...

Ժառանգություն

Ժառանգություն

ՉՈՐՐՈՐԴԻՑ ԴՈՒՐՍ

Մերը - հալածյալներս և հալածողներս մեր գլուխներից վերև չունենք մեր Թուրքիան, նրա հպատակները չենք, նրա սաստից չենք երկյուղում և նրա սիրուց չենք մարդանում: Մեր հալածելը մինչև վերջ` մինչև փակուղի` մինչև ոչնչացումն` մինչև «հագարացվոց ճամբարն» է լինելու և մեր հալածվելը` փակուղում միայն ժանիքավորվելը, փակուղում միայն եղջյուրը թուր դարձրած շրջվելը` «հագարացվոց բանակի» գլուխն անցած: Հնազանդվել չկա, բանակցել չկա, խաղ ու խաղացկունություն չկա - մտքի՞ տկարություն է, լեզվի՞ տկարություն` որ բացատրելի է մոտավորապես այսպես. իշխող ազգային վերնախավի դարավոր բացակայությունը հետնորդներիս զրկել է թշնամության-բարեկամության իշխանական և՛ վարքից, և՛ լեզվից. բացատրելի է, բայց ազգային արատ է, որովհետև ինչ վերջանալու էր լեզվակռվով, վերջանում է արյունով: Թումանյանն ասում էր «խոսք եք կռվացրել, արյուն հո չարիք»: Ահա այս «խոսք կռվացնելու» մեծ շնորհքի բացակայությունը...

Ֆոլկների պատմվածքը հիշեցի. որպեսզի անարգվածի և անարգողի «դեպքը» իր ցեղի ներսում սրանցից մեկնումեկի արյունով չկնքվի, ցեղապետը մեջտեղ մարտական աքաղաղների կռիվ է դնում, և որպեսզի հանուն արդարության հաղթի միայն ու միայն անարգվածը, ցեղապետը անարգողի մարտաքաղաղի դեմ հանել է տալիս իր աքաղաղը. մի տեսնես սրա ամեն մի խոցումի հետ ինչ ճիչ է ճչում անարգվածը, մյուսի տապալվելու հետ ինչ ցնծություն է ցնծում, մի տեսնես ինչ պար է պարում անշունչ թռչունի վրա. պիտի պարի, տրորի, ճխլի, տափակի, գետնի հետ կորցնի, ոչ եղել է ոչ կա, իսկ ինքն ահա կա` քրտնած, հաղթական, ոխը բավարարած:

Մերը - շնչի ծանրությո՞ւն ասեմ, մարդու և հանրության մեր իրոք ծանր բեռը թեթև սրտով քաշելու, «մեր ցավը հարավ քամուն տալու» ճիգի բացակայությո՞ւն է, թե՞ ինչ-որ չկամություն` պոկել ինքը իրեն,- մեր որոշ բարբառներ դեռ ինքը զինքն են ասում,- ազատել ինքը զինքը իրենից զատ բոլոր մյուսներին նվաստացնելու, հաղթող թագավորի իր ոտքը բերելու ոչ ամենևին արքայական ամբարտավանությունից: Չկարողացավ հաղթել, չկարողացավ իր ոտքը բերել- մյուսի ինքնին ներկայությունը չի հանդուրժելու` ոչնչացնելու է: Չկարողացավ հնազանդվել, չկարողացավ բանակցել-լռելու ու լուռ ոխակալելու է:

Թումանյանը մեր այդ բաց ամբարտավանությունը և նույնքան ասիական ոխակալությունը «ախտ» էր խարանում` վրիժառության ախտ. «Ավելի ևս զզվելին այն է, որ մեր մարդը սիրում է իր վրեժը լուծել ու հարվածը տալ ուրիշի ձեռքով` ինքը միշտ մութի մեջ»:

Հրանտ Մաթևոսյան

«Մի ուրացեք ձեր եղբորը»

«Չորրորդ իշխանություն», թիվ 280, մարտի 15, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ