...

Ջիանի Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանի շնորհած պատվո շքանշանը

Ջիանի Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանի շնորհած պատվո շքանշանը

Վենետիկի հանձնաժողովի «հավերժական» (2009թ.) նախագահ 76-ամյա Ջիանի Բուքիքիոյի սերն ու շատ դեպքերում կոռեկտության սահմաններն անցնող գորովալից վերաբերմունքը նախկին իշխանության հանդեպ` ի դեմս Հրայր Թովմասյանի ու նրա նախագահած ՍԴ-ի, ունի իր պատմական հիմքերը: 

ՀՀ-ն ԵԽ Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով») հետ համագործակցում է 1995-ից` այն պահից, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը` Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, դարձավ Վենետիկի հանձնաժողովի անդամ: Հեղափոխությունից որոշ ժամանակ անց վաստակած հանգստի գնացած «անխորտակելի» Գ. Հարությունյանը ցայսօր շարունակում է պաշտոնավարել այդ հանձնաժողովում: Հենց այդ 90-ականների կեսից էլ սկսվել է Բուքիքիո-Հարությունյան սերտ ընկերությունը, որի առհավատչյան մասնավորապես ՀՀ սահմանադրության երկու բարեփոխումներին այդ հանձնաժողովի շնորհած բարձր գնահատականներ են, գովեստի արտահայտությունները ժողովրդավարական ինստիտուտների աննշան բարելավումների և իշխանությունների հետ արդյունավետ համագործակցության վերաբերյալ:  

Նշենք, որ «Մարտի 1»-ի դեպքերից մեկ տարի անց, երբ միջազգային հանրությունը համակ ուշադրությամբ հետևում էր ՀՀ-ում տիրող իրավիճակին, իսկ ԵԽԽՎ-ն մեկը մյուսից ահեղասաստ բանաձևեր էր ընդունում ՀՀ-ի վերաբերյալ, պահանջում կարգի բերել օրենսդրական դաշտը (հենց այդ շրջանում է տեղի ունեցել ՀՀ ՔՕ 225  և 300 հոդվածների վերանայումը) Սերժ Սարգսյանը որոշեց միջազգային կառույցների «խոսքը շաքարով կտրել» ու պատվո շքանշանով պարգևատրել Ջիանի Բուքիքիոյին, որն այդ ժամանակ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարն էր: Այդ պարգևատրման հրամանագիրը ստորագրվել է 2009-ի  սեպտեմբերի 29-ին` Հայաստանի եվրոպական ինտեգրմանը նպաստելու և ՀՀ-ում իրավական բարեփոխումների իրականացման գործում Բուքիքիոյի ունեցած ծառայությունների համար: 

Շքանշանը 2009-ի հոկտեմբերի 2-ին պարգևատրման փաստից երջանկացած Բուքիքիոյին հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստանն այսօր ժողովրդավարական պետություն է: Իհարկե, կան որոշ դժվարություններ, առանց դժվարությունների չի լինում: Ինձ համար ամենամեծ պարգևն այդ առաջընթացն է, որ մենք համատեղ ուժերով արձանագրել ենք Հայաստանում՝ ժողովրդավարություն հաստատելու գործում»,- պարգևատրման արարողության ժամանակ ասել էր եվրոպացի պաշտոնյան, «որոշ դժվարություններ» ասելով հավանաբար նկատի ունենալով կեղծված ընտրությունների հետևանքով ի հայտ եկած մարտի 1-ի սպանդը, տասնյակ քաղբանտարկյալները, բանակի ներգրավումը ներքաղաքական զարգացումներում և այլն: Շնորհավորելով Բուքիքիոյին` Հովիկ Աբրահամյանն էլ մարգարեական խոսք էր ասել. «Պաշտոնները բոլորիս համար էլ ժամանակավոր են: Կարևորն այն է, թե պաշտոնավարման ընթացքում ով ինչ աշխատանք է կատարել»:  

Ի դեպ, Ջիանի Բուքիքիոն մեծ ներդրում է ունեցել 2015-ի սահմանադրական բարեփոխումները հորով-մորով անելու հարցում: 2015թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ ժողովին ուղղած ողջույնի խոսքով Բուքիքիոն գլխավորապես ողջունեց սահմանադրական փոփոխությունները, իսկ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց ընդունել «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշումը: Այդ նույն ընթացքում ընդդեմ սահմանադրական փոփոխությունների բողոքի դուրս եկած մեծաթիվ քաղաքացիների  ցույցը ճնշվեց  ոստիկանների կողմից և ավելի քան 20 մասնակից բերման ենթարկվեց: Հենց այդ` «որակի վենետիկյան հավաստագիր» ստացած Սահմանադրության միջոցով էլ Սերժ Սարգսյանը փորձեց ՀՀ իշխանության ղեկին հավերժել վարչապետի պաշտոնում` ներշնչվելով Բուքիքիոյի երկարամյա պաշտոնավարման ֆենոմենով: 

Ի դեպ, համազգային մերժման արժանանալուց ամիսներ առաջ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվելու ժամանակ` 2018-ի հունվարի 24-ին, Սերժ Սարգսյանը հանդիպել էր Բուքիքիոյին, շնորհավորել հանձնաժողովի նախագահի պաշտոնում (ուշադրություն` չորրորդ անգամ) վերընտրվելու համար և շնորհակալություն հայտնել «մինչ այժմ մեր երկրին հանձնաժողովի կողմից ինչպես նոր Ընտրական օրենսգրքի, այնպես էլ այլ կարևոր օրենսդրական փաթեթների մշակման հարցում ցուցաբերած մասնագիտական, խորհրդատվական մեծ աջակցության համար»: Թե ինչ եղավ այդ շնորհակալա-շնորհավորական մերձեցումից հետո՝ հիշում են բոլորը: 

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ