...

Ջերմոցները՝ փակվելու վտանգի առաջ

Ջերմոցները՝ փակվելու վտանգի առաջ

Արարատյան դաշտում գրանցված ջերմաստիճանն առայժմ ջերմոցատերերի սրտով է: Եղանակային պայմանները բարենպաստ են և ջերմատներում ջեռուցում գրեթե չի արվում: Ջերմոցային տնտեսությամբ զբաղվողները «ՉԻ»-ի հետ զրույցում ասում են, որ տաք եղանակը բերքի ինքնարժեքի վրա դրական կազդի՝ ջեռուցման համար քիչ փող կծախսեն և բերքի գինն էլ էժան կլինի:

Սա, սակայն, նրանց շատ չի ուրախացնում: Ֆերմերներին անհանգստացնում է գազի սակագնի հնարավոր բարձրացումը: Մտավախություն ունեն՝ նման իրավիճակում հայտնվելու դեպքում ջերմոցային տնտեսությունների թիվը կրճատվելու է:

«Եթե գազի սակագինը բարձրանա, ահագին տնտեսություններ կփակվեն: Եթե ես այսօր ունեմ 2000-3000 մետր ջերմոց, գազ վառեմ և չկարողանամ վճարել, մեր ջերմոցները մենք կվաճառենք: Ով փող կունենա, կգնի դրանք, կմիավորի, մենք էլ «վեշերներս» կհավաքենք ու երկրից դուրս կգանք»,- նշեց «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի տնօրեն, ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը:

Գազի սակագինը կազդի բանջարեղենի արժեքի վրա: Գյուղացին ստիպված կթանկացնի իր արտադրանքը:

Վարուժան Խոդեդանյանի կարծիքով՝ թանկացումն անմիջապես կզսպեն ներկրումների հաշվին:

Հենց ներմուծումներն էլ ֆերմերներն իրենց շահույթին խանգարող հաջորդ խոչընդոտն են համարում: Նրանք բողոքում են, որ Թուրքիայից ներկրվող գյուղմթերքի պատճառով իրենք տուժում են:

Ֆերմերի խոսքով՝ այժմ լոլիկ չի ներմուծվում, բայց դեկտեմբերի կեսերից շուկան կրկին կողողվի դրսից բերված բանջարեղենով:

«Մեր շուկան լոլիկով, վարունգով, պղպեղով ինքնաբավ է, բայց Թուրքիայից անօրինական ճանապարհով բերում, լցնում են: Օրինակ՝ եթե օրինական ճանապարհով էլ բերեն, մաքսատուրքերը վճարեն էլ, հարկերը չեն տալիս: Բերում են, վաճառում ինչ-որ մեկին ու հարկեր չեն վճարում: Ես դեմ չեմ, որ գյուղատնտեսությանը հարկեն, եթե տնտեսվարող սուբյեկտ են, թող հարկ վճարեն»,- նկատեց հողի մշակը:

Ասում է՝ իր ջերմոցում արտադրած 1 կգ լոլիկի ինքնարժեքը կազմում է 480 դրամ, բայց վաճառվում է 550 դրամով. «Հոկտեմբերից մինչև ապրիլ գազ եմ վառում ջերմոցում: Իմ արտադրած լոլիկները, մերը՝ տեղական արտադրության, ամեն ինչով ավելի լավն են, քան թուրքականը, բայց որ էժան է մերից՝ առնում են»,- սրտնեղեց մեր զրուցակիցը:

Հողագործներին խանգարող հանգամանքներից է նաև լոլիկի ցեցը: Այդ վնասատուն ազդում է լոլիկի բերքատվության վրա: Փաստի առաջ են կանգնած հատկապես բաց դաշտում լոլիկ մշակողները: Վարուժան Խոդեդանյանի փոխանցմամբ՝ այս խոչընդոտից շուտով կազատվեն: Ցեցի դեմ պայքարի պիլոտային ծրագիր է մշակվել, և այն բավականին արդյունավետ է, մնում է, որ պայքարի այդ մեթոդը լայն տարածում ստանա:

Պաշտոնական տվյալներով՝ մեկ ամսում մրգի և բանջարեղենի գնաճը կազմել է 5,75 տոկոս: Բանջարեղենը 2019թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 9,3 %-ով, իսկ սեպտեմբերի համեմատ գնաճը 5,2 % է կազմել:

Ֆերմերի խոսքով՝ նման գնաճ հնարավոր է: Թեև շուկան ինքնաբավ է, բայց բերքը պակասում է:

«Օրինակ՝ եթե լոլիկի արժեքը 100 դրամ էր, բոլորը ձեռք են բերում, երբ դառնում է 300, ժողովրդի միջին և միջինից ցածր ապրող խավը կամ քիչ է գնում կամ էլ չի գնում: Երբ լոլիկը դառնում է 600 դրամ, ցածր եկամուտ ունեցող խավը չի օգտագործում այդ մթերքը: Ինքնաբավ ենք այն մարդկանց համար, ովքեր լոլիկ գնում են: Կա մի խավ, որ լոլիկ ուտում է, երբ այն 100-150 դրամ արժե»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1211 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ