...

Կայունություն և արտահերթ ընտրություններ

Կայունություն և արտահերթ ընտրություններ

Հետպատերազմական դրությունն ակնհայտորեն շատ ավելի սրված ու վտանգավոր է, քան բուն պատերազմականն էր։ Մենք այժմ մի իրավիճակում ենք, երբ բոլորի, հատկապես քաղաքական ուժերի թիվ մեկ անելիքը պետք է լինի ատամներով երկրի ներքին կայունությունը պահպանելը՝ ոչ մի դեպքում թույլ չտալով, որ պատերազմն առաջնագծից տեղափոխվի մայրաքաղաք ու փոխակերպվի քաղաքացիական բախումների։

Աներկբա է, որ բացառապես ներքին կայունության պարագայում է հնարավոր գտնել պատերազմի հետևանքով առաջացած բազմաշերտ ճգնաժամի հաղթահարման ելքերը։ Ելքերից գլխավորը պետական կառավարման համակարգի անցնցում ու բնականոն աշխատանքն է, քանի որ հետպատերազմական իրավիճակում պետական մեքենայի որևէ օղակի, ընդհուպ՝ տափօղակի աշխատանքի խաթարումը կամ սաբոտաժը կարող է շղթայական կապի էֆեկտով ազդել ողջ համակարգի վրա և սպառնալ ազգային անվտանգությանը։ Որքան էլ մեծ է վարչապետի հանդեպ քաղաքական ուժերի անհանդուրժողականությունն ու օբյեկտիվորեն ի հայտ եկած բողոքը, բայցևայնպես` անհրաժեշտ է շարժվել հակաճգնաժամային, շոկի հաղթահարման օրակարգով, որը բնավ ներքաղաքական պրոցեսները սրելը չէ։ Նախօրեին իր հրապարակած ճանապարհային քարտեզում վարչապետ Փաշինյանը մի շարք կետեր է առաջ քաշել ու վեց ամիս (մինչև հունիս) ժամանակ խնդրել՝ իրավիճակը շտկելու և հետագա անելիքների հարցում կողմնորոշվելու համար։ Ուշադրության է արժանի հատկապես Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունման մասին հիշատակումը։ Շատերն այդ քարտեզի հրապարակումից վրդովվեցին՝ նշելով, թե հեռանալու, արտահերթ ընտրություններ նշանակելու փոխարեն` «կապիտուլյացիայի սիմվոլը» պնդերեսություն է անում և երկարաձգում իր պաշտոնավարումը։ Ակնհայտ է սակայն, որ մասնավորապես այս երկու օրենքներում կատարվելիք փոփոխությունների պատրաստակամությունն ու հակաճգնաժամային օրակարգ ներառելը հուշում է իշխող ուժի՝ արտահերթ ընտրությունների գնալու մտադրության մասին։ Իսկ այդ մտադրությանը Աժ ընդդիմությունը պետք է ամեն կերպ աջակցի, ոչ թե վիժեցնի։

Կառավարման պառլամենտական համակարգը ենթադրում է, որ քաղաքական ուժերի «հանրահավաքի» վայրը ոչ թե մոտակա հրապարակը լինի, այլ մեկ հասցե՝ Ազգային ժողովի շենք, որը ճգնաժամի հաղթահարման մանդատ ունեցող «գլխավոր տրիբունն է»։ Ուստի խորհրդարանական ուժերը նիստերի դահլիճում պետք է ոչ թե զբաղվեն միմյանց հոշոտելով՝ «հանելով» հին՝ մինչպատերազմական հաշիվների «մուռը», իրենց դեստրուկտիվ վարքով վատնեն ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը, այլ գործեն ծայրահեղ ռացիոնալ ու կառուցողական դաշտում՝ իշխանությանը դրդել դեպի արտահերթ ընտրությունների հանգրվան։ Հրապարակներում` ռազմական դրության պայմաններում, հանրահավաքի անվան տակ հոգեխանգարմունքի տեսարաններ բեմադրելով, վարչապետին ցեխը կոխելով ու մի գլուխ նրա հրաժարականը պահանջելով` երկիրը չի կարող դուրս գալ ճգնաժամից, հատկապես երբ այդ ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն հենց վարչապետն է, որը քանիցս հայտարարեց, որ չի խուսափում պատասխանատվությունից և պատրաստ է ընդունել ժողովրդի կայացրած ցանկացած դատավճիռ։ Իսկ դատավճիռը դեմոկրատական երկրում չի կարող լինել ապօրինի, հակասահմանադրական որևէ եղանակով՝ հեղաշրջմամբ, ոչ էլ արյան հեղմամբ կամ բռնությամբ։ Մեր երկիրը նման ցնցումների միջով անցել է հարաբերական խաղաղության օրերին և ցայսօր չի կարողանում դուրս գալ հետցնցումից։ Այժմ առավել ևս նման ցնցումները կարող են կործանարար լինել՝ սասանելով պետության, պետականության հիմքերը։

Վարչապետի անձի նկատմամբ «օրգանական անհամատեղելիություն» ունեցողներին քաղաքական հեռատեսությունը պետք է հուշի, որ ԱԺ-ում վարչապետն ունի քաղաքական մեծամասնություն։ Եվ եթե անգամ այդ մեծամասնությունը, իրացնելով իր լիազորությունները, կարողանա փոխել վերջինիս՝ կառավարության ղեկը հանձնելով մեկ այլ թեկնածուի, ապա դա պատերազմի հետևանքով ստեղծված ստատուս քվոն չի փոխելու։ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու եկած Փաշին Նիկոլյանն ինչ է՝ առոչինչ է հայտարարելու եռակողմ հայտարարությունն ու նոր պատերա՞զմ է հայտարարելու Ադրբեջանին։ Հազիվ թե։ Դա, ինչպես նախօրեին նշեց ՌԴ նախագահ Վ. Պուտինը, հավասարազոր կլինի «ինքնասպանության»։ Պուտինը պարզաբանել է, որ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները, թե ոչ` «յուրաքանչյուրի գործն է», բայց նա կարծում է, որ դրանցից հրաժարվելը «հսկայական սխալ կլիներ»: «Ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող կամ պատերազմող երկիրը չի կարող իրեն թույլ տալ այդպես վարվել, այդ թվում՝իշխանության կազմակերպման ոլորտում, որպեսզի հասարակությունը ներսից պառակտվի»,- ասել է ՌԴ նախագահը, այսպես ասած՝ «ֆոռա տալով» Փաշինյանին՝ շարունակել պաշտոնավարումը։

Իսկ եթե խորհրդարանական ընդդիմության բարձրացրած աղմուկի նպատակը սոսկ վարչապետափոխությունն է՝ սեփական թեկնածուին առաջ բրդելու ակնկալիքով (այդ ակնկալիքը նրանք մինչև պատերազմն ունեին), ապա դա քաղաքական շահախնդրությամբ թելադրված ինքնախաբեություն է, որը ոչ մի կապ չունի «հայրենիքի փրկության», «ինչ-որ բան հետ բերել» կարողանալու հետ։ Ինչ վերաբերում է «մեզ նոր բանակցող է հարկավոր, թուրքի առաջ կզածը չի կարող բանակցել» վուլգար ձևակերպմամբ փաստարկին, ապա դա ևս մեկ անգամ ամրապնդում է նոր իշխանություն ձևավորելու անհրաժեշտությունը։ Նոր բանակցողը պետք է լինի ոչ միայն օրինական ընտրված, այլև բարձր լեգիտիմությամբ անձ, այլ ոչ թե «из грязи - в князи» սկզբունքով բանակցողի կարգավիճակում հայտնված որևէ մեկը։ Այս համատեքստում իդեալական կլիներ բանակցային գործընթացը վերսկսել ՀՀ-ում նոր իշխանության ձևավորումից հետո միայն, քանի որ ստորագրված հայտարարությունը դեռևս չի նշանակում ԼՂ խնդրի վերջնական լուծում. առկախ է թերևս ամենակարևորը՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցը։

Վարչապետը վախենում է

Նկատենք, որ խորհրդարանական ընդդիմությունն այս օրերին համառորեն պնդում է չեղարկել ռազմական դրությունը, որի նպատակն ակնհայտորեն ոչ միայն, այսպես ասած` արտոնված հանրահավաքներ անցկացնելն է, այլև վարչապետափոխության հասնելը։ Սահմանադրությունը վարչապետին անվստահություն հայտնելու գործիք է նախատեսել, որը, սակայն, չի կարող կիրառվել արտակարգ և ռազմական դրության ժամանակ։ (Չի կարող ԱԺ-ի որոշմանը ներկայացվել կամ քննարկվել նման նախագիծ):

Ըստ մայր օրենքի՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը` միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունվում և քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Ն. Փաշինյանն ըստ երևույթին վեց ամիս ժամկետը «հայցել է» հենց այս գործիքը հաշվի առնելով. առայժմ հրաժարական չեմ տալիս՝ վեց ամիս հետո այս եղանակով հեռանալու երաշխիքներ տալով։ Նման համոզմունք է ձևավորում նրա այս միտքը. «Այս ամենի կարևորագույն նպատակը ՀՀ-ի ժողովրդավարական կայունության ապահովումն է և երաշխիքների ստեղծումը, որ ՀՀ-ում իշխանության ձևավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով` որևէ բան չի սպառնում»: Նկատենք, որ, շատերի գնահատմամբ, վեց ամիսն ահռելի ժամկետ է՝ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորին իշխանության ղեկին հանդուրժելու առումով։ Նաև կառավարության ու ԱԺ-ի՝ անցած երկուսուկես տարվա գործունեությունը հաշվի առնելով․ այն շատ դեպքերում անգործության է վերածվել, որոշ հրատապ խնդիրների լուծման դեպքերում էլ բանը հասել է հանցավոր դանդաղկոտության։ Այնպես որ, ճիշտ կլինի գրավոր, ընդհուպ՝ նոտարական վավերացմամբ խոստում տալ, որ «ճանապարային քարտեզի» հիշյալ կետերը մաքսիմում սեղմ ժամկետում ու լիարժեք ի կատար կածվեն, իսկ եթե ոչ՝ մնում է օր առաջ ԱԺ-ն ցրելը, հրաժարական տալը։ Այլ ելք չկա։

«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ