...

Ջրի երեսին լողացող Բուռնաշը

Ջրի երեսին լողացող Բուռնաշը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը, նույն ինքը՝ Դերժավայի Արկադը, հայտնվել է իրավապահների թիրախում: Դատախազությունը Համբարձումյանին մեղադրանք է առաջադրել ավելի քան 350 մլն դրամ արժողությամբ գույք չհայտարարագրելու և 211 մլն դրամի հարկեր, տուրքեր չվճարելու համար: Այս մասին գրել է «Հրապարակը», որը Համբարձումյանին չի կարողացել գտնել ու պարզաբանումներ լսել, փոխարենը զրուցել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ։ Հարցազրույցից հարցուպատասխանի մի քանի կտոր ենք առանձնացրել․ 

-    Դուք նախկինների գործարար թևից էիք, ինքներդ մտահոգություն չունե՞ք, որ իշխանությունը կարող է Ձեզ էլ անդրադառնալ, փորձել վերադարձնել նախկին թալանը, թե՞ Դուք իրենց գովում եք, Ձեր երբեմնի ընկերներին քննադատում, դրա համար էլ Ձեզ չեն նեղում: 

- Ես մտահոգություններ չունեմ, որովհետև ես իմ հարկերս միշտ մուծել եմ: Երևի հիմա են բացահայտել, ու դրա համար էլ հիմա է գործ հարուցվել: Ըտենց բան չկա, որ իրանք չէին ուզում անել, նոր են սկսել անել: Ես ոչ մեկին ո՛չ գովում եմ, ո՛չ էլ, քննադատելը՝ հա, քննադատում եմ: Հիմի մարդիկ սխալվել են, չասե՞ս երեսներին, որ սխալվել են: Պետությունը լավ պահելու փոխարեն թալանել տարել են, հարկերն էլ չեն մուծել, ի՞նչ է՝ չզբաղվե՞ն իրենցով: 

- Դուք էլ էիք այդ թալանչիների թիմի մաս կազմում: 

- Ես չեմ թալանել, ես ասում եմ՝ բարեխղճորեն մուծել եմ բոլոր հարկերս ու քանի անգամ էլ ասել եմ՝ մի թալանեք: 

- Ո՞ւմ եք ասել:

- 2010 թվականից, որ ես պայքարում էի, դուք ո՞ւր էիք, ես 10 թվից իրենց երեսներին ասում էի: 

-  Նախկին կարկառուններից մեկը՝ Գալուստ Գրիգորիչը, ձեր կնոջ եղբայրն է, իրենք է՞լ են թալանչի:

- Հետո՞ ինչ, ինչ քաք կերել են՝ թող գնան մարսեն: 

- Իսկ նախկին թալանչիներից ո՞ւմ անունը կարող եք տալ, ո՞ւմ գիտեք, որ թալանել է: 

- Առաջինից սկսած մինչև վերջինը: 

- Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք: 

- Բա էլ ո՞ւմ: 

Եթե տեսած լինեիք Բուռնաշի շառագունող դեմքը, երբ նա Սերժ Սարգսյանին էր տեսնում, հաստատապես կմտածեիք, որ մարդը պարզապես հիշողությունն է կորցրել։ Իսկ նա շառագունում էր, փոքրանում-կռանում էր։ Բայց Սերժ Սարգսյանը սիրում էր այդպիսիներին, նրանց համար միշտ տեղ էր պահում իր իսկ կողմից կազմվող նախընտրական կուսակցական ցուցակներում։ Բուռնաշը Գալուստ Գրիգորիչից էլ էր «մրսում»։ Ամեն անգամ, երբ նա հերթական շիշը դատարկելուց հետո ճոճվելով անցնում էր ԱԺ միջանցքներով՝ փորձելով հասնել նիստերի դահլիճ, օգնականներին ու «թալանչի» ընկերներին խնդրում էր դարանակալել ու հետևել՝ հո Գալուստ Գրիգորիչը մոտակայքում չէ՞։  Եթե մոտակայքում էր լինում՝ հետ էր շրջվում ու անէանում էր ԱԺ միջանցքներում։ Բուռնաշը դիրքավորվել էր Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի ստվերում։ Նրա մտերմագույնն էր։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև Լևոն Սարգսյանը Սերժ Սարգսյանի ամենասիրելի «տղան էր»։ Ալրաղացի սերն էլ փոխադարձ ու այնքան մեծ էր, որ նա իր զավակներից մեկին կնքեց Սերժ անունով, որպեսզի տանն էլ Սերժ Սարգսյան ունենա։ Եվ ահա Բուռնաշը ողջ օրը պատիվ էր տալիս Ալրաղացի Լյովին։ Ստադիոնի բոլոր լույսերը երբ վառ էին լինում, նշանակում էր՝ հարուստները զվարճանում են։ Ֆուտբոլ չկար։ Բայց մարզադաշտի խոտի վրա սեղաններ էին բացվում՝ Բուռնաշը ստադիոնի մեջտեղում՝ խոտածածկույթի կենտրոնական հատվածում, պատիվ էր տալիս Ալրաղացի Լյովին, իսկ ստադիոնի լույսերը մերկապարուհիներին մթին տեսանելի դարձնելու համար էին։ Զզվելի ժամանակներ էին։ Հիմա էլ ջրերը չեն զուլալվել, որովհետև կեղտը կամ Բուռնաշի ասած քաքը թեթևորեն լողում է ջրի մակերեսին։ Բուռնաշն էլ ջրի մակերեսին է։ 

Գոհար Վեզիրյան  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ