...

3. Պատուհասապետության հաջողության նախադրյալները․ իշխանափոխությունը ձեռնտու էր բոլորին

3. Պատուհասապետության հաջողության նախադրյալները․ իշխանափոխությունը ձեռնտու էր բոլորին

«Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղաշրջման կարևորագույն նախադրյալներից մեկն էլ այն էր, որ մինչ այդ Հայաստանի իշխանությունները հաջողացրել էին միջազգային հարաբերություններում ոչ հուսալի և անլուրջ գործընկերոջ համբավ ձեռք բերել։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին այդպիսի հարց ընդհանրապես չկար՝ նա «գույք պարտքի դիմաց» մեխանիզմով Ռուսաստանին էր հանձնել Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքները, արտաքին հարաբերությունները նույնպես «պատվիրակել» Կրեմլին ու մի կողմ քաշվել՝ զբաղվելով բացառապես երկրի ներսում սեփական իշխանության ամրապնդմամբ ու հարստանալով, իսկ ահա Սերժ Սարգսյանը փորձեց «խաղեր տալ»։ Նախագահի պաշտոնը ստանձնելուց գրեթե անմիջապես հետո նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», ու թեև դա կատարելապես ձախողվեց, բայց ռուսներն այդպես էլ չներեցին նրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձը, առավել ևս՝ ամերիկյան ակտիվ մասնակցությամբ։ Ռուսաստանի համար հասկանալի էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ տարածաշրջանում իր դիրքերը թուլանալու են, ու Մոսկվայում այդ քայլն ընկալեցին համարյա որպես դավաճանություն։

Չօգնեց անգամ այն, որ մի քանի տարի անց Հայաստանը «վճռականորեն դեպի եվրոպական արժեհամակարգ տանող» Սերժ Սարգսյանը մի գիշերում որոշեց երկիրը մտցնել Մաքսային միություն ու ԵԱՏՄ։ Կրեմլի համար Հայաստանի իշխանություններն արդեն անվստահելի էին ու այդպիսին էլ մնացին։ Ավելին՝ Արևմուտքում նույնպես սկսեցին լուրջ չընդունել Հայաստանի իշխանություններին։ Եվ իրենք իրենց համար արձանագրեցին, որ Հայաստանը Ռուսաստանից պոկել հնարավոր կլինի միայն մի դեպքում՝ եթե Հայաստանում իշխանության գա մեկը, ով կհամաձայնվի կատարել Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները (որովհետև Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, ընդ որում՝ բացառապես ադրբեջանական պատկերացումներով)։

Այդպիսով՝ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար Հայաստանի գործող իշխանություններն անընդունելի էին։ Ընդ որում՝ Արևմուտքն ավելի արմատական լուծումների կողմնակից էր, իսկ Ռուսաստանին ձեռնտու էին կոսմետիկ փոփոխությունները, օրինակ՝ «անվստահելի» Սերժ Սարգսյանին «հարյուր տոկոսանոց յուրային» Կարեն Կարապետյանով փոխարինելը։ Բայց Սերժ Սարգսյանն այս հարցում ևս փորձեց «քցել» ռուսներին։ Բանն այն է, որ ինչ-որ պահի, երբ Հովիկ Աբրահամյանը համարյա ուժով հասավ վարչապետի պաշտոնին, Սերժ Սարգսյանի դիրքերը բավականին թուլացել էին, բայց նա կարողացավ հանգուցալուծել իրավիճակը՝ վարչապետ նշանակելով Կարեն Կարապետյանին և Մոսկվային ակնարկելով կամ խոստանալով, որ երկու տարի անց հենց նա էլ փոխարինելու է իրեն Հայաստանի ղեկավարի պաշտոնում։ Բայց հետո «փոշմանեց», իսկ արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանը զարմանալիորեն անտարբեր դիրքորոշում որդեգրեց Հայաստանում տեղի ունեցող ակնհայտորեն «գունավոր» գործընթացների նկատմամբ։

Մի խոսքով՝ Հայաստանի արտաքին-քաղաքական վայրիվերումները ստեղծեցին մի վիճակ, երբ դրսի համարյա բոլոր ազդեցիկ կենտրոններին ձեռնտու էր Հայաստանի անվստահելի ու հեղհեղուկ իշխանությունների հեռացումը։ Այլ հարց էր, թե իշխանափոխությունից հետո ո՞ր ազդեցիկ կենտրոնի դրածոն կդառնա վարչապետ։ 

Հաղթեց «արևմտյան խաղադրույքը», իսկ թե դրածոն հետագայում ինչ պատուհասներ կբերի Հայաստանի գլխին՝ դրսի ուժերին առանձնապես չէր հետաքրքրում։ 

Մարկ Նշանյան

Շարունակելի

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ