասնագիտական խղճով, այլ ոչ թե նախկին իշխանության հետ ունեցած զանազան կոռուպցիոն կապերով: Քանի որ առաջիկայում Մարտի 1-ի գործով դատաքննության կարևոր փուլն է մեկնարկելու և անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ, ուզում ենք վերհիշել Քոչարյանի փաստաբաններից մեկի` Հայկ Ալումյանի  /2015-ին/ հնչեցրած հետևյալ միտքը.

«Արդար դատական համակարգը ոչ բոլոր փաստաբաններին է ձեռնտու. ոչ արդար համակարգի իմիջը փաստաբաններին թույլ է տալիս իր բոլոր անհաջողությունները բարդել դատական համակարգի վրա:

...Փաստաբանների մեջ կա մի զգալի մաս, ովքեր որ շահագրգռված են, որպեսզի դատական համակարգը լինի անարդար, կամ գոնե ունենա անարդար համակարգի իմիջ...»:

Կարծում ենք, որ այս բացառիկ խոստովանությանը պետք է ծանոթանա հատկապես Քոչարյանը, և դրան հղում անի հատկապես այն օրերին, երբ կպատրաստի իր փաստաբաններին վճարել հերթական ամսվա հոնորարը:

Իշխանությունը շանս  էր տալիս և ձեռքից բաց թողնում շանսը 

Ամփոփելով դատական համակարգի վերջին մեկուկես տարվա գործունեության վերաբերյալ իշխանության հայտարարությունները` հանգում ես եզրակացության` իշխանությունը տառապում է ադեկվատության դեֆիցիտով: Ավելին `լավ չի պատկերացնում, թե ի դեմս դատական համակարգի` ինչպիսի քարացած ու մոնոլիթ կառույցի «ապամոնտաժման» և վերակառուցման մեջ է թաթախվել, ուստի  միայն դատավորներին ուղղված  բարոյախրատական հորդորներով ու հույսը նրանց խղճմտանքի վրա դնելով չի կարող հասնել «ճարտարապետական» անհրաժեշտ լուծումների:  

Դեռ մինչև Մարտի 1-ի գործով դատավարության մեկնարկը` ապրիլին, Բարձրագույն դատական խորհրդի մեկամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ Փաշինյանը դատավորների հանրույթին  ուղերձ հղեց` ռիսկի դիմել և  օգտվել ՀՀ-ում իրապես անկախ և անկաշառ դատական համակարգ ձևավորելու «պատմական շանսից». «Ես համոզված եմ, որ այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կնպաստեն այդ շանսի իրացմանը, և ովքեր են, որ կխանգարեն: Եթե պարզվի՝ խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն անկախ դատական համակարգի հարցը»:

Այն, որ խանգարողներ պետք է լինեին և այդ խանգարողները շարունակում են մինչ օրս խանգարել` օրգանապես անհամատեղելի լինելով իրենց տրված «պատմական շանսի» հետ` գաղտնիք չէ ոչ մեկին: Իսկ թե ինչպես իշխանությունը փորձեց լուծել «խանգարողների» հարցերը և ինչպիսի` առայժմ զրոյական արդյունքներով` դա ևս գաղտնիք չէ` դատարաններ շրջափակելը կամ դատավորներին պատերի տակ վնգստալու մեջ մեղադրելը դեռ արդարադատության իրականացմանը խանգարող հանգամանքների չեզոքացում չէ: Փաստ է, որ ՍԴ-ում առկա սահմանադրական ճգնաժամը մնում է չհաղթահարված, իսկ մասնավորապես «Մարտի 1»-ի գործով առաջիկայում մեկնարկելիք դատաքննությունը կարող է «խանգարողների» գործուն մասնակցությամբ  անկանխատեսելի զարգացումներ ունենալ` դրանից բխող հետևանքներով:  Իշխանության ոչ ադեկվատ`«շանսատու» լինելու ապացույցներից ամենաթարմը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունն է  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին: «Հրայր Թովմասյանը կորցրել է ՍԴ նախագահ լինելու շանսը. նա չի կարող լինել ՍԴ նախագահ, քանի որ ուներ և ունի քաղաքական մոտիվացիա»: Հեղափոխությունից հետո մեկուկես տարի է անցել, իսկ ԱԺ նախագահը, փաստորեն, միայն «էն օրը`միտինգի տեղն» է իմացել, թե ով է Թովմասյանը, որն, ի դեպ, ՍԴ նախագահ լինելու շանսը ստացել է դեռ մինչ հեղափոխությունը, իր քաղաքական ղեկավարությունից և հետևապես չէր կարող չունենալ քաղաքական մոտիվացիա: Ցավալի է արձանագրելը, թե այսքան բանն իմանալուց հետո էլ իշխանությունը ակնկալում էր, թե վայելչախոսության դասընթացներ կազմակերպելով և ՍԴ-ին Թովմասյանի թույլ տված «կարգապահական խախտումները» որպես հիմք ներկայացնելով  կարող է վերջինիս զրկել ժամանակին իրեն բաժին հասած «պատմական շանսից»` ՍԴ նախագահությունից: Թե ինչպես արձագանքեցին Թովմասյանն ու ՍԴ մյուս դատավորները իրենց տրված շանսին` պարզ դարձավ նախօրեին, երբ այն նույնիսկ վարույթ չընդունեց Թոսվամսյանի հարցով ԱԺ դիմումը: Այդ արձագանքը մեկ նախադասությամբ այսպես կարելի է ձևակերպել` դուք մեզ շանս, մենք ձեզ` քուանշ, հարգելի' պատգամավորներ:        

Վենետիկի հանձնաժողովը գովում է

Օրերս Վենետիկի հանձնաժողովն իր պաշտոնական կայքում հրապարակել է ՀՀ ԱՆ-ի կողմից մշակված` «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ կարծիքը: Հանձնաժողովը գովեստի է արժանացրել փաթեթն ու գտել է, որ դրանում  «առկա առաջարկների մեծամասնությունը համապատասանում են և նպաստում են կոռուպցիայի դեմ պայքարին` միևնույն ժամանակ առանց դատական իշխանության անկախությունը սահմանափակելու»: Այդուհանդերձ, ըստ հանձնաժողովի եզրակացության, «անհրաժեշտ են հստակեցումներ, իսկ որոշ տեղերում` բարելավումներ»:  Ակնկալում ենք, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները այս կարծիքից հետո օպերատիվ կերպով միս ու արյուն կստանան և իշխանությունը դատավորներին շանս տվողից կվերածվի իրեն պատմականորեն բաժին հասած բացառիկ շանսը իրացնողի` արդար դատական համակարգ ձևավորողի: 

Հեղինե Մանուկյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5165 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ