...

Էդ թեքիլան ինչ թիթիզություն ա

Էդ թեքիլան ինչ թիթիզություն ա

Շաբաթը Նոյեմբերյանի Կողբ համայնքում տոնական է անցել: Մրգօղին տարածաշրջանի և հանրապետության մյուս մարզերի բնակիչներին Կողբ էր բերել: Այստեղ առաջին անգամ անցկացվեց «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը:

Փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը «ՉԻ»-ի հետ զրույցում ասում է՝ երբ հասկացավ, որ փառատոնները վերջին շրջանում թրենդային են դարձել, որոշեց ցանկը մեկով էլ ավելացնել: Մրգօղին էլ պատահական չէ ընտրված, տարածաշրջանում տարբեր մրգերից օղիներ են թորում, մտածում են՝ այս տարբերակով խթանել խմիչքի այս տեսակի վաճառքը:

«Մրգօղին կարող է դառնալ լուրջ արտահանման բրենդ: Աշխարհում բավականին լուրջ թրենդ է դարձել մրգային գարեջուրը: Մենք կարող ենք դրանից օգտվել: Մեր խմիչքի շուկան Ռուսաստանի Դաշնությունն է: Մրգօղին նաև դեպի Արևմուտք կարող է շուկա բացել»,- նշեց նա:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով՝ վերջին տարիներին  մարզում զարգանում է մրգօղիների արտադրությունը: Այն խթանելու և ճանաչելի դարձնելու նպատակով նման փառատոնի կազմակերպումը կարևոր է համարում:

«Գիտեք՝ որքան համով է մեր միրգը, ինչ բուրավետ է: Պետք է աշխարհի հետ կիսվենք այն արտադրանքներով, որոնք ստեղծվում են մրգից: Այս աշխատանքով տարածաշրջանում զբաղվում են դարեր շարունակ՝ սերնդեսերունդ: Այս օրը պետք է վաճառքի խոշոր կետ դառնա արտադրողների համար»,- նկատեց մարզպետը:

Մրգօղու պատրաստության մեջ վարպետացած կողբեցիները օղու թորման սարքը բերել են հենց հրապարակ և հարյուրավոր հյուրերի ու զբոսաշրջիկների ներկայությամբ օղի են թորում՝ տնական քաշած օղու տեխնոլոգիան բոլորին բացատրում: Խաղողի, հոնի, սերկևիլի, տանձի, բալի  կողքին կողբեցի Դավիթ Աբովյանը իր թզի օղին է հյուրասիրում: Մի 2 տարի առաջ թուզ շատ ուներ, բերքը փչանում էր,  որոշեց  խմիչք սարքել: Պատրաստեց ու հյուրասիրեց բարեկամներին, խմեցին ու հավանեցին: 

«Հաջողված օղի է ստացվում, շատ նուրբ է՝ բուժիչ է: Գործարանի օղիները կեղծ են, արդեն ժամանակն է,ՙ որ հասկանան ու միայն տնական քաշած մաքուր օղի  խմեն»,- ասաց գյուղացին:

Մշկընկույզի, հնդկական ընկույզի  բուժիչ օղիների մի ամբողջ հավաքածու կողբեցի  Ժիրայր Նասիբյանի տաղավարում է: Մասնագիտությամբ ոգելից խմիչքների տեխնոլոգը նորարությունների խելագար է, փորձում է նոր ու հետաքրքիր խմիչքներ արտադրել: Փառատոնի ընթացքում ով նրա պատրաստած բուժիչ օղուց խմել է, հետն էլ գնել, տարել է:

«Մուլտի բուժիչ օղիները 3000 դրամ եմ ծախում: Ուզում եմ բիզնես ծրագիր իրականացնել: Եթե մարդիկ հասկանան, գնեն, ձեռնտու գործ կլինի: Չարորակ ուռուցքներն արմատախիլ է անում, իմունիտետը բարձրացնում է, ով խմում է՝ հավեսը գալիս է»,- ներկայացրեց նա:

Կառալյոկի օղին Մեղրիից Կողբ համտեսի են բերել: Իսկ «Բերդավանի» խմիչքների արտադրամասն էլ իր վարդի ու մոշու գինիներով է հյուրերին տաղավարի գլխին հավաքել: Վարդի գինին ամենագրավիչն է:

Վանաձորից 100 կիլոմետր ճանապարհ եկած Մեսրոպ Գևորգյանը օղու տեսակ չի եղել, որ փորձած չլինի՝ հատուկ այս միջոցառմանն է եկել սերկևիլի և խառը մրգօղի գնելու համար:

«10 բաժակ արդեն տարբեր օղի եմ խմել, լավ է մարսվում»,- ասաց նա:

Կողբ եկած չինուհիները խմելու չեն եկել, բայց փառատոնն ու բնությունը շատ են հավանել:

Օղու և խորտիկների համտեսից բացի, մասնակիցների համար կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ՝ նարդու մրցույթ: Կենացների միակ հասցեատերը բնությունն  է, որն  այս տարի առատ բերք էր Տավուշին պարգևել: Օրվա բարձր տրամադրությունն ապահովեցին երգիչներ Արսեն Սաֆարյանի և Մրոյի ելույթները: Պարեղանակը շուրջպարի համախմբեց արդեն մի քիչ գինովցած մարդկանց: Մրգօղին Կողբի ճանապարհը մոռացնել չի տա:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ